ԿարևորՄշակույթ

Ցուցահանդես Թեքեյան կենտրոնում՝ 5-85  տարեկանների համար

Հայաստանի երգիծանկարների ասոցիացիայի նախաձեռնությամբ Թեքեյան կենտրոնում բացվել է«ԱԲԳ-ն և ընկերները» խորագրով ցուցահանդես՝  նվիրված երգիծանկարիչ Սամվել Աբգարյանին:  Արվեստագետի՝ տարբեր տարիների նկարներն ու քանդակները պատկերացում են տալիս նրա մտածողության և ոճի մասին։ Ներկայացված են նաև  TOTO-ի, Արզօ-ի, DIZO-ի, Դավիթ Ղազանչյանի և այլոց երգիծանկարները, ինչպես նաև Երևանի մանկապատանեկան  ստեղծագործական քաղաքային կենտրոնի սաների աշխատանքները։

«Նկարիչը  ունենում է վերջին նկար, բայց չի ունենում վերջին ցուցահանդես»։

Զրուցակցիս՝ Հայաստանի երգիծանկարների ասոցիացիայի նախագահ Սուքիաս Թորոսյանի հետ նայում ենք լուսահոգի երգիծանկարիչ Սամվել Աբգարյանի՝ ԱԲԳ –ի  նկարները.

«Ամեն տարի ԱԳԲ– ն մասնակցել է,  օգնել կազմակերպչական հարցերում, ու մենք գտանք, որ նրա  նկարները այսօր պետք է ավելի շատ ցուցադրվեն»։

Թեքեյան կենտրոնում  ներկայացված են արվեստագետի՝ տարբեր տարիների նկարներն ու քանդակները։ Տարիներ առաջ երգիծանկարիչ ԱԲԳ-ն պատմել է․« 90 –ականներին քաղբյուրոյում  Արցախի  հարցն էին քննարկում, ու այն   հեռարձակվում էր   հեռուստատեսությամբ։ Ադրբեջանական ԽՍՀ ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Աբդուրահման Վեզիրովի ելույթից այնքան զայրացա, որ զայրույթս պարպելու մի ձեւ գտա. երկու ծաղրանկար նկարեցի»։

Սամվել Աբգարյանի նկարների գերակշռող մասը՝  քաղաքական սատիրայի ժանրից են։

«Ծաղրանկարներին սկզբում լուրջ չէին վերաբերվում», մի առիթով ասել է նկարիչը։ -«Հաճախ ամսագրի դատարկ էջը լցնելու համար էին ծաղրանկար պատվիրում, դա «ծակ» էջ էր կոչվում։ Հետո ամեն բան փոխվեց, ու ամեն պարբերական իր ծաղրանկարիչն ուներ»։

Սուքիաս Թորոսյանը՝ TOTO–ն, ասում է, որ  շատ երկրներում ծաղրանկարները զսպաշապիկի դերն  են տանում։ Եթե Շառլ Դը Գոլը  առավոտյան  թերթերը կարդալուց չէր տեսնում նոր ծաղրանկար, ենթականերին  ասում էր, որ լավ չեն աշխատել և ուշադրության չեն արժանացել։ Ուշադրությունս գրավում է Տոտոյի մի աշխատանք․ պատկերված են Հայաստանի երեք նախագահների դեմքերը։ Նկարիչը բացատրում է․

«Իհարկե,  նկարիչին չեն հարցնում, թե ի՞նչ եք նկարել։ Ամեն մարդ տեսնում է այն, ինչ ինքն է ուզում, բայց այստեղ մաթեմատիկական հաշվարկ կա։ Լևոն գումարած Ռոբերտ հավասար է Սերժ։ Սա, իհարկե, վաղուցվա նկար է, քանի որ հիմա արդեն նոր դեմքեր են ի հայտ եկել։ Ու ես չգիտեմ՝ գումարա՞ծ, թե՞ հավասար է, քանի որ դեռ չեմ նկարել։ Հնարավոր է՝ լինի բաժանում կամ կոտորակ»։

Տոտոյի  մեկ այլ նկար, դարձյալ քաղական ենթատեքստով, կոչվում է  «Վերջին սելֆի»։

« Գիտենք, որ մորեխները ցորենի արտերը լրիվ ուտում են։ Մինչև ուտելն էլ մի հատ սելֆի են անում։ Հիմա նույնը կարող ենք տեղայնացնել քաղաքական դաշտի վրա»։

Ճանաչված երգիծանկարիչների գործերի կողքին Երևանի մանկապատանեկան  ստեղծագործական քաղաքային կենտրոնի սաների աշխատանքներն են։  Հայաստանի երգիծանկարների ասոցիացիայի նախագահ Սուքիաս Թորոսյանն ասում է, որ  հումորային գրաֆիկա ստեղծելու հարցում երեխաները մեծերից ավելի առաջ են․  նրանց աշխատանքներում կա գաղափար, անկեղծություն, կրակ, որը պակասում է ավագ սերնդին։ Զրուցակիցս հիշեցնում է, որ  1936 թվականին, երբ Ամերիկայում երգիծանկարչությունը զարգանում էր որպես կոմիքսային արվեստ, դառնում հոլիվուդյան անիմացիա կամ մուլտիպլիկացիոն ֆիլմ, հնարավոր եղավ կայսրություններ կառուցել։  Նույն «Մարվելի» կոմիքսները՝ American hero, Superhero և այլն, տպագրում էին բանակի համար, որ զինվորները տեսնեն ու ոգևորվեն։  Դա հետո դարձավ ոճ, մտածելակերպ»։

«Այս համատեքստում երեխաները նոր «լոկոմոտիվ» են թե՛ մշակույթի, թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Իսկ մեր ապագան, ես ոնց նայում եմ, ո՛չ քաղաքական գործիչներն են, ո՛չ  էլ  մշակութային։ Նրանք  խառնվել են իրար, իսկ երեխաներն ազնիվ են»։
Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 7-ը, նկարիչների միությունում։  

Back to top button