Վերնատուն

Երկրի ապագան ձևավորում է բալետային թատրոնի խաղացանկը․ «Վերնատուն»

Օրերս ՀՀ ժողովրդական արտիստ, խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանը նշում էր իր 75-ամյա հոբելյանը։ Խոսելով հոբելյանական թվերի նշանակության, երկրի, մշակույթի, մասնավորապես՝ բալետի զարգացումների մասին՝ Ռուդոլֆ Խառատյանը շատ է կարևորում բալետային թատրոնի խաղացանկը, ասում է՝ «երկրի ապագան հենց խաղացանկն է ձևավորում»։

«Խաղացանկի մեջ պետք է միտքը ազատագրող, էքսպերիմենտալ գործեր լինեն, նաև հայկական, դասական գործեր։ Եվրոպական ամենաբարձր գաղափարների ներկայացումները, հանդիսատեսի ենթագիտակցության մեջ նստելով, ժեստի, ձեռքի, մարմնի մասին գաղափարներն են տալիս, այս ամենը մենք թելադրում ենք խելացի ներկայացումների մեջ։ Մենք մարդկությանը պետք է առաջ տանենք այն գաղափարներով, որոնք ձևավորում է բալետային միտքը, այսինքն՝ ազատ միտքը», – ասում է Խառատյանը։

Ռուդոլֆ Խառատյանն ասում է, որ թատրոնը երկրի փոքր մոդելն է, և խաղացանկը ցույց է տալու՝ ինչպես և դեպի ուր ենք զարգանալու։

«Բալետային ներկայացումը ցույց է տալիս թե վաղը ինչ է լինելու մեզ հետ։ Ներկայացում կա, որ կապվում է մեր քաղաքականության հետ, մեր այսօրվա պարտության հետ»։

Օպերայի և Բալետի թատրոնի ներկայիս վիճակի մասին, ասում է․ «Մեր օպերային թատրոնում ներկայացումները հետ են գնացել։ Բեմադրությունները մեծամասամբ հին են՝ 70- ական թվականների, մենք 21-րդ դարից հետ գնացինք 18, 19-րդ դար»։

Խոսելով բալետային դպրոցների տարբերության մասին՝ Խառատյանը նշում է, որ բալետում կարևոր է ոչ միայն «ինչպես»–ը, այլ նաև՝ «ինչու»–ն ։ Ռուդոլֆ Խառատյանն այսօր դասավանդում է Կինոյի և թատրոնի ինստիտուտում, աշխատում է շուրջ 40 ուսանողի հետ և ուրախանում է նրանց հաջողություններով։ «Ես զգում եմ, որ ազատագրում եմ նրանց միտքը», – ասում է խորեոգրաֆը։

Back to top button