ԿարևորՀասարակություն

Նվազագույն աշխատավարձի բարձրացումը` դարձյալ քննարկման թեմա ԱԺ-ում

Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր նորից քննարկվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի նախագիծը՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին։ Մեկ անգամ այս նախագիծը խորհրդարանն արդեն մերժել է։ Պատգամավորն առաջարկում է նվազագույն աշխատավարձը 68000 դրամից դարձնել 80000 հազար դրամ, ավելի վաղ ներկայացված տարբերակում 80․000-ի փոխարեն պատգամավորն առաջարկում էր նվազագույն աշխատավարձը դարձնել 100․000։

Նվազագույն աշխատավարձը՝ մոտեցնել սպառողական զամբյուղի արժեքին ու թեթևացնել հազարավոր մարդկանց սոցիալական խնդիրները․առաջարկությունը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանինն է։ «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն առաջարկող նրա նախագծում սահմանվում է 100․000 նվազագույն աշխատավարձ՝ գործող 68000 դրամի փոխարեն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում Աղվան Վարդանյանն առաջարկությունն այսպես հիմնավորեց․

«Վերջին 2-3 տարիներին ունենք գնաճի բավական բարձր ցուցանիշներ, ունենք գնաճ հիմնական ապրանքների գծով՝ ջուր, գազ, հոսանք։ Ակնհայտ է, եթե մենք սահմանադրությամբ ամրագրված սոցիալական պետություն ենք, պարտավոր ենք իբրև Ազգային ժողով, իբրև պատգամավորներ, մտածել մեր տասնյակ և հարյուր հազարավոր քաղաքացիների մասին, որոնց գնողունակությունը կտրուկ անկում է ապրել»։

Նման մի նախագիծ Աղվան Վարդանյանը ներկայացրել էր տարվա սկզբին, առաջարկում էր նվազագույն 68․0000 դրամը 100․000։ Իշխանությունը նախագծին դեմ էր՝ հիմնավորմամբ, որ  այն ընդունելու դեպքում պատգամավորների և մյուս պաշտոնյաների աշխատավարձը նվազագույն աշխատավարձից ավելի շատ կբարձրանա։

Նման մտահոգություն այս անգամ հայտնեց հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը։ Նա Աղվան Վարդանյանին հարցրեց՝ ինչու՞ է  նախագծով կարգավորվում միայն մասնավոր ոլորտը, ինչու՞ չի փոխվում նաև բազային աշխատավարձը։ Լսենք հարցուպատասխանը․

Հերիքնազ Տիգրանյան․ «Բայց այս կարգավորմամբ, մենք միայն, ըստ էության, մասնավոր հատվածի նվազագույն աշխատավարձի վրա ենք դրականորեն ազդում, իսկ հանրային ծառայության աշխատավարձերը կապված են բազային աշխատավարձի հետ և սրանով բազային աշխատավարձի փոփոխություն չի ենթադրվում։ Ճի՞շտ ենք հասկանում»։

Աղվան Վարդանյան․«Նվազագույն աշխատավարձի օրենքի փոփոխությունները մեր  անկախ պատմության ընթացքում եղել են։ Կառավարությունն արդեն կատարել է սրանից բխող համապատասխան փոփոխություններ նաև հանրային ծառայողների աշխատավարձում։ Ես երբեք չեմ հիշում, որ այս երկու օրենքները դրված լինեն համատեղ քննարկման»։

Նվազագույն աշխատավարձի բարձրացումը պետք է ուղեկցվի համապատասխան տնտեսական զարգացմամբ, իսկ նախագծում չկան հիմնավորումներ՝ ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։ Նշեց, որ չկա նաև  նվազագույն ամսական աշխատավարձի աճի կարճաժամկետ և երկարաժամկետ մակրոտնտեսական ազդեցության և ռիսկերի վերլուծություն, իսկ պետբյուջեի ծախսը, նախագծի ընդունման դեպքում, ըստ կառավարության վերլուծությունների, տարեկան կավելանա շուրջ 99.1 մլրդ դրամով։ Ռուբեն Սարգսյան․

«Հաշվի չեն առնվել երկրի մակրոտնտեսական ցուցանիշները, բացակայում են վերլուծությունները տնտեսական հիմնավորման տեսանկյունից, ներկայացված չէ առաջարկվող փոփոխության ազդեցությունը զբաղվածության, ստվերային տնտեսության, աշխատանքի արդյունավետության և ներուժային ՀՆԱ-ի վրա։ Նախագիծը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի և զբաղվածության մակարդակի չհիմնավորված բարձրացման և ոչ ֆորմալ զբաղվածության աճին»։

Գլխադասային հանձնաժողովը ընդդիմադիր պատգամավորի նախագծին բացասական եզրակացություն տվեց։

Օրակարգի հաջորդ հարցը ներկայացրել էր կառավարությունը։ Փոփոխություններ էին առաջարկվում «Պետական կենսաթոշակների» և «Պետական նպաստների մասին» օրենքներում։ Հիմնական զեկուցողը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն էր։ Գործող կարգավորումներով՝ մարտական գործողությունների հետեւանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված լինելու հիմքով Հիմնադրամից հատուցում ստացող անձը չի կարող միաժամանակ ստանալ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ  կամ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ եւ նշված կենսաթոշակների ստանալու իրավունքին փոխկապակցված՝ պարգեւավճար: Որոշ վերապահումներով՝ ընդդիմադիր  Թադևոս Ավետիսյանը դրական գնահատեց փոփոխությունների փաթեթը․

«Գիտե՞ք, շատ կարևոր նախագիծ է, բավականին դրական փոփոխություններով։ Ինչպե՞ս եք հիմնավորում, որ, օրինակ, այս նախագիծը կառավարությունը հաստատել է չզեկուցվող հարցերի մեջ՝ առանց քննարկման»։

Դավիթ Խաչատրյան․«Ճիշտն ասած՝ չեմ կարող Ձեր հարցին հստակ պատասխանել։ Չգիտեմ, նույնիսկ չեմ էլ հիշում՝ զեկուցվո՞ղ էր, թե՞ ոչ։ Եթե ասում եք՝ չզեկուցվող, ուրեմն, այդպես է եղել։ Բայց թե ինչ պատճառով է վարչապետի աշխատակազմը  կառավարության նիստում որոշել, որ սա չզեկուցվող հարց է, չեմ կարող պատասխանել»։

Ներկայացված փոփոխությունների համաձայն՝ շահառուն կկարողանա Զինծառայողների հիմնադրամից ստանալ հատուցում եւ, միաժամանակ, տարիքային, երկարամյա ծառայության, մասնակի, արտոնյալ աշխատանքային կենսաթոշակներ, երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ, ծերության նպաստ: Իսկ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի/նպաստի իրավունք շահառուն կունենա, եթե այդ կենսաթոշակը կամ նպաստը չի նշանակվում մարտական գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողի գծով։ 

Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթին Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց։

Back to top button