ԿարևորՀասարակություն

Խաղաղության օրակարգ` ըստ ՊՆ–ի․ փոխնախարարը խորհուրդ է տալիս շրջանցել «զգայուն» թեմաները

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր խորհրդարանում էր, բայց ճյուղային հանձնաժողով գնացել էր ոչ սահմանային լարված խնդիրները քննարկելու համար։ ԱՊՀ մասնակից պետություններին առնչվող համաձայնագրի քննարկում էր, որը առաջիկայում կներկայացվի լիագումար նիստում։  

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած լարված իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանի ու Արցախի շուրջ, հանձնաժողովի նիստում չշրջանցվեց։ Փոխնախարարն ասաց՝ ճիշտ չէ, որ մեր վիճակում գտնվող պետության փոխնախարարը խոսի ռուս խաղաղապահների գործողությունների քննության մասին։ Արտախորհրդարանական ընդդիմությունից որոշ ուժեր էլ առաջարկ–պահանջով այսօր գնացել էին ԱԺ։

Արցախ-ադրբեջանական սահմանի կայուն լարվածությունը, որի մասին նախորդ շաբաթ խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պահպանվում է, լրագրողների հետ զրույցում Աժ–ում նշել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը․

«Փառուխում, ընդհանուր առմամբ, իրավիճակը շարունակում է մնալ նույնը։ Լարվածությունը, եթե նկատի ունենք դա, ինչ–որ մեծ բախումներ այս պահին չկան։ Սակայն, յուրաքանչյուր պահի հնարավոր է, որ այդ էսկալացիայի ալիքը մեծանա, որովհետև մեր խաղաղությունը փխրուն է, և այս պահին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված՝ չի բացառվում է, որ որևէ մեկը, որևէ պետություն փորձի ապակայունացնել իրավիճակը»։

Վարչապետը մտահոգություն էր հայտնել նաև Հայաստանի սահմանի ուղղությամբ լարվածության աճի հավանականության մասով։ Սա պատճառ է, որ ընդդիմադիրները նորից  հիշեն՝ պատերազմից գրեթե երկու տարի անց Հայաստանում ոչ միայն հաստատված չէ ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգը, ավելին՝ առանցքային ղեկավար պաշտոնները թափուր են, ժամանակավոր պաշտոնակատարներ են ղեկավարում։ Պաշտպանության փոխնախարարի ներկայացմամբ՝ դա աշխատանքին չի վնասում․

«ԳՇ պետի պաշտոնակատար գեներալ Քոչունցը ունի օրենքով սահմանված բոլոր լիազորությունները և բոլոր լծակները։ Բնականաբար, նշանակում տեղի է ունենալու։ Ընդհանուր առմամբ, համարեք, որ մենք իրավական առումով ունենք ԶՈՒ ԳՇ պետ, որը բոլոր լիազորությունները օգտագործում է։ Հետախուզության վարչության պետի պաշտոնակատար ևս ունենք։ Նա վարչապետի տեղակալն է, սակայն, այդ առանցքային մարմինները, որոնք հետախուզական տվյալներ են ձեռք բերում, բնականաբար, իրենք աշխատում են։ Չասեմ՝ չի խանգարում, համենադեպս, որևէ էական խնդիր չի ծագում, եթե հետախուզության գլխավոր վարչության պետը ի պաշտոնե պետն է կամ պետի պաշտոնակատարը»։

Թեև ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգը խորհրդարանում դեռ ներկայացված չէ, պաշտպանության փոխնախարարը պնդում է՝ բարեփոխումները մեկնարկել են, ընթացքի մեջ են։ Եթե որոշ քաղաքական ուժերի դրանք տեսանելի չեն, ապա դա քաղաքական գնահատականի հարց է՝ ասում է։

Նախորդ շաբաթվանից նկարագրվում է լարված իրավիճակ Հայաստանի և Արցախի շուրջ, և ընդդիմադիր պատգամավորները պահանջում են հարցերի հասցեական քննարկում խորհրդարանի ճյուղային հանձնաժողովում՝ պատասխանատու պաշտոնյաների ներկայությամբ։ Ուղիղ կապ են տեսնում սահմանային լարվածության և «խաղաղության օրակարգի» միջև։

Գեղամ Նազարյան․ «Լինենք հետևողական և հասկանանք՝ ի վերջո այս հանձնաժողովի գլխավոր գործառույթը ո՞րն է։ Ե՞րբ ենք մենք հրավիրելու ԱԳ նախարարին, պաշտպանության նախարարին, շտաբի պետի պաշտոնակատարին՝ քննարկելու այդ խնդիրները»։

Անդրանիկ Քոչարյան «Ստեղծված իրավիճակի հետ կապված Աժ խորհրդի նիստում առաջարկ եղավ, որ իշխող խմբակցությունը պատրաստ է հրավիրել պարոն Փաշինյանին խորհրդի փակ նիստում քննարկել այս իրավիճակից բխող բարձրացրած բոլոր հարցերը։ Ի զարմանս մեզ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չտվեցին դրական կարծիք»։

Գեղամ Մանուկյան․ «Սխալ տեղեկատվություն եք տալիս։ Երբ եղել է առաջարկ խորհրդի նիստում, մեր ներկայացուցիչները առաջարկել են խորհրդարանի լիագումար նիստում ներկայացնել Ադրբեջանի նամակը և Հայաստանի պատասխանը, որը ուղարկվել է»։

Այս փուլում խորհրդարանից ակնկալիքներ ունի նաև արտախորհրդարանական ընդդիմությունից «5165 շարժում»–ը։ Պահանջագիր են հանձնել ԱԺ-ին։ Փաստաթուղթն առնչվում է Հայաստան–Ադրբեջան խաղաղության պայմանագրին։ Պահանջը ներկայացնում է շարժման ղեկավար Կարին Տոնոյանը․

«Մենք դիմում ենք խորհրդարանին և պահանջում ենք ճանաչել Արցախի անկախությունը։ Աա Արցախի փրկության խնդիրն է, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս հարցը մեծ զանգվածայնություն ստանա։ Դե ֆակտո Հայաստանը վաղուց ճանաչել է Արցախի անկախությունը, որովհետև բազմիցս կնքվել են միջպետական պայմանագրեր։ Դա վառ ապացույց է, քանի որ պայմանագրերը կնքվում են երկու պետությունների միջև։ Շատ լավ գիտենք, որ սեպտեմբերի 27–ին Արցախը մենք չէինք ճանաչել, բայց պատերազմ սկսվեց։ Այնպես որ, որևէ մեկը թող չփորձի մոլորեցնել այդ վախերով, որ հանուն դրա չեն ճանաչում, և հանուն ժողովրդի զավակների փրկության է, որ հրաժարվում ենք այդ մտքից»։  

Խաղաղության պայմանագրի մասին խոսելիս պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հստակեցնում է, թե ինչպիսի հարաբերություններ են պատկերացնում․

«Որևէ պարտադրանք մեզ համար, բնականաբար, ընդունելի չի լինելու։ Մենք  խաղաղության օրակարգի մասին, եթե խոսում ենք, դա արժանապատիվ խաղաղության մասին է և տարածաշրջանային անվտանգություն ապահովելու մասին»։

Փոխնախարարն, ի դեպ, մեծ զգուշավորությամբ է խոսում Արցախի Փառուխ գյուղում և Քարագլուխ բարձունքին ստեղծված իրավիճակի քննության մասին։ Պաշտոնյայի խոսքերից պարզ չէ՝ ռուսական կամ հայկական կողմում սկսվե՞լ է ռուս խաղաղապահների գործողությունների քննությունը, թե՞ ոչ։ Արման Սարգսյանի ներկայացմամբ՝ զգայուն թեմա է, եթե գործում տեղաշարժ լինի՝ անպայման կներկայացնեն։   

Back to top button