ԿարևորՀասարակություն

Թմրամոլություն, դեպրեսիվ համախտանիշ․ խաղամոլությանն ուղեկցող հիվանդությունները

2021 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում կատարվել է 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք: Այս թիվը հունվարին ԱԺ-ի ամբիոնից հրապարակել էր տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը: Բյուջեի եկամտային մասը նախորդ տարի` 2021-ին եղել է մոտ 1,6 տրիլիոն դրամ, այսինքն՝ կատարված խաղադրույքները բյուջեի եկամտային մասը երկու անգամ գերազանցել են: Թունյանի խոսքով` խաղադրույքների ու շահումների տարբերությունը մոտ 70 մլրդ դրամ է, այսինքն, 70 մլրդ դրամ մարդիկ պարտվել են:

Բուքմեյքերները խաղադրույքների տոկոսադրույքների մեջ բավականին հմտացել են. եթե տարիներ առաջ բավարար էր գուշակել, օրինակ, «Բարսելոնա» -«Ռեալ» ֆուտբոլային ակումբների խաղում միայն հաղթողի անունը, ապա այսօր գումար շահելու կոմբինացիաները ավելի են բարդացել։ Խաղային կոնֆիգուրացիաները ստեղծվում են ոչ թե խաղադրույք անողի, այլ կազմակերպիչ ընկերության գերշահույթը ապահովելու համար։ Խաղամոլության հիմնական ցուցիչն անընդհատ դրանում ներգրավված լինելն է։ Մասնագետները նշում են` կլինիկական տեսանկյունից այն կարելի է բնորոշել որպես կպչուն հակում մոլախաղերի նկատմամբ, մոլախաղերում մասնակցելու կպչուն վարք։ Ժամանակակից հետազոտողները խաղամոլությունը դասում են ոչ քիմիական կախվածությունների շարքին։ Այս դեպքում կախվածության օբյեկտ է դառնում ոչ թե հոգեակտիվ նյութը, այլ վարքային շաբլոնը, մոդելը։ 

ԱՆ Հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գևորգ Փաշիկյան.

«Խաղամոլությունը համարվում է հոգեկան խանգարում, եթե ձևավորվել է արդեն կախվածություն, ապա հիմնականում դիմում են տվյալ անձի հարազատները` իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրելու նպատակով»։

Ըստ Գևորգ Փաշիկյանի` խնդիրը մեզ մոտ համեմատաբար նոր է, ու դրանով է պայմանավորված խաղամոլության հետազոտության բացակայությունը։ Բժիշկը նշում է, որ մեր   հասարակության համար խաղամոլությունը խնդիր է, սակայն «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» դիմողների թիվը  միևնույն է, քիչ է. 2020-ից մինչ օրս դիմել է 25 անձ։ 2020 թվականից առողջապահության նախարարության աջակցությամբ կենտրոնում ներդրվել է սոցիալ- հոգեբանական ծառայություն, որի նպատակն է հոգեբանական աջակցություն տրամադրել ինչպես քիմիական կախվածություն ունեցող բուժառուներին, այնպես էլ ոչ քիմիական կախվածությամբ, այդ թվում և համակարգչային խաղերի նկատմամբ պաթոլոգիկ հակումով անձանց․

 «Կենտրոնում որոշակի խորհրդատվություն իրականացնում ենք։  Եթե խնդիր ունեցող անձը գիտակցում է իր հետ կատարվողը, դեղորայքային բուժում գոյություն ունի, նաև տարվում է ոչ դեղորայքային, հոգեբանական աշխատանք։ Արդյունավետությունը և բուժման հնարավորություններն ավելի շատ են կոնկրետ խնդրով դիմելու դեպքում»։ 

Խաղամոլության մեծացման ռիսկերը կանխելու ուղղությամբ միջազգային փորձը հուշում է խնդրի լուծման տարբերակներ` մշտադիտարակումից մինչև «խաղացողների շտեմարան»։

Աժ–ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի կարծիքով՝ անհրաժեշտ է մշակել կիրառական, գործուն մեխանիզմներ, քանի որ սովորական սահմանափակումները անհրաժեշտ արդյունք չեն տալիս․

«Բոլորս համաձայն ենք, որ ունենք խնդիր, որը պետք է լուծվի։ Այդ խնդիրը գնալով սրվում է։ Մենք ունենք համատարած մարդկանց քանակի և խաղադրույքների ծավալների աճ ու ունենք դեպքեր, որ խնդիրը ոչ միայն տնտեսական ու սոցիալական է, այլև կարող է դառնալ իրավական և անվտանգության խնդիր։ Շատ փակագծեր չբացեմ՝ այն տեղերում, որտեղ ցանկալի չէ, որ մարդիկ դրանով զբաղվեն, մարդիկ հեռախոսներով են զբաղվում»։ 

Կառավարության ներկայացրած «Գովազդի մասին օրենքում փոփոխություն կատարելու» նախագծով առաջարկվում է արգելել շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը: Օրենսդիրը առաջարկվող սահմանափակումներով կողմնակից է  ոլորտում աստիճանական և սահուն լուծումներին։ 

Ըստ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» տնօրեն, նարկոլոգ  Սուրեն Նազինյանի` ամեն ինչ սկսվում է գովազդից, որը շատ հաճախ քողարկված բնույթի է, «թաքնված գովազդի» մասին է խոսքը` հստակեցնում է․

«Կառավարության ձեռնարկելիք միջոցները որքանով էլ նպաստեն ազդող գործոնների վրա, այդուհանդերձ, խնդրի մեջ իր ուրույն դերն ունի անվերահսկելի գովազդը,  որն առկա է հիմնականում լրատվական կայքերում, սոցիալական ցանցերում, փողոցներում։ Խաղերի վերաբերյալ թաքնված գովազդները ամենուր են, գովազդային վահանակի վրա գրվում է կոնկրետ խաղադրույք ընդունող ընկերության տվյալները, միևնույն ժամանակ գրելով, թե «խաղալը փող աշխատելու միջոց չէ», վահանակի վրա նշվում են բուքմեյքերական ընկերության տվյալները։ Գովազդի հետ կապված կարելի է որոշակի գործողությունների ծրագիր մշակել, քանի որ երիտասարդները օրվա մեծ մասը անցկացնում են համացանցում։ Այս ուղղությամբ կարելի է մտածել։ Առկա բոլոր նախաձեռնություններ օգտակար են, բայց գովազդից պետք է սկսել։ Մարդիկ պատկերացում չունեն բուքմեյքերական ընկերության մասին, բայց ցանկացած կայք մտնելիս բախվում են խաղամոլությունը գովազդող ագրեսիվ գովազդի հետ»։

ԱՆ Հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գևորգ Փաշիկյանն էլ նշում է, որ խաղալու դրդապատճառները տարբեր են:Նույն մարդը, որը սկզբում հաճույքի համար է խաղում, հաղթելու դեպքում  խաղը սկսում է դիտարկել  մեծ պարտքերը փակելու, եկամուտ ստանալու միակ միջոց: Մասնագետը նշում է` իրականում խնդրի բնույթը շատ տարբեր է` կախված նրանից` մարդը խաղում է խաղատներո՞ւմ, թե՞, օրինակ, online խաղադրույքներ է անում: 

«Խաղամոլության պաթոլոգիկ հակում է նկատվում այն ընտանիքների երեխաների մոտ, որոնց ծնողները ժամանակի ընթացքում խաղացել են։ Նաև սոցիալական գործոնն է մեծ, որովհետև անձինք հիմնականում խաղում են հեշտ գումար վաստակելու համար, չգիտակցելով, որ նման խաղերը ստեղծվում են մարդկանցից գումար կորզելու նպատակով։ Սովորաբար խաղամոլը գիտակցում է երևույթի վնասակարությունը, բայց քչերն են կամք ունենում հրաժարվելու դրանից»։ 

Հոգեբանը նշում է, որ պաթոլոգիկ խաղամոլների մոտ առկա են նաև ուղեկցող այլ հիվանդություններ` անձի և համակցված խանգարումներ, նաև քիմիական կախվածություն` թմրամոլություն, դեպրեսիվ համախտանիշ։ Մասնագետների խորհուրդը մեկն է` օր առաջ դիմել «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»–ի մասնագետներին, համապատասխան բժշկա-խորհրդատվական օգնություն ստանալու և ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։   

Back to top button