ԿարևորՀասարակություն

Մինչեւ հունիսի վերջ Եռաբլուրի բոլոր շիրմաքարերը տեղադրված կլինեն

«Եռաբլուր»–ում շինաշխատանքներն իրականացվել են անգամ, երբ օրական 20 հուղարկավորություն է կազմակերպվում, «Ռադիոլուր»–ին ասել է Պաշտպանության նախարարի խորհրդական, պահեստազորի գեներալ –մայոր, Արցախի հերոս Վարդան Ավետիսյանը։ Նա հսկում է կատարվող գործի ընթացքը։ Հավաստիացնում է, որ 44–օրյա պատերազմի հերոսների գերեզմանները երկար կպահպանվեն, մինչեւ 130 տարի։ Շինկազմարեպությունների ընտրության, քարերի որակի շուրջ բողոքներն ու դրանց պարզաբանումները՝ ռեպորտաժում։

Պաշտպանության նախարարի խորհրդական, պահեստազորի գեներալ –մայոր, Արցախի հերոս Վարդան Ավետիսյանը «Եռաբլուր»  զինվորական պանթեոնում հուղարկավորություններն է կազմակերպում,  հսկում է շինաշխատանքների ընթացքը։ Վերջին հուղարկավորությունը երեք օր առաջ էր՝ Փառուխի ու սահմանակից բնակավայրերի պաշտպանության ժամանակ հակառակորդի Bayraktar–ից զոհված հադրութցի պայմանագրային զինծառայող էր։

Ավարտական փուլում են 44-օրյա պատերազմում զոհված 920 հերոսների շիրմաքարերի տեղադրման աշխատանքները։ Մինչեւ հունիսի վերջ բոլոր շիրմաքարերը տեղադրված կլինեն– վստահեցնում է գեներալ մայորը, առայժմ ավելի քան 130 շիրմաքար է տեղադրված։

44-օրյա պատերազմից հետո դժվար էր գտնել  «Եռաբլուր»–ում աշխատելու պատրաստ  շինարարական կազմակերպություններ, երկու անգամ մրցույթ հայտարարվեց, սակայն  որեւէ ընկերություն հայտ չներկայացրեց․

«Մրցույթ հայտարարեցին, առաջին մրցույթին չմասնակցեցին, երկրորդ մրցույթին չմասնակցեցին։ Երրորդով ընկանք ամբողջ հանրապետությունով սկսեցինք շինարարներին խնդրել, որ եկեք, կառուցապատենք, սա ազգային արժանապատվության խնդիր է։ Եվ մեզ հաջողվեց 4 ընկերություն գտնել, եւ այդ չորս ընկերությունները ընդառաջ եկան մեզ»։

«Մետալշին», «Էթնո գրուպ», «Աբակ», «Ֆըրսթ ռեզերվ», «Գորտիկ» ՍՊԸ–ները2021 թվականի օգոստոսի 10–ից «Եռաբլուր»–ում  սկսեցին շինաշխատանքները։  ՊՆ այդ ընթացքում որոշեց՝ շիրմաքարերը Փամբակի՝  հայկական պետք է լինեն։ Ծնողները սկզբից համաձայնեցին, հետո ըմբոստացան, պահանջելով քարերի տեսականի առաջարկել,  պատմում է գեներալ մայոր Ավետիսյանը։ Արդյունքում 7 տեսակի քարերից ծնողներն ընտրեցին 4–ը՝ Փամբակի  հայկական քարը, Ժիտոմիրի սեւ գրանիտե, Չելյաբինսկի սպիտակ մարմարե ու Չինական սպիտակ ու մոխրագույն զոլավոր գրանիտե քարերը։  Քարի տեսակի ընտրությունը թողնվեց զոհվածների հարազատներին, սակայն նախարարությունը հստակ չափանիշներ սահմանեց․

«Քարի տեխնիկական ցուցանիշները հետեւյալն են՝ քարի բարձրություն՝ 1.20, տապանի երկարությունը՝ 1.20, քարի լայնությունը՝ 60 սմ, հաստությունը՝ 12 սմ, իսկ քարի վրա պատկերված քարի բարձրությունը՝ 40-60 սմ։ ՊՆ ամբողջ կոմպլեքսի մեջ ներառվում էր քարը, տապանաքարը, խնկաման եւ ծաղկաման․ այս ամբողջը ներառված էր 960 հազար դրամի մեջ»։

Զոհվածների ծնողներին հատկացված 1 լն 400 հազար դրամից 960 հազարը միայն քարի, տապանաքարի, խնկամանի ու ծաղկամանի համար է ծախսվել, մնացածը՝ կառուցապատման աշխատանքների, բացատրում է։

Նստարանների հարցը եւս հստակեցված է եղել, սակայն ծնողներից ոմանք շտապել են ու ինքուրույն տեղադրել։ Երկու տարում 15 հա վրա 4 հարթակ է ձեւավորվել 920 հուղարկավորված հերոսների համար,– պատմում է ՊՆ խորհրդականը։ Թույլատրվել է, որ 44–օրյա պատերազմի զոհված զավակների կողքին նաեւ 90–ականների արցախյան պատերազմի մասնակից ծնողներին հուղարկավորեն։

Զրուցակիցս վստահեցնում է՝ 44-օրյա պատերազմի զոհվածների շիրիմներն կառուցել են հավուր պատշաճի․

«Շատ խոսակցություններ եղան ցեմենտբետոնե կառուցվածքի, երկաթե կարկասների վերաբերյալ։ Արդյո՞ք արժե այս աստիճանի պնդությամբ ու խտությամբ իրականացնել կառուցապատում։ Ես, լինելով պատասխանատու, հիմնավորում էի, որ այո՛, արժե։ Երբ մենք զուգահեռներ ենք անցկացնում 92-94 ու մինչեւ 2016 թվականը կառուցված վերեւի հարթակի գերեզմանների եւ այս նոր կառուցված գերեզմանների միջեւ, տեսնում ենք, որ վերեւի հարթակի գերեզմանները գրեթե խարխլված են»։

30 տարում շատ գերեզմանների կողապատեր հեռացել–բաժանվել են։ Վարդան Ավետիսյանն ասում է՝ որպեսզի չլինեն դժգոհություններ, թե  գումարները մսխվել են, որոշվել է ամուր գերեզմաններ կառուցել, որ ոչ թե 30 տարի դիմանա, այլ 130։ 10 օրից կանաչապատման աշխատանքների համար մրցույթ կհայտարարվի։ Զրուցակիս ասում է, որ ամեն շիրիմ տեսադիտման սարքով հսկվում է,  նպատակ կա առաջիկայում նաեւ անցագրային կետ տեղադրել  «Եռաբլուր»–ում՝ անցանկալի միջադեպերը կանխելու նպատակով։

Back to top button