Ծովահայեր

Կյանքն ալիքների վրա․ ծովագնացների հիշողությունները․ «Ծովահայեր»

Արդեն 37 տարի, մարտի 25 –ին ծովային հետազոտությունների «Այաս» ակումբը տոնում է հերթական տարեդարձն ու նոր, էլ ավելի հավակնոտ ծրագրեր կազմում։

Պատմության զգալի շրջանում ծով չունեցող Հայաստանում ծովահայեր միշտ են եղել, մի գուցե՝ ծովեր հնազանդեցնողի գեները չեն լռել։ 1985 թ-ին պատանի ծովահայերից մի քանիսին համախմբեց մի հավակնոտ ծրագիր, արթնացնելով ծովագնաց նախնիների գեները, պատմական այս շրջանում մեր լեռնային երկրում նրանք ստեղծեցին ծովային հետազոտությունների ակումբ ու անվանակոչեցին «ԱՅԱՍ», Կիլիկիո հայոց ամենամեծ նավահանգստային քաղաքի պատվին։

«Այաս»-ում ուսումնասիրում էին նավաշինություն, նավագնացության պատմություն, նավամոդելավորում, ստորջրյա հետազոտություններ, զինանշանագիտություն և նավարշավների կազմակերպում։ Վեց տարի ուսումնասիրեցին ձեռագրեր ու մանրանկարներ Հայաստանի Մատենադարանում, Ռուսաստանի, Լոնդոնի, Վենետիկի արխիվներում ու գրադարաններում, հետո անտառներում ընտրեցին կաղնու և սոճու ծառեր, յուղով, խեժով մշակեցին ու նավը կառուցեցին ճիշտ այնպես, ինչպես մեր նախնիներն էին կառուցել 900 տարի առաջ։

2002 թ.-ի մայիսի 25-ին «Կիլիկիա» նավն առաջին անգամ լողաց Սևանի ալիքների վրա։ 2004 թ.-ին «Կիլիկիան» մեծ դժվարությամբ 700 կմ ցամաքային ճանապարհ անցավ լեռներով ու ձորերով, 10 օրում հասավ Սև ծով։ Մեկնարկեց նավագնացությունը 9 ծովերով (նախապես պլանավորել էին 7 -ը), այնպես, ինչպես միջնադարում։ 

Երեք տարում «Կիլիկիան» հայկական դրոշով կտրեց անցավ 15 000 ծովային մղոն կամ՝ 28 000 կմ,  օղակեց Եվրոպան։ «Կիլիկիայի» անձնակազմը հանգրվանեց  25 երկրի 63 նավահանգստում, առանց ժամանակակից օժանդակ պարագաների, ճիշտ այնպես, ինչպես 1000 տարի առաջ արել  են միջնադարյան նավագնացները։ Այցելեցին եվրոպական բոլոր այն քաղաքները, որտեղ հնում եղել են հայ ծովագնացներն ու վաճառականները։

Հաջորդ ծովագնացությունը՝ միջնադարում խորտակված հայապատկան ամենահայտնի նավի հետքերով էր, «Քեդախ մերչանտ» կամ Հայկական սովետական հանրագիտարանում նշված՝ «Կվեդա Մերչանտ» նավի, ինչը 17-րդ դարավերջին Հնդկական օվկիանոսում զավթել էր ծովահեն Ուիլիամ Քիդը։ Ամեն մի նավագնացություն հարուստ էր նոր ու անմոռանալի արկածներով։

Ծովահայերի տաղավարում Նավապետ Կարեն Բալայանն ու նավագնաց Աշոտ Խաչատրյանը պատմում են նավաստիների ամենամեծ երազանքի, ամենաբարդ փորձության, հաղթահարած՝ ամենաբարձր ալիքի, նավարկության ամենաբարդ հատվածի, երբևէ այցելած ամենաանմարդաբնակ կղզու և ամենամեծ երազանքի մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button