Գերդաստաններ

Մուրադյաններ՝ բալետի և կինոյի վարպետները․ «Գերդաստաններ»

1915 թ․-ին փաստաբան Մուրադ Մուրադյանի ու Մարիամ Մուշյանի ընտանիքը Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգից տեղափոխվեց Սիրիայի Հալեպ քաղաք։

Այստեղ նրանց 8-ամյա որդին՝ Էդուարդը, սկսեց սովորել Հայկազյան ճեմարանում, որտեղ նրան դասավանդում էին Երուխանը, Տիրան Կառվարենցն ու Բարսեղ Կանաչյանը։ Իր ուսուցիչների, իր ուշիմության շնորհիվ նա դարձավ իրական արտիստ։

Հալեպում գործող թատերախմբում՝ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» ներկայացման մեջ Էդուարդին վստահվեց Շեյլոքի դերը։ Այդ դերը մեծ հետաքրքրություն առաջացրեց երիտասարդ դերասանի նկատմամբ։ 1920 թվականին Մուրադյանները տեղափոխվեցին Խորհրդային Հայաստան։

Էդուարդ Մուրադյանը նկարահանվել է «Մորգանի խնամին», «Չախ-չախ թագավոր» և «Վերադարձ» ֆիլմերում։ Էդուարդ Մուրադյանի եղբայրը բալետի հայտնի արտիստ և բալետմայստեր, արվեստի վաստակավոր գործիչ Զարեհ Մուրադյանն էր, որը հանդես է եկել բազմաթիվ ներկայացումներում՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգին»-ում և «Կարապի լիճ»-ում, Բիզեի «Կարմեն»-ում, Արամ Խաչատրյանի «Գայանե»-ում։ Նա բեմադրել է նաև բալետային մի շարք ներկայացումներ՝ «Դոն Կիխոտ», «Խանդութ» և այլն։

Զարեհ Մուրադյանի դուստրը՝ Ժաննա Մուրադյանը, 1970-ական թվականներին մի քանի նկատելի դերապարերով հանդես է եկել մեր օպերային թատրոնում։ 90-ականներին մեկնել է Հայաստանից, քանի որ այդ տարիներին բալետային ներկայացումներ գրեթեն չէին բեմադրվում։ Հայաստանից մեկնելուց հետո, ընդունվել է Խարկովի թատրոն, այնուհետև Տոկիոյում բալետ է դասավանդել։

Նրա դուստրը՝ Վիկտորիա Անանյան-Մուրադյանը, բարձրակարգ մենապարուհի է, աշխատել է Սան Ֆրանցիսկոյի, Ամստերդամի թատրոններում։ Եղբայրը, որը վաղաժամ մահացավ, պարել է Սեուլում։ Ժաննա Մուրադյանն այսօր թոշակի է անցել և ապրում է դստեր հետ։

Այս գերդաստանից էր նաև լուսանկարիչ Տիրանը, որին «Ֆոտո Տիրան» էին անվանում։ Գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը հանրությանը հայտնի է բազմաթիվ հետաքրքիր հոդվածներով, կարճամետրաժ, խաղարկային ֆիլմերով, հատկապես երիտասարդության շրջանում մեծ հետաքրքրություն առաջացնող ութ գրքերով։

Նրա զրույցներում յուրաքանչյուրը կարող է հաղորդակից լինել նաև յուրօրինակ փիլիսոփայական մեկնաբանությունների։ Դավիթ Մուրադյանի դուստրը «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպության հիմնադիր ղեկավար Սեդա Մուրադյանն է, որդին՝ դերասան Արմեն Մուրադյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button