ԿարևորՀասարակություն

Դասական համերգ՝ նվիրված հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակին

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ  Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը  կայացել է համերգ և լուսանկարչական ցուցահանդես նվիրված հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակին: 2022-ը հոբելյանական տարի է, ուղիղ 30 տարի առաջ՝ 1992թ-ին, Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ Այս տարիների ընթացքում Ռուսաստանը դարձել է Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերը։ Դինամիկ կերպով զարգանում է Հայաստանի հետ համագործակցությունը և՛ հումանիտար և այլ ոլորտներում։ 

Այս տարի լրանում է նաև երկու երկրների միջև «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի ստորագրման 25-ամյակը։

«Վերջին 30 տարիների ընթացքում մեր հարաբերությունների բոլոր ոլորտներում մեծ և կարևոր դրական փոփոխություններ կան:  Մենք սերտորեն փոխկապակցված ենք, ռազմավարական գործընկերներ ենք և մասնակցում ենք նույն ինտեգրացիոն միավորումներին։  Իսկապես, շատ սերտ հարաբերություններ են կապում Ռուսաստանին և Հայաստանին», — ասել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Հայ — ռուսական հարաբերությունները, պահպանելով իրենց դարավոր ավանդական բարեկամական բնույթը, այսօր էլ զարգանում են ոչ միայն քաղաքական և տնտեսական ուղղություններով, այլև մշակույթի և արվեստի ոլորտներում, և այս միջոցառումը դրա վառ վկայություններից մեկն է: Ավելորդ է ասել, որ երկու ժողովուրդների մշակութային կապերը  հարյուրամյակների պատմություն ունեն և հիմա էլ զարգանում են ժամանակի մարտահրավերներին համահունչ», — նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: 

«Այս տարի Հայաստանի անկախ Հանրապետությունը նշում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Երկու երկրների բարեկամական և եղբայրական հարաբերություններն ունեն բազմադարյա պատմություն։ Այդ հարաբերություններն, որոնք ակտիվորեն զարգանում են,  ընդգրկում են բոլոր ոլորտները՝ անվտանգությունից մինչև մշակույթ, կրթությունից մինչև տնտեսություն։ Հուսով ենք, որ այս տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների շրջանակում ձեռք բերված ցուցանիշները կավելանան», — նշել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Համերգի աջակիցներն են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը, ԿԳՄՍ նախարարությունը և Մոսկվայի կառավարությունը:

Երաժշտական ծրագիրը ներառում էր  Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Սերգեյ Ռախմանինովի, Գեորգի Սարաջևի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները: 

Երաժիշտներ Արմինե Գրիգորյանի (դաշնակահար), Սոնա Բարսեղյանի (դաշնակահար), Կարեն Շահգալդյանի (ջութակ), Արծվիկ Դեմուրչյանի (սոպրանո), Հայկ Տիգրանյանի(բարիտոն) կատարմամբ հնչել են անմահ ստեղծագործությունները: 

Ցուցահանդեսին ներկայացված էին արխիվային բացառիկ փաստաթղթեր, հոդվածներ և հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների պատմությանն առնչվող տարբեր հիշարժան լուսանկարներ Հայաստանի ազգային արխիվի, հայկական «Արմենպրես» և ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունների արխիվից:

Back to top button