Մոռացված ֆիլմերի ստվերները

«Շնչառություն». երբ տեսակցեցին պատմությունն ու ժամանակը․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Անցյալ դարի 80-ականների վերջին Երևանում տեղի ունեցող հանրահավքներից մեկի ժամանակ «Ղարաբաղ» կոմիտեի համահիմնադիր Վազգեն Մանուկյանը մի երկտող ընթերցեց։

Ալբերտ Մկրտչյանի «Շնչառություն» ֆիլմի մասսայական տեսարանի նկարահանման հայտարարությանն արձագանքեցին բազմաթիվ մարդիկ։ Մասսայական տեսարանը նկարահանվեց հաջողությամբ, բայց ֆիլմի գոյության մասին հանրությունը ոչինչ չիմացավ։

Ալբերտ Մկրտչյանի ավելի քան երեք տասնամյակ առաջ նկարահանած «Շնչառություն» ֆիլմում շոշափվող թեման արդիական էր և՛ այն տարիներին, և՛ այսօր։ Կինոնկարի ստեղծման գաղափարը ծնվեց 1987 թվականին, երբ Խորհրդային Հայաստանում տեղի էին ունենում «բնապահպանական» ցույցեր։ Հանրահավաքների կազմակերպիչներն ու մասնակցիները Խորհդային Հայաստանի ղեկավարներից պահանջում էին փակել «Նաիրիտ» գործարանն ու Մեծամորի ատոմակայանը։ Բնապահպանական այս մտահոգությունները, ի վերջո, վերածվելու էին համազգային մի շարժման, որը հարթելու էր Խորհրդային Միությունից Հայաստանի անկախացման ճանապարհը։

Այդ ամենը պետք է տեղի ունենար մի քանի տարի անց, իսկ 87-ի աշնանը Երևանում տեղի ունեցող իրադարձություններին մասնակցում էին Խորհրդային Հայաստանի հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ։ «Շնչառություն» ֆիլմի երկրորդ ռեժիսոր Նորայր Պողոսյանը, վերհիշելով այդ տարիների դեպքերը, նշում է, որ ԽՍՀՄ փլուզմանը նախորդած տարիներին Հայաստանում իսկական բնապահպանական աղետ էր։ 

«Ես հիշում եմ, որ «Նաիրիտ» գործարանի կողքով անցնելիս այնպիսի գարշահոտություն էինք առնում, որ ստիպված մեքենայի պատուհանները բարձրացնում էինք, բայց գործարանի մոտակայքում մարդիկ էին ապրում։ 1986-87 թվականներին էր Սևանի ափերին բազմաթիվ ձկնատեսակներ էին, որոնք լճից իրենց դուրս էին նետում: Այն ժամանակվա բնապահպաններն այսպիսի մի ծիծաղելի վարկած առաջ բերեցին, թե իբր լճում ձուկը այնքան է շատացել, կեր հայթայթելն էլ  այնքան է դժվարացել, որ ստիպված իրենց ափ են նետում»,-պատմում է Նորայր Պողոսյանը։

Նորայր Պողոսյան

Կինոռեժիսոր Ալբերտ Մկրտրչյանն ստեղծում էր կինոպատումներ, որոնք անցյալ դարի 70-ականների վերջին նոր խոսք էին հայ կինոյում։ Հայկական կինոյի անցյալն ու ներկան իր գիտական պրպտումներով բացահայտող կինոգետ Սիրանույշ Գալստյանը, բնորոշելով կինոռեժիսորին, նշում է, որ նա մի բացառիկ առանձնահատկություն ուներ՝ կյանքի ամենաբարդ ու ողբերգական պահերին տեսնում էր գեղեցիկն ու բարին:

«Ալբերտ Մկրտչյանը այն ռեժիսորներից էր, որ նկարահանեց մի շարք հաջողված, ժամանակակից ֆիլմեր, որոնցից ես հատկապես կառանձնացնեի նրա երկու ֆիլմերը` «Կյանքի լավագույն կեսը» և «Շնչառությունը»։ Ինչո՞ւ, որովհետև այս ֆիլմերը դիտելով՝ այսօրվա հանդիսատեսն ամբողջական պատկերացում կարող է կազմել ներկայացվող ժամանակահատվածից, ինչպիսին էինք մենք այդ օրերին, ինչպես էինք ապրում այսինքն ժամանակի էնպիսի նշաններ, որ շատ որոշակիորեն կապված են այդ դարաշրջանի հետ և միևնույն ժամանակ ի դեմս այդ հերոսների կտեսնի կերպարներ, մարդկային բնավորություններ, որոնց մեջ մենք այսօր էլ կճանաչենք մեզ»,-ասում Սիրանույշ Գալստյանը։

Սիրանույշ Գալստյան

Ազատության հրապարակում բնապահպանական խնդիրներին նվիրված հանրահավաքներին մշտապես մասնակցող Ալբերտ Մկրտչյանն այդ շարժմանն արձագանքեց արվեստի լեզվով։ Շարժման խնդիրները արտացոլվեցին նրա ստեղծած կինոսցենարում։ Սցենարը հաստատելուց հետո Ալբերտ Մկրտչյանը բծախնդիր ընտրությամբ կազմավորեց ստեղծագործական խումբը։ «Հայֆիլմ» կինոստւոդիայի սենյակներից մեկում երիտասարդ ռեժիսոր Նորայր Պողոսյանի հետ պատահական զրույցն էլ սկիզբ դրեց նրանց ստեղծագործական համագոծակցությանը.

Ալբերտ Մկրտչյան
auroraprize.com

«Նա այն ռեժիսորներից էր, որ ֆիլմից ֆիլմ նախընտրում էր աշխատել իր թիմի հետ։ Ես այդ թիմի մեջ ընդգրկված չէի, բայց  հենց առաջին զրույցից հետո նա վստահեց ինձ»։

Ստեղծագործական և դերասանական կազմի ընտրությունից հետո, մեր երկրի համար ամենաբախտորոշ ժամանակահատվածում մեկնարկեցին «Շնչառություն» ֆիլմի նկարահանումները։ «Հայֆիլմ» կինոստուդիայի տաղավարներից մեկում՝ Նորատուսում և այլ վայրերում, մի քանի ամիս տևած նկարահանումներին հաջորդած մոնտաժային աշխատանքներն ավարտելուց հետո Երևանում, ապա Մոսկվայում տեղի ունեցավ «Շնչառություն» ֆիլմի պրեմիերան։ Ամենուր ֆիլմն ընդունվեց մեծ ջերմությամբ, բայց արի ու տես, որ այդ ամենին հաջորդեց ավելի քան երեք տասնամյակ կինոարխիվի փոշոտ դարակներում գոյատևելու ճակատագիրը։

«Մի քանի տասնամյակ ես անընդհատ փնտրում էի ֆիլմը և ամբողջ ընթացքում մտածում լավ ինչ եղավ, ուր կորավ այն։ Եվ միայն երեք տասնամյակ անց ինձ նորից բախտ վիճակվեց դիտել կինոնկարը։ Այդ ընթացքում հեռուստաէկրաններին ցուցադրվում էին Ալբերտ Մկրտչյանի նկարահանած և մեզ ծանոթ ֆիլմերը, բայց «Շնչառությունը» այդպես էլ ոչ մի տեղ չցուցադրվեց։ Չնայած իր ասելիքով այն ոչ պակաս կարևորություն ունեցող ֆիլմ է»,- մի քիչ ափսոսանքով, մի քիչ էլ վրդովմունքով է վերհիշում Նորայր Պողոսյանը։

Ինչպես նախորդ, այնպես էլ «Շնչառություն» կինոնկարն Ալբերտ Մկրտչյանը նկարահանել է ժամանակի հրամայականով՝ լուծելու խնդիր, որ լուծված չէ մինչև այսօր. հանքերի օգտագործման չափորոշիչների խախտումներ, պոչամբարների ջրերի մաքրման, գյուղատնտեսական հողերի աղտոտման և հրատապ լուծում պահանջող բնապահպանական այլ խնդիրներ, որ անհագստացնում են մեր երկրի քաղաքացիներին։

Հենց դրանից ելնելով միանշանակ կարող ենք պնդել, որ Ալբերտ Մկրտչյանի «Շնչառություն» կինոնկարի ուղերձը արդիական է մինչև այսօր։

Back to top button