ԿարևորՀասարակություն

Զինվորս նորից ծնվեց․ ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Վահե Աբրոյանի եղբայրը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ծննդատանը ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Վահե Աբրոյանը եղբյարը։  Վահանը շարունակելու է  եղբոր կիսատ թողած գործը՝ ասում են ծնողները։ Վահեի մահից հետո նորից զավակ ունենալու մասին չեն մտածել։

Պատերազմից մեկ տարի հետո իմացել են, որ նորից են ծնող դառնալու։ Միակ ցանկությունը որդու՝ խաղաղ երկում մեծանալն է։

Աստղաձորցի Աբրոյանների տան ծուխը նորից կվառվի։ Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Վահե Աբրոյանը եղբայրը՝ Վահանը։  3 կգ․400 գրամ քաշով, 50 սմ հասակով փոքրիկը երիտասարդ ծնողների ապրելու նոր բանաձևն է, կյանքին նոր երանգ տվողը։

«Սպին մնացել է, բայց այս փոքրիկը երևի կփոխի մեր կյանքը։ Արդեն ապրելու իմաստ չկար։ Աստծու կամոք ծնվեց Վահես։ Տղես նորից ծնվեց»։ 

Ամբողջովին եղբայրն է՝ ամուսնուն լրացնում է կինը։ Վերապրում եմ 20 տարի առաջ ապրած մայրական բերկրանքը՝ ասում է 39-ամյա Երանուհին ու երեխային  գիրկը վերցնում։ Միշտ եմ ձեռքերիս վրա պահելու՝ ասում է։

«Ամեն ինչով Վահեին նման է։ 3400 գրամ է, բոյն էլ՝ 50 սմ։ Նույն չափերով էլ Վահես է ծնվել։ Հայացքով էլ է շատ նման Վահեին, նույն խոժոռ հայացքն է։ Միայն մաշկի գույնն է տարբեր։ Վահեն ավելի թուխ էր, Վահանը սպիտակամաշկ է»։

Աբրոյանների զավակը՝ 19-ամյա Վահեն,  երեք ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Հայրը՝ Կարեն Աբրոյանը, սեպտեմբերի 29-ին նույնպես Արցախ գնաց՝ որդու հետ կռվելու։ Սակայն որդին Ֆիզուլիում, հայրը՝ Օմարում են եղել, կռվել են՝ միմյանց այդպես էլ չհանդիպելով։  Վահեն վերջին անգամ ծնողների հետ զոհվելուց երկու օր առաջ է խոսել։ Քաջալերել է նրանց ու մարտի դաշտից ուժ տվել ։ Մեկ ամիս կռվել է Ֆիզուլիում, Հադրութում ու Ջաբրայիլում։  Հոկտեմբերի 28-ին զոհվել է Կարմիր շուկայի տարածքում։

«Հոկտեմբերի 28-ին զանգեցին մորն ու ասեցին, որ Վահեն չկա։ Գնացել եմ Գորիս ու այնտեղ գտել երեխուն։ Թշնամու ԱԹՍ հարվածից էր մահացել»։

Վահեի մահից հետո նորից զավակ ունենալու մասին չեն մտածել։ Պատերազմից մեկ տարի հետո իմացել են, որ նորից են ծնող դառնալու, որդի են ունենալու։ Դժվար հղիություն, պայքար երեխայի կյանքի համար, դժվար ծննդաբերություն։ Այս ընթացքում 39-ամյա Երանուհին մեկ նպատակ է ունեցել՝ ամեն գնով կյանք տալ Վահանին։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Արամ Ղուկասյանին զարմացրել է ծնողների ուժը։ Նրանք էլ են օգնել մասնագետներին՝ արդյունքի հասնելու համար, ասում է։

«Հղիության վերջում ի հայտ են եկել որոշակի բարդություններ, մասնավորապես՝ հղիության հիպերտենզիա, և  էստացիոն դիաբետ։  Կոլեկտիվի թիմային աշխատանքի շնորհիվ հնարավոր է դարձել  հասնել հասուն ժամկետի և դիմել ծննդախթանման, ինչի շնորհիվ ծնվել է փոքրիկը։  ներկայում ծննդկանն ու երեխան բավարար վիճակում են։ Բնական ճանապարհով է եղել ծնունդը»։

Անվան ընտրության հարցում փորձել են քույրերն օգնել։ Սակայն զոհված որդին է  ընտրել եղբոր անունը․ հորը երազում հորդորել է փոքրիկին Վահան կոչել։

«Նորից զինվոր ծնվեց։ Տղան պետք է զինվոր լինի։ Հայրը երազում տեսել է, որ Վահեն եղբոր անունը պետք է Վահան լինի»։

Թե ինչ կդառնա Վահանը, կորոշի ինքը, ասում են ծնողները։ Որդուն միակ մաղթանքն այս պահին խաղաղ երկրում մեծանալն է։

«Հայ ազգին ես ցանկանում եմ շատ բալիկներ ունենալ, մեկ-երկուսով չբավարարվեն»։

Վահանին երկու օրից տանը կդիմավորեն քույրերը։ Փոքրիկի սենյակը պատրաստ է,  խնամքի հարցում կօգնեն քույրերը՝ ասում է Երանուհին։

Back to top button