Խոշորացույց

Հետպատերազմյան համախտանիշը` պատերազմող երկրում. «Խոշորացույց»

Պատերազմից հետո զինծառայողների, մարտիկների ու պատերազմի բովով անցածների մասին այլեւս չենք մտածում։ Նրանք վերադարձել են տուն, կամ շարունակում են իրենց ծառայությունը, կամ մնացել են պատերազմական գոտում գտնվող իրենց բնակավայրերում։ Նրանք չեն վիրավորվել, թվում է կոնտուզիա չեն ստացել, բայց պատերազմը, միեւնույն է, նրանց վրա հետեւանքներ թողել է։

Ո՛չ առաջին պատերազմի ժամանակ, ո՛չ էլ հիմա նրանց խնդիրներն արդիական չենք համարում, իրենք էլ չեն ենթադրում, որ մասնագիտական օգնության կարիք ունեն։

Մարիամ Հովսեփյանի հաղորդումը, թե ինչ հոգեբանական դժվարություններ են ունենում պատերազմով անցած զինվորները

Իմ գործընկեր եւ այս հաղորդման համահեղինակ Անի Մինասյանը 44-օրյա պատերազմի ժամանակ ղեկավարում էր Արցախի հանրային ռադիոն։ Իմ խորին համոզմամբ` պատերազմից հետո նա միանգամից մեծացավ, կարծես փոխվեց նրա բնավորությունը, իր կարծիքը հայտնելու մեջ դարձել է ավելի հատու, աշխատանքում` հստակ։

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը նշում է, որ Անիի մոտ հոգեբանական աճ է արձանագրվել, նա կարողանում է ինքնուրույն հաղթահարել պատերազմի հետեւանքները։

Ցավոք, պատերազմով անցածների 40 տոկոսի մոտ դա չի հաջողվում։ Ու այդ մարդկանց նույնպես պետք է համարել պատերազմից տուժած եւ օգնել` հաղթահարելու հետպատերազմյան համախտանիշը։

Հռիփսիմե Հովհաննիսյանի հաղորդումը, թե ինչպես հաշմանդամային սպորտը կարող է օգնել պատերազմի հետեւանքների հաղթահարմանը
  • Ինչպե՞ս կարելի է հաղթահարել հետտրավմատիկ համախտանիշը շարունակվող պատերազմի պայմաններում,
  • եթե պատերազմում վիրավորվում ես, ունենում ես ֆիզիկական խնդիրներ, դրանք ավելի՞ են ծանրացնում համախտանիշը, թե՞ այդ ամենը կախված է մարդու հոգեկերտվածքից,
  • մեր պատմության ընթացքում բազմաթիվ պատերազմներ, հաղթանակներ ու պարտություններ ենք ունեցել։ Դրանք արդյո՞ք ժողովրդի մեջ պատմականորեն ձեւավորում են հետպատերազմյան համախտանիշի նկատմամբ կայունություն, հասարակությունը դառնում է ավելի սթրեսակայուն։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Խոշորացույցի» տաղավարում Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Խաչատուր Գասպարյանի հետ խոսում ենք հետպատերազմյան սինդրոմների եւ դրանց թողած հոգեբանական հետեւանքների մասին։

Back to top button