ԿարևորՀասարակություն

Ադրբեջանի սադրանքները թվերով և օրերով․ «իրական ճշմարտություն» միջազգային հանրության համար

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի սահմանին և մերձսահմանային հատվածներում Ադրբեջանն իրականացրել է 68 սադրանք, 42-ը տեղի են ունեցել 2021–ի մայիսից օգոստոսն ընկած հատվածում։ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը հրապարակել է ծավալուն զեկույց՝ ներկայացնելով Ադրբեջանի՝ վերջին տարիների սադրիչ քաղաքականությունը։ Ըստ փորձագիտական-վերլուծական խմբի՝ փաստաթուղթը կարող է օգտագործվել բանակցություններում՝ միջազգային հանրության առաջ ևս մեկ անգամ բացելով «անկեղծության և իրականության պատուհանը»։

Գեղարքունիք, Սյունիք, Արարատ, Վայոց Ձոր․ այս մարզերից է Ադրբեջանը, սադրանքների միջոցով ներխուժել Հայաստանի տարածք։ Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ուղղված սահմանային և մերձսահմանային սադրանքների վիճակագրությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, ներկայացրել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Սյոպա Սաֆարյանը․

«Արդեն իսկ 2020 թվականի նոյեմբերի 25-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի, Սյունիքի մարզի՝ Կոռնիձորի, Արարատի մարզի՝ Երասխի, Վայոց Ձորի մարզի Խաչիկ սահմանային ու դրան հարակից հատվածների թիրախավորման հետևանքով վիրավորվել է 25, գերեվարվել՝ 22, սպանվել՝ 16 և անհայտ կորել է 24 ՀՀ քաղաքացի»։

Ղարաբաղի հակամարտության և Արցախի կարգավիճակի հարցերը դուրս մղել օրակարգից, առաջ քաշել խաղաղության պայմանագրի ադրբեջանական մոտեցումները, ազդել պաշտոնական Երևանի վրա, միջազգային իրավունքի խախտմամբ ստիպել Հայաստանին տրամադրել Ադրբեջան-Նախիջևան էքստրատերետորիալ «միջանցքը», առանց դեէսկալացիայի միջոցների գործադրման Հայաստանին պարտադրել սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը․ սրանք ադրբեջանական սադրանքների գլխավոր նպատակներն են՝ ասում է Ստյոպա Սաֆարյանի․

«Հինգերորդ միտումը և՛ Հայաստանի, և՛ Արցախի հայաթափումն է, ինչպես նաև ապակայունացնելով Հայաստանի ներքաղաքական կյանքը՝ հանրության շրջանում ստեղծել անորոշության ու վախի մթնոլորտ։  Անցած տարվա ամենաթեժ շրջանում, երբ, ըստ էության, հրադադարի ռեժիմի խախտումների պիկն էր արձանագրվում և պրովոկացիաների, սահմանային սադրանքների գագաթնակետն էր, Հայաստանում տեղի էին ունենում խորհրդարանական ընտրություններ, ձևավորվում էր կառավարություն, և Ադրբեջանը փորձում էր այս սադրանքներով ազդել նաև Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրավիճակի վրա»։

«Սողացող անեքսիա»․ երբ Ադրբեջանը կիլոմետր առ կիլոմետր առաջացել է սուվերեն Հայաստանի մի քանի տարածքներով։ Միջազգային նման ագրեսիվ տերմինաբանության կիրառմամբ է հանրային կառավարման և քաղաքականության մասնագետ Սոսի Թաթիկյանը մեկնաբանում Ադրբեջանի վարքագիծը։ Դեռ 15 տարի առաջ էին ադրբեջանցի դիվանագետներն ու փորձագետները արևմտյան մտակենտրոններում հայտարարում իրենց հեռահար նպատակների մասին՝ Հայաստանը դարձնել «հաճախորդ»՝ զրկելով ջրային և էներգետիկ ռեսուրսներից, ճանապարհներից։ Սոսի Թաթիկյան․

«Հայաստանը, ըստ բոլոր միջազգային հարցումների, մինչև 2020 թվականի պատերազմը ներքին անվտանգային իմաստով աշխարհի ամենաանվտանգ երկրներից էր։ Հայաստանը մտադիր էր զարգացնել զբոսաշրջություն։ Հիմա Հայաստանը դարձել է մի վայր, որտեղ բլուրների վրա՝ սահմանամերձ շրջաններում, զենքը ձեռքին կանգնած են ադրբեջանցի զինվորականներ»։

Հայաստանում հավատարմագրված արտասահմանցի դիվանագետները կարող են Ադրբեջանի սադրանքների հստակ նկարագրությամբ այս զեկույցը ուղարկել իրենց երկրների   կառավարություններին։ Մեր պետական ինստիտուտները, փորձագետները պետք է օգտագործեն նման աշխատանքները՝ միջազգային հանրությանը ճշմարտությունը ցույց տալու համար, –ասում է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային վերլուծական կենտրոն»–ի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական սադրանքներին միջազգային հանրությունը սովորաբար ակտիվորեն չի արձագանքում, իսկ Հայաստանի համար ամենադժվար՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Արևմուտքը ոչ հստակ կոչեր էր  հղում Հարավային Կովկաս։ Հայաստանի համար, Ստեփան Գրիգորյանն ասում է՝ կա առավել պատասխանատու ու ոչ պակաս կարևոր մի կողմ․

«Ես էլ ունեմ ասելիք միջազգային հանրությանը, բայց նաև շատ կարևոր է նայել՝ մենք ի՞նչ ենք անում։ Եթե մենք խաղաղություն ենք ուզում, պետք է միջազգային ատյաններն օգտագործենք։ Երբ դու աշխատում ես, աշխարհն արձագանքում է։ Ես ուզում եմ ասել, որ մենք գնահատում ենք աշխարհի քայլերը, բայց էլ ավելի հստակ են այդ քայլերը, երբ դու աշխարհին տալիս ես օբյեկտիվ, բազմակողմանի ինֆորմացիա։ Ուրեմն, իմ կոչը, նաև՝ մեր կառավարությանը, որ լինեն ակտիվ»։

Ադրբեջանն արդեն օրակարգ է բերում հարցեր, որոնք  տարիներ շարունակ տապալվել են հենց իր քաղաքականության հետևանքով։ Միլիտարիստական քաղաքականությամբ ավտորիտար այս երկրի քայլերը հաճախ անհասկանալի են, արձանագրում են մասնագետները։ Գուցե սա՞ է պատճառը, որ դեմոկրատ Հայաստանը չի հասկանում ավտորիտար Ադրբեջանի ասելիքը և հակառակը։ Ուրեմն, միջազգային գործընկերների օգնությամբ մենք պետք է վերջ տանք Ադրբեջանի՝ ուժով հարցեր լուծելու պահվածքին, եզրակացնում են փորձագետները։

Back to top button