ԿարևորՀասարակություն

Ո՞վ է վերահսկում պատերազմից տուժածներին առաջարկվող արդի պրոթեզների արտադրությունը․ պարզվում է՝ ոչ ոք

Վերջին շրջանում բազմաթիվ են հայտարարություններն ու լուրերը, որ այս կամ այն հիմնադրամը կամ կազմակերպությունը նորարարական մեթոդներով կամ այսպես ասած ստարթափերով պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական  պարագաներ են արտադրում եւ դրանք տրամադրում հատկապես պատերազմից տուժած տղաներին։ Սրանք առավելապես բարեգործական ներկայացվող նախաձեռնություններ են։ Միտումն, ինքնին, վատը չէ, միայն թե մտահոգիչ է այն, որ այս նախաձեռնությունների մասին պրոթեզավորման հարցերով քաղաքականությունմշակող մարմինը՝ սոցապնախարարությունը, անգամ տեղյակ էլ չէ։ Սա նշանակում է, որ այս սարքավորում արտադրողները չունեն լիցենզիա, ինչը եւ ռիսկեր է ենթադրում։

Պատերազմի թելադրանքով՝ հատկապես պատերազմից տուժածների համար վերջին շրջանում նորարարական տարբեր մեթոդներով պրոթեզավորման ու օրթոպեդիկ տարբեր սարքեր են ստեղծվում։ Համացանցում միայն վերջին մի քանի ամսում տասնյակ նման արտադրանքների մասին կարելի է կարդալ, այն էլ առանց երկար փնտրտուքների։ Դրանցից մեկն, օրինակ, «Օգնի» կազմակերպությունը, ստորին վերջույթների՝ արհեստական բանականությամբ գործող պրոթեզներ է արտադրում։ Անցյալ մայիսին Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից բացված կազմակերպությունը բարեգործական հիմունքներով հավաքված գումարներով վերականգնողական սարքերն անվճար տրամադրում է հաշմանդամություն ունեցող անձանց։ Այստեղ, պարզվում է, տեղյակ չեն, որ պրոթեզների արտադրության համար նորմեր կան, սոցապում էլ տեղյակ չեն, որ այս ու այսպիսի կազմակերպություններ կան։

Նախարարության կայքում կա այն կազմակերպությունների ցանկը, որոնք ունեն որակավորում և պետպատվերով տրամադրում են պրոթեզաօրթոպեդիկ սարքեր։ «Օգնի» կազմակերպությունն այս ցանկում չկա, սակայն դրա ներկայացուցիչը «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցնում էր, որ իրենք համագործակցել են նախարարության հետ։

«-Դուք ասում եք՝ մենք նախարարության հետ համագործակցում ենք։

-Այո՛

-Բայց դուք ինչպե՞ս եք համագործակցում, որ նախարարությունը ձեր մասին  տեղյակ չէ։

-Մեզ ոչ մի անգամ նման բան չեն ասել , ճիշտն ասած՝ չգիտեի, որ նման հարց կա Հայաստանում։ Մենք իրենց հետ քանի անգամ  հանդիպել ենք, զրուցել ենք։    

-Ձեր մասնագետները որակավորում ունե՞ն։

-Դա ի՞նչ է։ Հա, ստեղի ինժեներներ են։

-Այդ դեպքում ինչպե՞ս նախարարությունը տեղյակ չէ ձեզանից։

-Չգիտեմ, էդ հարցին չեմ կարող պատասխանել»։

Մեկ տարի գործող կազմակերպությունը չունի պետական որակավորում ու դրա համար որևէ պաշտոնական գրությամբ չեն դիմել՝  «Ռադիոլուրին» ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետի տեղակալ Արթուր Կեսոյանը։

«Ներկա պահին որակավորված չեն։ Պետությունից աջակցություն չեն ստանում։ Բանավոր դիմել են մեզ, եթե չեմ սխալվում՝ մեյլով ուղարկել էին՝ թե ինչ են արտադրում, բայց պաշտոնական գրություն, որ որակավորվեն, չունեն»։

Այս կազմակերպությունը միակը չէ։ Դրա կողքին տարբեր նման նախաձեռնություններ էլ կան։ Նախարարությունը, սակայն, չի էլ արգելում նման կազմակերպությունների գործունեությունը, եթե անգամ որակավորում չունեն։ Դրանց արտադրած սարքերի շահագործումն արգելելու գործառույթ չունեն՝ բացատրում են, բայց նախարարության համար նաեւ անհասկանալի է՝ նման կազմակերպությունների շահառուներն ովքեր են։ Իրենց տվյալներով՝ վիրավոր զինվորներին  նման սարքեր տրամադրում են «Զինվորի տունն» ու «ԻՆՏԵՐՕՐԹՈ» ՍՊԸ-ն։ Սոցապից «Ռադիոլուրին» վստահեցնում են՝ 44–օրյա պատերազմից հետո ավելացել է պրոթեզների համար դիմած շահառուների թիվը, բայց նորարարական տեխնոլոգիաներով պրոթեզների ու պրոթեզաօրթոպեդիկ սարքավորումների արտադրությամբ զբաղվող որեւէ կազմակերպություն որակավորման հայտով չի դիմել նախարարություն, իրենք նույնիսկ տեղյակ էլ չեն այդ կազմակերպությունների մասին։ Չգիտեն էլ՝ այս ոլորտի վերահսկողությունն ո՞ւմ դաշտում է։ Իրենց նախարարությունը մոնիթորինգ է իրականացնում միայն որակավորված կազմակերպություններում, այն էլ քաղաքացիների ահազանգերի հիման վրա։ Իսկ այդ բողոքները հիմնականում պրոթեզների տեսակներից են, ասում է զրուցակիցս։

«Բժշկասոցիալական փորձաքննությունը  վերականգնողական անհատական ծրագրերի  հիման վրա քաղաքացիներին նշանակում է այն պրոթեզի  տեսակը, որը որ անհրաժեշտ է։ Այսինքն՝ մասնագետն է նշանակում պրոթեզի տեսակը։ Հիմնականում քաղաքացիները  դժգոհում են տեսակից։ Սակայն ամեն պարագայում մենք հիմնվում ենք մասնագետի նշանակած եզրակացության վրա։ Հակառակ դեպքում այն վտանգ սպառնալ  առողջությանը»։

Առողջապահության նախարարությունը և առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից եւս տեղեկացրին՝ իրենք եւս այստեղ վերահսկողական որևէ գործառույթ չունեն։  Սոցապից փոխանցում են՝ 44–օրյա պատերազմի հետևանքով 2021-ին ՀՀ–ից և Արցախից ֆունկցիոնալ պրոթեզ է ստացել 124 անձ՝ 104–ը ստորին վերջույթի, 20–ը՝ վերին։ Իսկ պրոթեզաօրթոպեդիկ ծառայություն մատուցում է  որակավորված  5-6 կազմակերպություն։ Այս ընթացքում միայն մեկ կազմակերպություն՝ «Զինվորի տուն»-ն է դիմել որակավորման համար։ Այս ոլորտում ստվերային կազմակերպություններ չեն գործում՝ վստահ է պաշտոնյան։

«Այն կազմակերպությունները, որոնք տրամադրում են պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, մենք որպես լիազոր մարմին   պետք է տեղյակ լինենք, որովհետև դա կարող է անհատապես վտանգավոր լինել կյանքի և առողջության համար։ Երբ տվյալ կազմակերպություններն ի հայտ են գալիս և  ցանկանում են սարքեր տրամադրել շահառուներին, տվյալ պարագայում  իրենք դիմում են նախարարություն՝ որակավորում ստանալու համար»։

Մասնագետ–խորհրդատուների առկայություն,  համապատասխան մասնագետներ, վերին և ստորին վերջույթի պրոթեզների տեղադրման և վերանորոգման համար առնվազն մեկ տարվա փորձառություն, մատչելի շենքային պայմաններ՝ տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց սպասարկումն իրականացնելու համար, կազմակերպության կողմից ներկրվող աջակցող միջոցների  և դրանց պատրաստման նյութերի ու դետալների ԻՍՕ ստանդարտներին համապատասխանեցում։ Սրանք այն չափորոշիչներն են, որոնք կազմակերպությունները պետք է ունենան  պրոթեզավորման որակավորում ստանալու համար։  Չունենալու դեպքում մերժվում է նրանց որակավորման հայտը, ասում է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության  հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետի տեղակալ Արթուր Կեսոյանը։

«Եթե չունի, մերժում ենք, իրենց ժամանակ ենք տալիս տվյալ  մերժման հիմքը  բերել այն որակավորման չափանիշերին, որոնք որ պահանջվում են»։

Պրոթեզների, օրթեզների և  հաշմանդամներին մատչելիություն ապահովող այլ սարքերի դետալների արտադրություն Հայաստանում չկա։ Դրանք բոլորն արտերկրից են ներմուծվում։ Ուստի որակի հետ կապված խնդիր չի կարող լինել, ասում է գերատեսչության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետի տեղակալը։ Ինչպես պաշտոնյան է վստահեցնում, այստեղ խախտումներ չեն արձանագրվել։ Այս ոլորտում մեկ խնդիր կա՝ պրոթեզներ պատրաստող մասնագետների պակասն է։ Սակայն նախարարության կողմից որակավորում ստացած կազմակերպությունները փորձում են նաև այս հարցը լուծել, ասում է Արթուր Կեսոյանը։ Մասնագետներին արտերկիր վերապատրաստման ուղարկելուց հետո իրենց մոտ ընդունում են որպես պայամանագրային աշխատող։

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով՝  Հայաստանում պրոթեզավորումը կատարվում է պատշաճ, այլ հարց է, թե  դրա արտադրությունն ինչպես է կազմակերպվում, ովքե՞ր են վերահսկողները։ Վերահսկողությունը պետք է բոլոր պատկան մարմինների ուշադրության կենտրոնում լինի՝ ասում է։

«Սա տարիների ընթացքում ձևավորված լուրջ խնդիր է։ Որակի վերահսկողության մասն ավանդաբար բաց է եղել։ Այստեղ շատ լուրջ աշխատանք պետք է տանել այդ բացը լրացնելու համար»։

Պատերազմից տուժածներին նորարարական պրոթեզներով աջակցելն, անխոս, մարդասիրական կարեւոր քայլ է, միայն թե առանց վերահսկողության գործելը կարող է ծանր հետեւանքներ ունենալ՝ շեշտում է մասնագետը։

Back to top button