ԿարևորՀասարակություն

Վանաձորի համայնքի ղեկավարի հարցը կկարգավորվի փոփոխված ՏԻՄ օրենքով

Այսօր գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում միայն մեկ հարց էր՝ առաջարկվում էր փոփոխություն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում։ Նախագծի հեղինակ երեք պատգամավորները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից են։

Առաջարկում են՝ այն համայնքներում, որտեղ տարբեր պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, վարչապետին տալ հնարավորություն՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու։ Նախագիծը քննարկվել է առաջին և երկրորդ ընթերցումները 24-ժամյա ռեժիմում կազմակերպելու հատուկ՝ արագացված ռեժիմով։

Վանաձոր համայնքը անցած դեկտեմբերից ղեկավար չունի․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի խոսքով՝ համայնքի բնականոն գործունեությունը խաթարված է։ Նա, Վլադիմիր Վարդանյանը և Արփի Դավոյանը խնդիրը կարգավորելու համար «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխության նախագիծ են ներկայացրել։   

Առաջարկում են՝ եթե միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից  քսան օրվա ընթացքում չի գումարվում, ապա ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը: 

Մամիկոն Ասլանյանը, որի գլխավորած դաշինքը հաղթել էր 2021-ի դեկտեմբերի 5-ի Վանաձորում անցկացված ընտրություններում, դեկտեմբերի 16-ից կալանավորված է, իսկ ավագանու նիստերը չեն կայանում։

Առաջարկվող փոփոխությունը քննարկելու համար խորհրդարանում գումարվել էր արտահերթ նիստ, իսկ նախագիծն ընդունել համար սահմանվել հատուկ ռեժիմ՝ առաջին և երկրորդ ընթերցումները կազմակերպվեցին 24 ժամվա ընթացքում։

 Նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ 2021-ին 45 համայնքներում անցկացված ընտրություններից հետո մի շարք համայնքներում ղեկավարի ընտրության գործընթացը տարբեր պատճառներով ձգձգվել է, ինչը բացասաբար է անդրադարձել համայնքի բնականոն կյանքի և բնակչության սպասարկման վրա։

Վահագն Հովակիմյանին․ «Այնտեղ դատարանի որոշմամբ՝ համայնքի ղեկավար ընտրելու նիստն արգելվել է մինչև վերջնական դատական ակտի կայացումը: Մյուս նիստը հուլիսին է նշանակված: Ստացվում է, որ նորընտիր ավագանին իր կամքից անկախ չի կարող նիստ գումարել, և համայնքի բնականոն գործունեությունը խաթարված է»։  

Նախագծի հիմնավորումը ընդդիմադիրներին չէր բավարարում։ «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանն ասաց՝ իշխանությունն ուզում է ՏԻՄ մարմինները դարձնել նշանակովի, այլապես փոփոխություն  պիտի կատարվեր Վարչական դատավարության մասին օրենսգրքում։

Արամ Վարդևանյան. «Հիմնավորումն էլ,  որ հնչում է, փաստորեն մեղավորն էլ վարչական  դատարանն է։ Այս դեպքում հարց  է առաջանում, ի՞նչու չենք քննարկում վարչական դատավարության հարցը։ Ստացվում է  արգելանքն է խնդիրը։  Իսկ  նման տեսակի վեճերը կարող են լուծվել 10-օրյա ժամկետում։ Աբսուրդ  է, որ այս նախագիծը քննարկում ենք հիմա»։

Ընդդիմադիր պատգամավորները կարծում էին, որ հրատապ քննարկման արժանի այլ հարց կա․ պատերազմական իրավիճակը, ինչի մասին նախօրեին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

ԱԺ-ի  նախագահը ընդդիմադիրներին հորդորեց քննադատելուց բացի նաև օրակարգ առաջարկել, նախագիծ բերել․

«Սեպտեմբերի 27-ից այսկողմ պատերազմի հավանականությունը միշտ գրեթե նույնն է եղել, այսինքն ՝շատ բարձր, իսկ ի՞նչ եք արել, դուք ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններ եք ներկայացրել։ Մեկ այլ բան, եթե Աստված մի արասցե, պատերազմ է սկսվում, Վանաձորում պետք է ՏԻՄ չլինի՞, կամ որևէ համայքնում պետք է տեղական ինքնակառավաման համայնք չլինի՞, բա պաշտպանությունը ո՞նց ենք կազմակերպելու»։

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մարմիններում» փոփոխություն առաջարկող նախագիծը։ Կողմ քվեարկեց 57, դեմ՝ 4 պատգամավոր: «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, փոխարենը հայտարարեց՝ ապրիլի 5-ին հրավիրում է հանրահավաքի Ազատության հրապարակում։  

Back to top button