ԿարևորՏնտեսական

Բողոքի ակցիաների՝ հանքարդյունահանողին հասցրած վնասները «կչեզոքացվեն» օրենքով

Փետրվարի 10-ի նիստում կառավարությունը հավանություն է տվել «Ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխությունների նախագծին։ Նախատեսվում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում՝ անհաղթահարելի ուժի հիմքով, իսկ ընդերքօգտագործողի աշխատանքը խաթարող բնական աղետներին, որպես խոչընդոտող հանգամանք, օրենքով կավելանան նաև անհնազանդության ակցիաները։ Քաղհասարակությունը ահազանգում է, բնապահպանները՝ դժգոհում, կառավարությունը՝ փորձում պատասխաններ գտնել։  

22 մետաղական և 359 ոչ մետաղական հանքավայրի շահագործման իրավունք, հանքային ջրերի օգտագործման 34 թույլտվություն, 30 թույլտվություն՝ երկրաբանական ուսումնասիրության համար․ օրենսդրական փոփոխություններով առաջարկվող  արտոնությունների այս փաթեթից կօգտվի միայն մեկը՝ Ամուլսարի հանքավայրը։ Քաղհասարակության բնապահպան ներկայացուցիչների պնդմամբ՝ «Ընդերքի մասին» օրենսգրքում կառավարության առաջարկած այս վերջին փոփոխությունները ձեռնտու են միայն «Լիդիան Արմենիան»-ին։

Հրդեհներ, ջրհեղեղներ, փոթորիկներ, երկրաշարժեր․ ընդերքօգտագործողների աշխատանքների դադարեցման այս բնական պատճառների շարքը օրենքով կհամալրվի ևս մեկով՝ զանգվածային անհնազանդության ակցիաներով։ Այսինքն, եթե բողոքի ակցիան,  փոփոխության ուժի մեջ մտնելուց 4 տարի առաջ եղել է հանքը չշահագործելու կամ աշխատանքը դադարեցնելու պատճառ, ընդերքօգտագործողի իրավունքի ժամկետները երկարաձգվելու են առավելագույնն այդ հանգամանքի գործողության ժամկետով՝ առանց նոր փորձաքննության։

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը տարակուսած էր․

«Զարմանալի է, որ հասարակության բողոքի ակցիա կազմակերպելու, իր կարծիքն արտահայտելու իրավունքները մի հարթակի վրա են դնում պատերազմի, համաճարակների և աղետների հետ։ Ինչպե՞ս կարելի է այդ իրավունքը, որը հաստատված է մեր Սահմանադրությամբ և միջազգային տարբեր պայմանագրերով, դնել նույն նժարի վրա»։

«Ընդերքի մասին» օրենսգրքի փոփոխությունները հակասում են Հայաստանի Սահմանադրությանը, Օրհուսի կոնվենցիային, կառավարության 2021-2026 թվականների ծրագրին՝ ասում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Օրենսգրքի այս փոփոխություններով կառավարությունը շեղվում է ժողովրդական արժեքներից, կայուն զարգացման և կանաչ տնտեսության նպատակներից։

Օլեգ Դուրգարյան, «Համայնքային համախմբան և աջակցության կենտրոն»-ի նախագահ․

«Օրինագիծը շատ վտանգավոր է։ Դա կարծես մի բան է, որով պետք է վերջնականորեն կանխվի քաղաքացիների հետագա պայքարելու իրավունքը։ Մենք գիտենք, որ ՇՄԱԳ օրենսդրությունը լիարժեք չի ապահովում քաղաքացիների իրավունքների վերջնական իրացումը, քաղաքացիները երբեմն ստիպված են լինում պայքարել նաև բողոքի  ակցիաներով»։

«Օրենքի նախագիծի նպատակը կոնկրետ տնտեսվարողի բեզնես շահերի պաշտպանությունը չէ։ Պետության պարտավորությունների շրջանակում մենք փորձում ենք լրացնել բոլոր հնարավոր բացերը, որոնք կարող են խոչընդոտել ներդրումներին՝ բիզնեսի համար ապահովելով կանխատեսելիություն»,-«Ռադիոլուր»-ին ասում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը։ Քննադատությունը, թե ճիշտ չէ անհնազանդության ակցիաները, պատերազմներն ու բնական աղետները դասել նույն շարքում, փոխնախարարն այսպես արձագանքեց․

«Բնական աղետները, պատերազմները կամ մյուսները չեն  դասվում մի շարքում։ Դրանք տարբեր իրավիճակներ են, որոնք պարզապես թվարկվել են։ Այնպես չէ, որ բովանդակությամբ և պատճառաբանությամբ մեկը մյուսին անպայման պետք է լինի նման կամ հավասար։ Դրանք իրավիճակներ են, որոնք կարող են բիզնեսը բերել մի անկանխատեսելի իրավիճակի»։

«Անհնազանդության ակցիաներ» եզրույթի վրա պետք չէ կենտրոնանալ։ Փոխնախարարն ասում է՝ առաջին հայացքից, գուցե, թվա, թե հենց Ամուլսարի մասին է  խոսքը, որովհետև վերջին տարիներին անհնազանդության ակցիաներ կազմակերպվում էին հենց դրա շուրջ, բայց նման դեպքեր էլի են եղել։

Հովհաննես Հարությունյան․ «Այս պահի դրությամբ հանրությանն ամենահայտնի խնդիրը Ամուլսարի հետ է կապված։ Եթե հետաքրքրվենք, գուցե նախկինում ևս լինեն նման կազմակերպություններ։ Ներդրողները, երբ ուզում են Հայաստանում ներդրումներ իրականացնել, նայում են պատմությունը, վերջին տարիներին տեղի ունեցածը։ Կանխատեսելիություն ապահովելու համար իրենց մոտ մտահոգություն է առաջանում՝ արդյո՞ք իրենց պրոյեկտները նման դեպքերում պաշտպանված կլինեն»։

Հանքարդյունաբերությունը Հայաստանի համար ունի կարևոր նշանակություն, բայց  փաստ է, որ հանքերի շահագործումը սպառնալիք է մարդու առողջության համար։ Կկարողանա՞ն  պետությունը, մասնագետներն ու հանքարդյունաբերողը համագործակցել այնպես, որ դրանից շահի և՛ մարդը, և՛ տնտեսությունը․ բնապահպաններն ասում են՝ սա  պետք է լինի կարևոր նպատակը։

Back to top button