

Ինչպես ասել է Վիլյամ Սարոյանը՝ երբ երկու հայ հանդիպեն աշխարհի որևէ մի վայրում, տեսե՛ք, թե ինչպես են ստեղծելու նոր Հայաստան։ Սա եղավ նաև Չինաստանի պարագայում։
21-րդ դարի սկզբին Չինաստանում բնակվող հայերի թվակազմում նկատվում է զգալի աճ, որը պայմանավորված է ինչպես Չինաստանի վարած տնտեսական քաղաքականությամբ, այնպես էլ ՀՀ տնտեսական ոչ բարենպաստ պայմաններով։
Հայ-չինական տնտեսական հարաբերությունների զարգացման հետ մեկտեղ մինչ այդ հայկական միջավայրում խորհրդավոր և հեռավոր թվացող Չինաստանը կամաց-կամաց ճանաչելի է դառնում Հայաստանում ապրող հայությանը, և հակառակը։





Ներկա ժամանակաշրջանում Չինաստանում ապրող և աշխատող հայերի թիվը գնալով աճում է, որի շնորհիվ Չինաստանի փոքրաթիվ հայկական համայնքը համալրվում է նոր անդամներով։
«Սփյուռքի ձայն» հաղորդաշարի միջոցով Չինահայ համայնքն են ներկայացնում տարբեր ժամանակաշրջաններում Չինաստանում բնակություն հաստատած և ամենատարբեր ոլորտներում գործունեություն ծավալած մեր հայրենակիցները՝ լեզվաբան, ուսուցիչ Գարիկ Մկրտչյանը, համայնքային գործիչ Միհրան Փափազյանը և գործարար, տնտեսագետ Սարգիս Գևորգյանը։