ԿարևորՀասարակություն

3 մլրդ 114 մլն դրամ՝ 1 ճանապարհահատվածի և  2 կամուրջի  շինարարական աշխատանքների համար

Կառավարությունն ընդունել է որոշում՝ պետբյուջեով նախատեսված  «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում», ինչպես նաև «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովվելու նպատակով: Ըստ այդմ՝ ֆինանսնական միջոցներ կնախատեսվեն Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Թումանյան համայնիքի Քարինջ, Մարց, Ահնիձոր, Լորուտ, Շամուտ և Աթան բնակավայրերի, հիմնանորոգման, Մ-4, Երևան-Սևան-Իջևան- Ադրբեջանի սահմանի  հատվածում՝ Պտղնի, Աբովյան, գտնվող կամրջի և Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահմանի հատվածում՝ Տավուշի մարզի Թեղուտ, գտնվող կամուրջի վերանորոգման աշխատանքների` շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար:

Ընդհանուր առմամբ որոշմամբ նախատեսվում է հատկացնել 3,114,231,008  ՀՀ դրամ, որից շինարարական աշխատանքների իրականացման համար՝ 2,991,548,624 ՀՀ դրամ, տեխնիկական և հեղինակային հսկողության համար՝ 122,682,384 ՀՀ դրամ։ Այսպիսով՝ ֆինանսական միջոցներ կհատկացվեն այս տարի հիմնանորոգման ծրագրով նախատեսված 1 ճանապարհահատվածի և 2 տրանսպորտային օբյեկտի շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ճանապարհների և կամուրջների նորոգման աշխատանքների իրականացումը: Այնուհետև վարչապետը հետաքրքվել է, թե ինչպես են ընթանում այս տարի պլանավորած 500 կմ ճանապարհների հիմնանորոգման  կամ նորոգման աշխատանքները: 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ այդ աշխատանքներին նախապատրաստվել են դեռևս  2021 թվականից. «Ընդգրկել ենք շուրջ 568 կմ ճանապարհ, որի համար սկսվել են տարբեր նախապատրաստական աշխատանքներ՝ մրցույթներ, նախագծեր, շինարարության մրցույթ, տեխնիկական հսկողություն և այլն: Այս 568 կմ ներառում է 87 ճանապարհ, այսինքն՝ 87 վայրում շինարարություն պետք է իրականացնենք: Դրանք գտնվում են տարբեր փուլերում. մոտ 366 կմ արդեն բավական առաջ գնացել ենք, նոր ընկերություններ, կազմակերպություններ կան, պայմանագրեր ենք կնքել, մյուսները՝ ընթացքի մեջ են»:

Վարչապետն անդրադարձել է նաև Սյունիքի մարզում իրականացվող լայնածավալ ճանապարհաշինարարական աշխատանքներին: «Տաթև-Լծեն ճանապարհահատվածը, որը Սիսիանի մոտակայքում պիտի միանա նաև Մ2 ճանապարհին, և Վերին Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհահատվածը մենք պլանավորում էինք, որ այս տարի ավարտենք: Արդյունքում՝  հիմա արդեն ունենք Կապանից Երևան նոր ճանապարհ: Եվս մեկ ճանապարհ կունենանք, որն արդեն Տաթևի ոլորանները կշրջանցի, և ըստ էության, և՛ ժամանակի առումով, և՛ կիլոմետրի առումով Սյունիքի մարզկենտրոնի կապը մայրաքաղաքի հետ ավելի կարճ կլինի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՏԿԵ նախարարը հայտնել է, որ այդ ճանապարհները  6-ն են, և  այնտեղ ամբողջ ձմեռ շինաշխատանքներ են իրականացվել. «Միայն վերջերս առատ ձյան պատճառով աշխատանքները դադարցվել են, բայց առաջիկա օրերին կրկին կշարունակվեն: Ինչ վերաբերում է Տաթև-Լծենին, ապա 19.9 մոտ 20 կմ-ց 15.2 կմ ամբողջովին պատրաստ է: Ընդ որում՝ մեկ շինարարական ընկերություն իր ամբողջ հատվածը պատրաստել է և վերջնական շտկումներն է անում ասֆալտապատման աշխատանքների համար: Վերին Խոտանանի առումով 11 կմ միջանցիկ ճանապարհ ենք կառուցում: Արդյունքում՝  բեռնատարները գյուղից դուրս կբերվեն: Բացի այդ,  այս պահին գործող հատվածում կա 16 ոլորան, փոխարենը նոր հատվածում կունենանք 6 ոլորան»:

Back to top button