ԿարևորՏնտեսական

Ընդերքօգտագործողի իրավունքները պաշտպանող նախագիծն ԱԺ-ում է

«Ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններ առաջարկող նախագիծն այսօր քննարկվել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ Ընդերքօգտագործողի աշխատանքը խաթարող բնական աղետների շարքին նախագծով  ավելանում են նաև անհնազանդության ակցիաները։ Եվ եթե դրանք խանգարել են ընդերքի շահագործման ընթացքին, ընդերքօգտագործողի աշխատանքների ժամկետները երկարաձգվելու են առավելագույնն այդ հանգամանքի գործողության ժամկետով՝ առանց նոր փորձաքննության։

Հրդեհներ, ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պայթյուններ, պատերազմ, ահաբեկչություն, նոր նախագծով՝ նաև քաղաքացիական զանգվածային անհնազանդություններ։ Սրանք այն հանգամանքներն են, որոնք ընդերքօգտագործողը չի կարող կանխատեսել կամ կանխարգելել, և դրանց հետևանքով կարող են չկատարվել, կամ անպատշաճ ձևով կատարվել ընդերքը օգտագործողի՝ օրենսգրքով սահմանված պարտավորությունները։ «Ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխությունների նախագիծը Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում ներկայացնում էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը․

«Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ իրականացնել «Ընդերքի մասին» օրենսգրքում, կարգավորել մի քանի կարևոր եզրույթներ, որոնք վերաբերում են ընդերքօգտագործման իրավունքի փոխանցմանը։ Դրանք մինչև այժմ կարգավորված չեն եղել։ Ամենակարևոր ուղղություններից է այն, որ կարգավորում ենք անհաղթահարելի ուժի հետ կապված խնդիրները և դրույթներ ենք սահմանում «Ընդերքի մասին» օրենսգրքում։ Ցույց ենք տալիս, թե որն է իրենից ներկայացնում անհաղթահարելի ուժ և ինչպես պետք է կարգավորել անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում ընդերքօգտագործման իրավունք ունեցող կազմակերպության և պետության իրավահարաբերությունները»։

Չնայած նախագիծը երկու ամսով հետաձգելու մի քանի փորձերին, հարցի քննարկումը, այնուամենայնիվ, տեղի ունեցավ․ հանդարտ, բայց սուր դիտարկումներով։ Իշխող ուժը ներկայացնող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին անհանգստացրեց ոչ այնքան «քաղաքացիական անհնազանդություն», որքան  «քաղաքացիական պատերազմ» կապակցությունը՝ նույնօրենքի նախագծից։ Լսենք պատգամավոր Հովիկ Աղազարյանի և փոխնախարար Հովհաննես Հարությունյանի երկխոսությունից մի հատված․

Հ Հ«Քաղաքացիական պատերազմի մասով պետք է ասեմ, որ դա իրավաբանների կողմից առաջարկված տերմին էր, որը մենք ներառել ենք։ Եթե կան դիտարկումներ, կարող ենք քննարկել»։

Հ Ա«Ես, օրինակ, առաջարկում եմ հանել դա։ Ի՞նչ քաղաքացիական պատերազմ, ի՞նչ մեսինջներ ենք տալիս»։

ՀՀ «Մենք հանքարդյունաբերողին տալիս ենք հստակ երաշխիքներ, որ ապահովագրում ենք իրեն՝ իր կողմից ներդրումների իրականացման և իր շահույթը ստանալու մասով, որ իր պլանավորված գործունեությունը չի խաթարվի»։

Իսկ այս հակիրճ դիտարկոււմը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանինն է․

«Ինչ-որ մի բան ինձ հուշում է, որ մեկ տնտեսվարողի հիման վրա եք Դուք այս նախագիծը բերել։ Չեմ ուզում բարձրաձայնել՝ ով է այդ տնտեսվարողը»։

«Որպես Ազգային ժողովի պատգամավորներ, մենք պատշաճ հետաքրքրություն ցույց չեն տվել այս նախագծի նկատմամբ, և նախագիծը հետաձգելու բավարար պատճառներ ես՝ ինքս, այս պահին չեմ տեսնում»,-ասաց իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ խնդրահարույց կետերը կարող են քննարկել առանձին աշխատանքային ձևաչափով.

«Նախագիծը, տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից, որևէ խնդիր չունի։ Մեր իրավաբանական վարչությունը նշել է, որ իրավական որոշակիության հետ կապված խնդիրներ կան։ Եթե նշում եք, որ այդ բոլորը դուք ուսումնասիրել եք և արձագանքել եք, կխնդրեմ մինչև երկրորդ ընթերցումը (եթե իհարկե առաջին ընթերցմամբ անցնի) լրացուցիչ մեր իրավաբանների հետ աշխատեք, որպեսզի այդ առումով մեզ համար էլ հստակ լինի»։  

Փոփոխությունների նախագծում սահմանվում են նաև ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման կարգավորումները։ Գործառույթներն իրականացնելիս՝ ընդերքօգտագործողի համար նախկին կարգավորումները բավական լուրջ խնդիրներ էին առաջացնում,– ասում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը, մինչդեռ քաղհասարակության ներկայացուցիչները ավելի վաղ ուշադրություն էին հրավիրել նախագծին առնչվող մեկ այլ հանգամանքի վրա։ Նրանք պնդում են, որ փոփոխությունները Ամուլսարը շահագործելու իրավունք ստացած «Լիդիան Արմենիան» ընկերության համար են արվում, կառավարությունը հարցը դիտարկում է պետության՝ համընդհանուր պարտավորությունների շրջանակում՝ շեշտադրելով նաև ռեֆորմների դրական ազդեցությունը ապագայի համար։ Նախագիծը ԱԺ լիագումար նիստում կքննարկվի գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ։

Back to top button