ԿարևորՀասարակություն

Ովքե՞ր են Հայաստանին Յամեինիյա անվանում

Աստղիկ Փիլիպոսյան
«Ռադիոլուր»-ի համար

«Նիհաո, խուանյինգ նի լաի դաո Յամեինիյա- 你好,欢迎你来到 亚美尼亚 ». սա այն արտահայտությունն է, որով կարող ենք ողջունել Հայաստան ժամանող չին զբոսաշրջիկներին: 

Եթե առաջին բառը՝ «նիհաո»-ն, տարածված է և «բարև» է նշանակում, վերջինը՝ «Յամեինիյա», ծանոթ կթվա, բայց դժվար թե կռահենք:

Չինարենը տառերի փոխարեն վանկերից է բաղկացած, ուստի մեր «Արմենիա» անվան փոխարեն նրանք իրենց «Յա-մեի-նի-յա» վանկերն են հարմարեցրել:

Չինարենը բա՞րդ լեզու է.

2008 թվականից Երևանում գործող Կոնֆուցիոսի ինստիտուտում անգամ 3 տարեկան փոքրիկներ են սովորում:

Դասագրքերը գալիս են Պեկինից, ուսուցիչները՝ Չինաստանի տարբեր նահանգներից:

Կոնֆուցիոսի ինստիտուտի ուսումնական մասի համակարգող Լիլիթ Հակոբյանը խորհուրդ է տալիս չվախենալ առաջին հայացքից բարդ թվացող այս լեզվից։

«Ըստ իս՝ չինարենը բավականին փիլիսոփայական լեզու է: Շատ հաճախ դպրոցում աշակերտները ասում են. «Վա՜յ ընկեր Հակոբյան, սմայլիկի է նման»: Ասում ես՝ ի՞նչ սմայլիկ, սա տառ է, բայց ինքը մի ամբողջ վանկ է: Երբ սկսում ես մասնիկներով բացատրել, թե այդ հիերոգլիֆը որտեղից է ստեղծվել, ավելի հեշտ է ստացվում սովորելը»:

Որքան տարբեր, այնքան էլ նման

Չինարեն սովորել ցանկացողների համար Լիլիթ Հակոբյանը բացահայտում է ևս մի գաղտնիք, — «մի լավ նմանություն ունենք՝ մեր հնչյունային համակարգի նմանությունը: Դա մեզ թույլ է տալիս բավականին հեշտ յուրացնել արտասանությունը: Ռուսները, երբ պետք է արտասանեն «հ»-ն, «ճ»-ն կամ «ձ»-ն, իրենց մոտ այլ կերպ է հնչում, իսկ մեզ՝ հայերիս, դա բավական հեշտ է տրվում, դրա համար մենք ավելի մաքուր ենք խոսում»:

Որքա՞ն է տևում շոկը.

«Մոտ կես տարի պետք է կամաց-կամաց ընտելանալ լեզվին: Օրինակ եթե ուսուցիչդ չինացի է, այդ շոկը ավելի մեծ է լինում: Իրենք իրենց վարվելակերպով, իրենց լեզվով և ամեն ինչով տարբերվում են մեզանից: Երբ մենք հայերենում ասում ենք  «ապուրը ուտել», չինացիները ասում են «ապուրը խմել»: Երբ ասում ենք «դեղ խմել», չինացիները ասում են «դեղը ուտել»: Շատ հետաքրքիր լեզվական տարբերություններ կան»,- նշում է Լիլիթ Հակոբյանը: Նա մանրամասնում է, որ հին աշխարհից եկած այդ բազմամարդ երկրում մինչ այժմ էլ գլխավոր դեղամիջոցը ավանդական թանձրուկներն են, ուստի եթե մտաբերենք սա, դեղը չինարենում ոչ թե կխմենք, այլ կուտենք:

Չինացին մեր մասին

Խուա Յուֆեյը Հայաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտի ուսուցիչ է դարձել 2 տարի Ռուսաստանի համանուն ԲՈՒՀ-ում դասավանդելուց հետո: Նրա կողմից ռուս և հայ ուսանողների կարողությունների համեմատությունը հօգուտ հայերի է:

«Ըստ իս, հայերը խելացի են և բնավորությամբ ավելի ընկերասեր: Չինարենի նոր գիտելիքները շատ արագ են յուրացնում: Չինարեն խոսելիս մի փոքր ակցենտ հայ սովորողների մոտ իհարկե զգացվում է, բայց նրանք մեծամասամբ շատ պարզ են խոսում»:

Երգեցիկ ու պատկերավոր

2009թ.-ի 20 ուսանողի փոխարեն Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտն այժմ տարեկան ունի շուրջ 300 ուսանող: Չինաստանի Դալիանի համալսարանում ուսումը շարունակած Էլեն Կարապետյանն ասում է, որ դժվարն առաջին տարին է: Հիերոգլիֆների որոշակի քանակ յուրացնելուց հետո չինարեն սովորելն ավելի հեշտ է, քանի որ այն ունի ոչ բարդ քերականություն:

«Չինարենի հիերոգլիֆների գրությունը նման է արվեստի: Դու պետք է զգաս հիերոգլիֆները ու կարողանաս հասկանալ թե որ մասնիկը ինչից հետո պետք է գրել: Հիերոգլիֆները նկարների են նման, տոնայնությունը՝ երաժշտության: Պետք չէ վախենալ չինարենից՝ սովորել հնարավոր է, մշակույթը շա՜տ հետաքրքիր»,-պատմում է Էլենը և երգեցիկ չինարենով ներկայացնում ինքն իրեն. «Դա ծիա հաո, վո  շը  Այլուն -Բարև բոլորին, ես Այլունն եմ»:

Մի փոքր ճանաչենք

1958թ.-ին Չինաստանն աշխարհին հասկանալի դառնալու համար բարեփոխեց լեզուն. հիերոգլիֆների բարդ մասնիկները պակասեցին, ներդրվեց դրանց հնչողությունն արտահայտող լատինատառ համակարգ:

Այժմ աշխարհի մի շարք երկրներում գործող Կոնֆուցիոսի ինստիտուտներում ոչ թե մեծ փիլիսոփայի ժամանակների, այլ «պարզեցված» չինարեն է դասավանդվում:

Դրա համար մեր երկրի անունը հայ սովորողները նախ լատինատառ Yà mĕi ní yà, հետո նոր՝ 亚美尼亚հիերոգլիֆներով են սովորում: Լեզվի հնչերանգները փոխանցելու համար էլ լատինատառի վերևում տոնայնությունը հուշող 4 նշաններ կան՝ տոնը վերև, տոնը ներքև, ձգվող ու ելևեջող: 

Վերջում հանելուկ դարձյալ մեր տեղանունների մասին. Հայաստանի Հանրապետության ո՞ր քաղաքին են չինացիները Աի լի վըն  ( Āi lǐ wēn ) անվանում:

Back to top button