Մտքի ուժը

Քանդե՞լ, թե՞ տանիքին բեռ  կախել. Ինչպե՞ս ամրացնել վտանգված շենքերը․ «Մտքի ուժը»

Հայաստանի բազմաբնակարան շենքերի մոտ 90%-ը կառուցվել է խորհրդային տարիներին: Այդ շենքերի մեծ մասն արդեն շահագործվում է վաթսուն տարուց ավելի։ Այս շենքերը կրել են 1988 թվականի երկրաշարժի ազդեցությունը, ենթարկվել բնականոն մաշվածության:

Բացի այդ՝ շենքերը նախագծվել և կառուցվել են 7 բալ երկրաշարժի հաշվարկով։ Սակայն, Սպիտակի երկրաշարժից հետո վերանայվել է սեյսմիկ ազդեցություններից շենքերի և շինությունների պաշտպանության ոլորտի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համալիրը և շենքերը նախագծվում են 9 բալ սեյսմակայունությամբ։  

Արդյունքում՝ Հայաստանում, մասնավորապես Երևանում առկա է բարելավման կարիք ունեցող, «ծերացած» բնակֆոնդի մեծ հատված։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալարսարանի ճարտարապետության ֆակուլտետի Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնում գործող գիտական խմբին նույնպես այս խնդիրներն են հետաքրքրում, մասնավորապես Երևանի, որտեղ կենտրոնացված է բնակչության ավեի քան 40 տոկոսը։

Խնդիրներն ուսումնասիրելու համար 2021-ին գիտության կոմիտեից դրամաշնորհ են ստացել։ Ընտրել են երկու ուղղություն՝ խորհրդային տարիներին կառոււցված  բազմաբնակարան տիպային նախագծերով շենքերի պահպանության, նրանց հետագա կյանքը ապահովելու խնդիրներն ու կենտրոնի պարագծային կառուցապատման թաղամասերի վերակառուցման հարցերը։

Թե ինչո՞ւ են կոնկրետ այս երկու ուղղություններն ընտրել՝ պատմում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալարսարանի ճարտարապետության ֆակուլտետի  Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի պրոֆեսոր, Ճարտարապետության դոկտոր Կարեն Ազատյանը․

 «Դրանք շատ գործոններով են պայմանավորված՝ մշակութային ժառանգության, սոցիալական, տնտեսական։ Բայց բոլոր այդ խնդիրներին տրամաբանական կլինի անդրադառնալ, երբ ապահովենք շենքերի անվտանգությունը։ Եթե անվտանգությունը չապահովենք, ապա մյուս խնդիրներով զբաղվելն անտեղի է ստացվում։ Սրա համար ենք ընտրել այս ուղղությունները։ ՀՀ-ի համար սա կարևորագույն խնդիր է, որը չգիտեմ՝ որքանով է թե’ հանրության, թե’ իշխանության, ուշադրության կենտրոնում, բայց կարևորագույն նշանակություն ունի։ Ուստի ընտրել ենք այդ ուղղությունները, և արդեն մոտ կես տարի է՝ աշխատանքները գնում են»։

Գիտական խումբը կամզված է 4 հոգուց, այստեղ ներգրավված են փորձառու ու երիտասարդ մասնագետներ։ Աշխատանքների, այսպես ասենք, գործնական փուլում նոր մասնագետներ նույնպես կներգրավվեն։ Արդեն կես տարի է, ինչ սկսել են աշխատանքները։ 

Ազատյանի խոսքով․  «Առաջին հերթին ամբողջացնում ենք տեղեկատվական բազան, առանց որի աշխատանք չենք կարող անել։ Սպասելիից մի քիչ ավելի դժվար է հավաքվում ինֆորմացիան, բայց հավաքվում է։ Այժմ փորձում ենք հասկանալ, ի՞նչ տեսակի շենքեր կան։ Ինֆորմացիան հավաքագրում ենք տարբեր միջոցներով՝  տեղանշում անելով՝ հատակագծի վրա։ Զուգահեռ ուսումնասիրում ենք նաև, թե ինչ մոտեցումներ կան» ։

Անուշ Օհանյանն ու Մարիամ Քոչարյանը գիտական խմբի երիտասարդ անդամներն են։ Խոստովանում են՝ աշխատատար է, դժվար, բայցև հաճելի ու հետաքրքիր։ Աղջիկները պատմում են․

«Մենք էլ անձնապես ուսումնասիրում ենք բոլոր նյութերը։ Գնում ենք նախագծման ինստիտուտ, փորձում ենք հավաքագրել նյութերը։ Առանձնացնում ենք բոլոր շենքերը։ Դեռ բոլոր վարչական շրջանների ուսումնասիրությունը չենք ավարտել։ Դեռ  փաստագրում ենք։ Ուստի կոնկրետ թվերով չենք կարող ասել»։

Մեկ բազմահարկ շենքի կառուցման համար պահանջվում է մի քանի տարի։ Բայց երկրակեղևի 10-20 վայրկյանանոց ցնցումը կարող է ոչ միայն տարիների աշխատանքը հավասարեցնել հողին, այլ՝ ամենասարսափելին, մարդկային հազարավոր կորուստների պատճառ դառնալ, ինչպես 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը, երբ 25 հազար զոհ ունեցանք։ Հենց այս երկրաշարժն էլ ցույց տվեց խորհրդային տարիներին կառուցված շենքերի ցածր սեյսմակայունությունը։ 

«1988 թվականի Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ 9 բալ երկրաշարժն արդեն աղետ է»,- ասում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալարսարանի ճարտարապետության ֆակուլտետի Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի վարիչ Կարեն Ռաշիդյանցը․

«Այդ շենքերի մեծ մասը վթարային են, մարդկանց կյանքը վտանգի տակ է, եթե հանկարծ երկրաշարժ լինի, անգամ եթե յոթ բալ, աղետ է լինելու։ Խնդիրը շատ արդիական է, կարևորագույն նշանակություն ունի մեր երկրի համար։ Էդ շենքերը անհուսալի են, մարդկանց կյանքը վտանգի տակ է»։

Ամենահեշտ տարբերակը՝ շենքերը քանդելն ու դրանց տեղում նորերը կառուցելն է, սակայն, այս դեպքում բազմաթիվ այլ խնդիրներ են առաջ գալիս՝ բնակչությանը կացարանով ապահովելուց մինչև շինարարական ժամկետերի պահպանում։ Այստեղ է, որ օգնության է գալիս գիտական միտքը։ Գիտնականի խոսքով․

«Մեր բնակֆոնդի 70 տոկոսը այդ շենքերն են, եթե հաշվեմ, գուցե  400 հազար մարդ բնակվի։ Չենք կարող այդ հարցը այդքան պարզ ձևով լուծել։ Նույնիսկ հարուստ երկրներում այդպես չեն անում։ Խնդիրը առաջացավ երկրաշարժից հետո։ Սա բոլորի համար էլ կաևոր հարց է։ Մենք լուրջ ենք մոտենում հարցին, եթե կարողանանք պատկան մարմիններին հասցնենք մեր ձայնը, որ գործը ակտուալ է ու կարևոր, շատ երջանիկ կլինենք։ Նախ պետք է դասակարգենք բոլոր շենքերը՝ ըստ կոնստրուկտիվ համակարգի։ Գուցե լինեն շենքեր, որ ընդհանրապես լուծումներ չգտնենք դրանց համար։ Գուցե ուժեղացման տարբեր ձևեր գտնենք, այնպիսիք, որ շահավետության տեսանկյունից  ձեռնտու լինի մեր ժողովրդին»։

Մասնագետն ասում է, որ աշխարհում ու նաև Հայաստանում կուտակված տեղեկատվությունը շատ է։ Փորձ նույնպես կա, որպես օրինակ բերում է շենքերի մեկուսացումը՝ հիշելով Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանի առաջարկը․   

«Աշխարհում դրանց բարձիկներ են ասում, որը դնում են շենքերի տակ։ Դա սեյսկմակայուն է դարձնում շենքը։ Այդ տեխնոլոգիան ԱՄն-ում, Ճապոնիայում կիրառում ենք։ Քարե պատերով շենքերը այդ բարձիկների միջոցով կարող ենք բերել այսօրվա նորմերին՝ բնակիչներին առանց շենքերից հանելու։ Այս աշխատանքներն անում են զրոյից ներքև հարկում։ Կարկասային շենքերում էլ այլ ձևեր է կարելի՝ կարող ենք կապեր տեղադրել մետաղե էլեմենտներով  կարող ենք կապել։ Կամ՝ նույն մեթոդը կիրառենք, ինչպես անում են արտերկրում, երկնաքեր շենքերի դեպքում։ Մեծ բեռ են կախում շենքի մեջ, որը երկրաշարժի ժամանակ հուսալի է դառնում։ Մենք դա կարող ենք օգտագործել, բայց ոչ թե շենքի մեջ դնենք ծանրությունը, այլ՝ շենքի տանիքին»։

Տարբեր հաշվարկներով՝ մայրաքաղաքում ավելի քան 100 երրորդ և մեկ տասնյակից ավելի չորրորդ կարգի վթարային շենքեր կան։  Յուրաքանչյուր շենք ունի իր առանձհատկությունը՝ փաստում են մասնագետները։ Ավելին, կենտրոնը կառուցապատված է ամբողջությամբ՝ պարագծային կառուցապատմամբ, սրանք էլ քարե շենքերն են։ Պրոֆեսոր Կարեն Ռաշիդյանցն առաձնացնում է հատկապես ճարտարապետական լուծումներ ունեցող շենքերը․

«Ճարտարապետական ժառանգության տեսանկյունից հին Երևանի  շենքերը կարևոր են, դրանք չպետք է քանդենք։ Այդ շենքերը մեր քաղաքի դեմքն են։ Ամեն ինչ պետք է անենք, որ պահենք մեր քաղաքի դեմքը։ Այդտեղից պետք է սկսենք ուժեղացումը»։

Պրոֆեսորն ասում է, որ իրենց  աշխատանքը շատ հետաքրքիր է, իսկ ի՞նչն է հետաքրքիր. «Նայե’ք, վթարային շենք է, ու մենք գտնում ենք այդ շենքը ամրացնելու լուծումը։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ երջանիկ մարդ եք դուք, ինչ արեցիք ու քիչ ծախսերով»։

Նորանկախ Հայաստանում շենքերի 80 և ավելի տոկոսը կառուցվում է Երևանում՝ նոր չափորոշիչներով, որպեսզի դիմակայեն արդեն 9 բալ ուժգնությամբ երկրաշարժին։ Այստեղ էլ մասնագետներն այլ վտանգի մասին են խոսում՝ խիտ կառուցապատման. «Այդ շենքերը, որ քանդվեն, ճանապարհ չի լինի, որ մոտենան, մարդկանց փրկեն»։ 

Ծրագիրը եռամյա է, արդյունքները կլինեն, բայց հետազոտական աշխատանքը ավարտելուց հետո։ Գիտնականները խոստովանում են դժվար է լինելու, բայց՝ ցանկությունն ու պատասխանատվությունը մեծ է։ Հաշվարկենրի համար կդիմեն նաև ինժեներ-կոնստրուկտորների և տնտեսագետների օգնությանը։

Ցուցադրել ավելի
Back to top button