ԿարևորՀասարակություն

Աղոթքը բերդեր է քանդում. միասնական աղոթ՝ անվտանգ, խաղաղ ու բարօր կյանքի համար

«Հավատքով կատարված յուրաքանչյուր աղոթք անպտուղ չի մնում»: Այս կարգախոսով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի Թեմը միասնական աղոթքի կոչով է դիմել հայությանը՝ ամենազոր Աստծու զորակցությունը խնդրելով արցախահայության անվտանգ, խաղաղ ու բարօր կյանքի համար: Ըստ նախնական հաղորդագրության՝ նախատեսված էր, որ Միասնական աղոթքը տեղի կունենա սբ. Զատկին նախորդող «Ավագ» շաբաթվա բոլոր օրերին՝ ապրիլի 11-ից 16-ը՝ երեկոյան ժամը 19:00-ին: Ըստ մեկ այլ հաղորդագրության էլ՝ ապրիլի 2-ին՝ ժամը 17-ին ևս Արցախի եկեղեցին միասնական աղոթի օր է հայտարարել:

 «Դարձեք դեպի Ինձ, և Ես կդառնամ դեպի Ձեզ»: Աստծո պատգամն այսօր ավելի քան կյանքի կոչելու կարիք ունի: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը մեր երկրի անվտանգությամբ մտահոգ դիմում է հավատավոր հայությանը ապաշխարության կոչով ընդգծում՝ այս իրավիճակից միայն Աստված կարող է մեզ դուրս բերել։  

Եկեղեցու կոչը մեծ ոգևորությամբ քննարկվում է համացանցում, օգտատերերից շատերն անգամ առաջարկներ ունեն։ «Շատ սպասված բան է: Ծոմապահության կոչ էլ կարելի է ավելացնել՝  Նինվեացիների օրինակով։ Սարկավագ Արմեն Հարեյանը հարց է տալիս՝  գիտե՞ք ազգերն ինչպես են բարձրանում ու նվազում, և երբ կապաքինվեն մեր մեղքերը, ու ներկայացնում է Աստծո Խոսքը, «արդարությունը բարձրացնում է ազգը, բայց մեղքը ազգեր է նվազեցնում»։

«Ապաշխարությունը միակ հաստատ պաշտպանությունն է կործանումից: Այս մասին հստակ ասաց մեր Տեր Հիսուս Քրիստոսը, երբ նրան պատմեցին Սիլովամի աշտարակի փուլ գալու և 18 մարդկանց մահվան մասին։ Ասաց՝ կարծում եք այս մարդիկ ավելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղեմում բնակվող բոլոր մարդի՞կ։ Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք»։ Սա նշանակում է, որ եթե ապաշխարեք՝ այսինքն ձեր կյանքը դարձնենք Քրիստոսին ու ապրեք իր պատվիրաններով, ապա չեք կորչի: Հիմա Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը մեր երկրի անվտանգությամբ մտահոգ դիմել է արցախցիներին ապաշխարության կոչով: Եկեղեցին կոչ է անում մեր ժողովրդին՝ անդրադառնալ ապրած կյանքին ու Աստծո հետ ունեցած մեր հարաբերություններին և զարկ տալ սեփական հոգևոր զարթոնքին»:

Հարեյանը խորհուրդ է տալիս իրավիճակից ելքի մասին մտածելիս չմոռանալ պատմության կարևոր դրվագները, թե ինչպես էին անելանելի իրավիճակներում խաղաղ պետականություն կառուցում: Ագաթանգեղոսն իր «Պատմություն հայոց» վկայության մեջ գրում է, որ Տրդատ թագավորը, նրա տիկին Աշխենն ու Հայոց իշխանները երբ դարձի եկան, սիրում էին կատարել Աստծո հրամանները՝ ասում է սարկավագը:

Աստվածաբան Վարդան Խաչատրյանը նույնպես կարևորում է միասնական աղոթքի ուժը, և նշում՝ պատմությունը փաստում է՝ հատկապես պատերազմի մեկնելուց առաջ է կատարվել համընդհանուր աղոթ, որի վառ վկայությունը եկեղեցիների բաց խորաններն են:

«Միասնական աղոթքը քրիստոնեության մեջ, ինչպես նաև պատմության մեջ և դրանից դուրս ունեցել է բացառիկ ազդեցության հնարավորություն: Միասնական կամ հանրային աղոթը նաև էական նշանակություն ունի մյուս կրոններում և կրոնական հոսանքներում՝ ինդուիզմ, իսլամ, բուդդայակնություն: Հնդկաստանի ներկայիս վարչապետը այսօր էլ համընդհանուր աղոթի կոչ է անում: Միասնական աղոթք նշանակում է Աստծո զորության կոչ, Աստծո աչքը պահել հավատավորների վրա: Մեր պատմության մեջ խաչքարերն անգամ ծառայել են դրան. երկնքից վերադարձող Հիսուսին, թե որտեղ է ապրում Աստծո ընտրյալ և հնազանդ ազգը»:  

Ընդհանրական աղոթքի ազդեցությունն ուսումնասիրվել է նաև գիտական տեսանկյունից: Ըստ ամերիկյան ուսումնասիրության՝ առողջական խնդիրներ ունեցող անձանց ապաքինման համար կատարված միասնական աղոթից հետո պարզվել է, որ աղոթքը լուրջ և դրական ազդեցություն է ունեցել տվյալ անձի առողջության համար:   

Մայր Աթոռից «Ռադիոլուրին» հայտնեցին՝ վերջին անգամ Հայ առաքելական եկեղեցին միասնական աղոթքի կոչ արել է 44-օրյա պատերազմի ժամանակ: Ընդհանրական աղոթքին բոլորի աղոթական ներկայությունը ցանկալի է, սակայն աղոթքին Արցախի թեմը խնդրում է միանալ մտքով և հոգով և կոչ է անում հայ ժողովրդին՝ զինվել ամուր հավատով և համբերությամբ` այս դժվարությունների պահին անդրադառնալով մեր ապրած կյանքին ու Աստծո հետ մեր հարաբերություններին, մշտապես ուշադրություն դարձնելով հոգևոր իրականությանը՝ մասնակցել եկեղեցածիսական արարողություններին և զարկ տալ սեփական հոգևոր զարթոնքին:

Back to top button