Վերնատուն

Երգիծանկարը՝ մեր ժամանակների զենք․ «Վերնատուն»

Հումորի զգացում, սուր աչք, երևակայություն, ամեն ինչին այլաբանորեն նայելու կարողություն․ սա այն ամենն է, ինչ պետք է ունենա երգիծանկարիչը՝ ասում է ճարտարապետ, երգիծանկարիչ Հարություն Չալիկյանը։

«Ծաղրանկարիչը պարտավոր է ամեն ինչին հումորով նայել։ Ես մարդկանց բաժանել եմ երկու մասի՝ հումոր ընկալողների և չընդունողների, և խղճում եմ մարդկանց, որոնք հումոր չեն ընդունում։ Օրինակ՝ Նապոլեոնը իր մասին հումորներից վատ էր զգում։ Բուխարինը մահապատժի ենթարկվեց, որովհետև Ստալինի ծաղրանկար էր արել», – մեկնաբանում է նկարիչը։

Հարություն Չալիկյանը մասնագիտությամբ ճարտարապետ է։ 55 տարվա ստեղծագործական գործունեության ընթաղքում հեղինակել է հազարավոր ծաղրանկարներ և 70-ից ավելի քանդակներ/մեդալներ։

Հայաստանի ճարտարապետների, նկարիչների, ծաղրանկարիչների միությունների և դիզայներների միջազգային միության անդամ է։

«Այսօր մենք պահանջված չենք։ Ծաղրանկարը զենք է, սակայն այսօր տպագրվելու և ներկայանալու ասպարեզ չկա․ թերթ ու ամսագիր չկա։ Ծաղրանկարիչների միությունն այսօր նույնիսկ մի սենյակ չունի», – ասում է նա։

Հարություն Չալիկյանը առաջիկայում պատրաստվում է տպագրել իր «շարժերի» հավաքածուն՝ 4 հատորով, որտեղ տեղ են գտել իր բոլոր ժամանակների, բոլոր թեմաներով արված նկարները։

Ասում է՝ շատ կուզենար, որ ծաղրանկարների մշտապես գործող ցուցասրահ լինի, որպեսզի երգիծանկարչության ավանդույթները շարունակվեն։

Back to top button