Վերնատուն

Թատերական խմորումներ․ ինչպե՞ս է «թարմանում արյունը» թատրոններում․ «Վերնատուն»

Ի՞նչ է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը թատրոնների ու թատրոնի մարդկանց համար, այս տարի նույնիսկ նոր անվանակարգ կար թատերագիրության համար։ Թատերագետ, հրապարակախոս Տիգրան Մարտիրոսյանն ասում է, որ «Արտավազդը» կարևոր մոտիվացիա է թատրոնների համար, իսկ թատերագիտական անվանակարգը կարևոր է, որովհետև այն նախևառաջ հարստացնում է հայ թատրոնի պատմությունը։

«Լավագույն թատերագիտական հոդված» անվանակարգով որոշարկվում և փաստվում է մեր մասնագիտության հանդեպ վերաբերմունքը։ Գիտենք, որ թատերագիտությունը երկար ժամանակ հեղինակազրկված կարգավիճակում էր։ Աստիճանաբար մենք փորձում ենք մեր կարգավիճակի բնագծերը վերականգնել», – ասում է Տիգրան Մարտիրոսյանը։

Թատերագետը շատ է կարևորում ազնիվ մղումներով գրված թատերախոսությունը և թատերագիտության ներկայությունը։ Առանց թատերագիտության ներկայության թատրոնը հստակ չի կարող ասել, որ կզարգանա։ Խոսելով թատրոնների մերօրյա զարգացումներից՝ Տիգրան Մարտիրոսյանը կարևորում է ժամանակակից արվեստի տարրը։

Նշելով որոշ հաջողված ներկայացումներ՝ թատերագետը ընդգծում է հատկապես Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» ներկայացումը, որտեղ, ըստ նրա, տեսանելի է «պերֆորմատիվ վարքագիծը»։ «Ժամանակակից արվեստի տարրերի տեղայնացումը կարևոր է, թատրոններում արյան թարմացում է տեղի ունենում», – ասում է նա։

Back to top button