ԿարևորՄիջազգային

Մարիուպոլում անհետ կորած ևս 3 հայ է գտնվել․ 100–ին դեռ փնտրում են․ Տեր Նարեկ քահանա Ամիրյան

Ուկրաինայի Դոնեցկի մարզի հայ համայնքում դիմավորում են շրջափակված Մարիուպոլից հումանիտար միջանցքներով դեպի ՌԴ՝ Նովոազովսկ տեղափոխվող հայերին։ Դոնեցկի և Լուգանսկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ամիրյանը «Ռադոլուր»-ի հետ զրույցում պատմում է՝ հաջողվել է գտնել Մարիուպոլում ապրող մի քանի հայի, որոնց հետ պատերազմի սկզբից հարազատները կապը կորցրել էին։ Տեր Նարեկ քահանան պատմում է՝ տեղի հայ համայնքի հետ նաև հումանիտար օգնություն են հավաքում և փոխանցում փախստական ընտանիքներին։

«Կազմակերպել ենք հումանիտար օգնություն հիմնականում Մարիուպոլից տեղահանվածների համար։ Նրանք ապաստանել են տարբեր շտաբերում, ես ամեն օր այցելում եմ, փոխանցում հումանիտար օգնությունը և փնտրում հայերին։ Մեր ձեռքի տակ շուրջ 100 հոգու տվյալներով անհետ կորածների ցուցակ կա, որոնց հարազատները փնտրում են։ Այդ ցուցակը փոխանցել ենք տեղում աշխատող բժիշկներին և փրկարարներին։ Արդյունքում մի քանի օր առաջ հաջողվեց 3 հայի գտնել․ նրանցից մեկը թեթև այրվածքներ ունի, մյուսը՝ ծանր բեկորային վնասվածքներ, մի քանի օր այստեղ կբուժվի և կտեղափոխվի Դոնի Ռոստով։ Իհարկե, շատ ուրախալի է, որ կարողանում ենք ողջ գտնել հայերին, բայց ցավալի է նաև որ դեռ շատերին գտնել չենք կարողանում»,– պատմում է Դոնեցկի և Լուգանսկի տարածաշրջանի հոգևոր հովիվը։

Տարհանվածները Դոնեցկում երկար չեն մնում․ ստանում են անհրաժեշտ առաջին բժշկական օգնությունը և շարունակում ճանապարհը դեպի Ռուսաստան։ Տեր Նարեկ քահանա Ամիրյանը պատմում է՝ Դոնեցկի մարզում կրակոցները շարունակվում են, վիճակն անփոփոխ է։ Ասում է՝ մարդիկ անհանգիստ են, զգուշավորություն ու վախ կա։

Ավելի վաղ Ուկրաինայի հայ համայնքից «Ռադիոլուրին» փոխանցել էին, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Մարիուպոլից հումանիտար միջանցքներով մի քանի հազատ մարդ է դուրս եկել․ նրանց մի մասը տեղափոխվում են արևմտյան Ուկրաինա, մյուսները՝ Ռուսաստան։

Back to top button