ԿարևորՔաղաքական

ԵՄ-ն հանձնառու է խորացնել համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, սերտորեն աշխատել լարվածության հաղթահարման ուղղությամբ. Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հյուրընկալել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ երկու երկրների հետ ԵՄ հարաբերությունների զարգացման և Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ քննարկումները շարունակելու համար։

ԵՄ Խորհրդի նախագահը վերահաստատել է ԵՄ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ սերտորեն աշխատելու լարվածությունը հաղթահարելու և Հարավային Կովկասում ապահով, կայուն, խաղաղ և բարգավաճ կյանքի ապահովման համար՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց:

Ղեկավարներն ամփոփել են 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում իրենց վերջին հանդիպումից և 2022 թվականի փետրվարին նախագահ Մակրոնի հետ իրենց տեսակոնֆերանսից հետո տեղի ունեցած զարգացումները:

Նրանք վերանայել են ստանձնած պարտավորությունների կատարման առաջընթացը, քննարկել են վերջին լարվածության աճը և վերահաստատել 2020 թվականի նոյեմբերի 9/10 եռակողմ հայտարարության դրույթներին լիովին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։

Նախագահ Միշելն ընդգծել է երկու կողմերի մարդասիրական քայլերի կարևորությունը վստահության և խաղաղ գոյակցության խթանման համար։ Նա ընդգծել է բոլոր հումանիտար խնդիրների ամբողջական և արագ լուծման անհրաժեշտությունը, ներառյալ ռազմագերիների ազատ արձակումը և անհետ կորածների հիմնախնդրի համակողմանի լուծումը, և հայտարարել, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ նախաձեռնությանը:

ԵՄ-ն նաև կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին, ինչպես նաև մարդասիրական ականազերծման ջանքերին, այդ թվում՝ շարունակելով փորձագիտական ​​խորհրդատվություն տրամադրել և ավելացնել ֆինանսական օգնությունը հակամարտությունից տուժած բնակչությանը և վերականգնողական աշխատանքներին։

Նախագահ Միշելը նշել է և՛ նախագահ Ալիևի, և՛ վարչապետ Փաշինյանի հայտարարած ցանկությունը՝ սկսել երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը։ Այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին գործերի նախարարներին հանձնարարել աշխատել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա, որը կներառի բոլոր անհրաժեշտ խնդիրները։

Երկկողմանի սահմանագծումը և սահմանազատումը կարևոր նշանակություն կունենա. այդ նպատակով, համաձայն Սոչիի 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարության, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև մինչև ապրիլի վերջ հրավիրել սահմանային համատեղ հանձնաժողով։

Համատեղ սահմանային հանձնաժողովի մանդատով սահմանազատվելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը և
ապահովվելու է կայուն անվտանգություն սահմանագծի երկայնքով և մերձակայքում:

Նախագահ Միշելը նաև ընդգծել է, որ ուժերի համապատասխան հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման և լարվածության նվազեցման էական տարր է։ Նախագահ Միշելը վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ տրամադրելու խորհրդատվություն և աջակցություն:

Ղեկավարները քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների և ենթակառուցվածքի վերականգնման հարցը։ Նախագահ Միշելը ողջունել է երկաթուղային գծերի վերականգնմանն ուղղված քայլերը՝ միաժամանակ խրախուսելով Հայաստանին և Ադրբեջանին գտնել արդյունավետ լուծումներ ճանապարհային հաղորդակցության վերականգնման համար։

Առաջնորդները պայմանավորվել են հետևել հանդիպման արդյունքներին և շարունակել փոխգործակցությունը։

Back to top button