ԿարևորՀասարակություն

Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այցով եղել է Չեռնոգորիայում

Մարտի 28-29-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այցով Չեռնոգորիայում էր։

Հին մայրաքաղաք Ցետինյեում դեսպանին ընդունել է Չեռնոգորիայի և Ափամերձի Յոանիկիյե Բ միտրապոլիտը։ Զրույցը նվիրված է եղել հայ-չեռնոգորական մշակութային և հոգևոր կապերի վերականգնման անհրաժեշտությանը, Եվրոպայում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին։ Դեսպանը միտրապոլիտին ներկայացրել է Արցախում հայ հոգևոր հարստության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների փաստերը։

Չեռնոգորիայի խորհրդարանի փոխնախագահ, Չեռնոգորիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Բրանկա Բոշնյակի հետ հանդիպումը նվիրված է եղել խորհդարանների միջև համագործակցության զարգացման հեռանկարներին։ Զրուցակիցները մանրամասն քննարկել են իրավիճակն Արևմտյան Բալկաններում և Հարավային Կովկասում, հատկապես, փոքր պետությունների տեսանկյունից։

ՀՀ դեսպանն այցելել է Չեռնոգորիայի Գիտությունների և արվեստների Ակադեմիա և հանդիպում ունեցավ Ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Դրագան Վուկչևիչի հետ։ Քննարկվել են երկու երկրների ակադեմիական հաստատությունների միջև համագործակցության հնարավորությունները, հատկապես, հասարակական գիտությունների, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության կառավարման բնագավառներում։

Բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հեռանկարները, առևտրատնտեսական կապերի ակտիվացումը,  գործարարների պատվիրակությունների այցերը՝ Չեռնոգորիայի Առևտրի պալատի փոխնախագահ Պավլե Ռադովանովիչի հետ ՀՀ դեսպանի հանդիպման առանցքային թեմաներն են եղել։ Այդ աշխուժացմանը կարող է նպաստել Երևանի և Պոդգորիցայի (նախկին Տիտոգրադ) միջև դեռևս խորհրդային տարիներին հաստատված գործընկերության վերականգնումը։

ՀՀ դեսպանը նաև հանդիպումներ է ունեցել Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, էկոնոմիկայի նախարարության գլխավոր տնօրենների, նախագահի հատուկ խորհրդականի, ինչպես նաև մի շարք պատգամավորների և դեսպանների հետ։

Հունաստանի դեսպանի հրավերով՝ ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը ներկա է գտնվել 1821թ․ հունական հեղափոխության հերոս, գեներալ Վասո Բրայովիչի (Մավրովունիոտիս) հուշարձանին ծաղկեպասակների զետեղման հանդիսավոր արարողոթությանը, որին մասնակցել են Չեռնոգորիայի նախագահը, Պոդգորիցայի քաղաքապետը, բազմաթիվ այլ պաշտոնատար անձինք։

Back to top button