Հատուկ նախագիծ

Ուսուցիչ լինելը թրենդային է․ «Հատուկ նախագիծ»

Կոտայքի մարզի Ակունք գյուղի դպրոցում վաղուց ծանոթ են մանկավարժական նորարար մեթոդներին: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հերմինե Աբրահամյանի դասին սպասում են անհամբեր, որովհետև գիտեն, որ ամեն դասի անակնկալ է լինելու:

Դասամիջոցից արագ վազում են դասարան ոչ թե ձիգ նստելու, այլ լիցքաթափվելու և լիցքավորվելու համար:

Շատ ուսուցիչներ ունեն, որոնք աշակերտներին չեն էլ լսում, կարծիք հայտնելն էլ մի իսկական խիզախություն է պահանջում, բայց Հերմինեի ժամին աշակերտներն ազատ են: Ուսուցչուհու նպատակն է կրթել երեխաներ, որոնք վաղը առաջնորդներ կդառնան ու երկրից հեռանալու մտադրություն չեն ունենա:

Նույն կերպ իր տարրական դասարանին է վերաբերվում Հովտաշատ գյուղի դպրոցի ուսուցչուհի Սիանա Վեքիլյանը: Արցախից է տեղափոխվել Հայաստան ու լիքը բաներ իր համար տարօրինակ էին սկզբում:

Օրինակ այն, որ եթե Արցախի Գետամեջ գյուղի դպրոցում 25 աշակերտ էր սովորում, ապա հիմա միայն իր դասարանում է այդքան երեխա կրթություն ստանում: Իր դասվարին է մտաբերում՝ շատ խիստ ու պահանջկոտ կին էր, բանիմաց մանկավարժ: Ինքը խստությունը որպես ուսման նկատմամբ սեր առաջացնելու մեթոդ չի կիրառում, փորձում է ներգրավել բոլորին ու գիտի՝ չսովորող աշակերտ չկա:

Համայնքահեն ծրագրերն էլ Սիանայի դասերից անպակաս են՝ աղբի տեսակավորումից մինչև պատասխանատու քաղաքացի դարձնելը համարում է իր գործը:

Երկու ուսուցիչներն էլ վերապատրաստում են անցել և շարունակում են մնալ «Դասավանդիր Հայաստան» ծրագրի շահառուներ:

Back to top button