ԿարևորՔաղաքական

Մոնիթորինգի ի՞նչ մեխանիզմ կարող է կիրառվել շփման գծում․ Երեւանը Բաքվին հերթական առաջարկն է ուղղել

Վարչապետ Փաշինյանը կառավարության նիստին խոսել է հայ-ադրբեջանական  սահմանային իրադրության միջազգային մոնիթորինգի անհրաժեշտության մասին՝ տեղեկացնելով՝ հայկական կողմն Ադրբեջանին առաջարկել է այդպիսի մի քանի տարբերակ։ «Մեզ համար ընդունելի կլինի տարբերակներից ցանկացածը, որը կընդունի Ադրբեջանը»,-ասել է վարչապետը։ Մոնիթորինգային ի՞նչ մեխանիզմների մասին է խոսքը, ինչպիսի մեխանիզմներ կարող են կիրառվել, ու ինչ կտա դա Հայաստանին:

Ո՞վ է սահմանին սադրողը և ո՞վ՝ իր սահմանները պաշտպանողը։ Հայաստանի համար այդ հարցի պատասխանն ակնհայտ է և տեսանելի, իսկ միջազգային հանրությանն այդ ամենը ապացուցելը՝ փոքր-ինչ բարդ։ Ադրբեջանի՝ տասնամյակների ստերն ու սադրանքները թե՛ դիվանագիտական, թե՛ այլ հարթակներում նորություն չեն, բայց միջազգային հանրությունն արցախյան սահմանին «աչքեր չունի», որոնք կարող են պարբերական սադրանքների հստակ ապացույցը դառնալ։ Իսկ թե մոնիթորինգային ի՞նչ հնարավոր մեխանիզմների մասին է խոսքը։ Քաղաքագետ Արեգ Քոչինյանի խոսքով՝ նման մեխանիզմներ շատ կան․

«Մեկը տեսաձայնագրող սարքավորումների տեղադրումն է ողջ սահմանի երկայնքով։ Հաջորդը՝ դիտորդական առաքելության ներկայությունն է, ընդ որում, դա կարող է լինել ինչպես միջազգային կազմակերպության դիտորդական առաքելություն՝ օրինակ ԵԱՀԿ-ի, այնպես էլ առանձին երկրների։ Երրորդ տարբերակը «No man’s land» կոչվածն է՝ ոչ մեկին չպատկանող տարածք կամ չեզոք գոտի հասկացությունը, որը բավականաչափ լայն է լինում  որևէ կոնտակտ երկու կողմերի ներկայացուցիչների միջև բացառելու համար»։

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տասնամյակներ տեւած փորձերի ընթացքում ադրբեջանական ագրեսիան կանխելու ու միջազգային հանրությանը ճշգրիտ տեղեկացնելու նպատակով  պարբերաբար առաջարկել է սահմանային մոնիթորինգի և հետաքննության  մեխանիզմներ ներդնել,  սակայն փորձերը տապալվել են փաստացի  Բաքվի կողմից։ Դրա հետևանքով միջազգային կառույցները սահմանային միջադեպերը դիտարկում են «հայելային» էֆեկտով՝ հավասարության նշան դնելով թե սադրող, թե սեփական սահմանները պաշտպանել փորձող կողմերի միջև։ Հենց սա է պետք Ադրբեջանին՝ ասում է Արեգ Քոչինյանը.  

«Դա հայտնի չափով կսահմանափակի Բաքվի հնարավորությունները՝ ուժային ճնշում գործադրելու Արցախի և Ադրբեջանի վրա՝ հասնելու  իր նպատակներին։ Որովհետև Ադրբեջանն ընդհանրապես իր բոլոր պայմանավորվածություններին նայում է փաթեթային տարբերակով։ Ադրբեջանը ցանկանում է բոլոր հարցերը լուծել միաժամանակ՝ սահմանազատում, սահմանագծում, Արցախի կարգավիճակ, խաղաղության պայմանագիր և այլն։ Քանզի առանձին կոմպոնենտների լուծումը կթուլացնի, ինչպես ես արդեն ասացի, Ադրբեջանի հնարավորությունը մեզ հետ խոսելու ուժային ճանապարհով»։

Մի առաջարկ էլ վարչապետ Փաշինյանը հնչեցրել էր դեռ 2021-ի հուլիսի 29-ին՝ կառավարության նիստին նախ հայտարարելով, որ, լինելով ՀԱՊԿ անդամ, Հայաստանը հասկանում է դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը և պաշտոնապես բացառելով Հայաստանի զինված ուժերի կողմից որևէ սադրիչ գործողություն․

«Կարծում եմ, որ Ադրբեջանի և մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով։ ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ, ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը»։

Սահմանային միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրում և մոնիթորինգային խմբի հնարավորությունների ընդլայնում․  այս 2 հիմնական դրույթները հայկական կողմը շեշտադրել է հայ-ադրբեջանական բանակցություններում տարիներ շարունակ։ Մոնիթորինգային մեխանիզմները հիմնականում հայտնի են՝ մի կողմից դրանք տեխնիկակական են,  կոչվում են «օբյեկտիվ վերահսկողության մեխանիզմներ»՝ տեսանկարահանող սարքեր, ձայնային տվիչներ և այլն, մյուսը տեխնիկական տարբեր զինվածությամբ կենդանի ուժի տեղակայումն է։ Նման փորձ եղել է ու կա շատ երկրներում՝ Կոսովո և Սերբիա, աֆրիկյան երկրներ, Դոնեցկում է ժամանակին ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը նման միջոց կիրառել։

Փաշինյանի հաղորդած վերջին վերջին տեղեկությամբ՝ հայկական կողմը կրկին Ադրբեջանին նման մեխանիզմներ է առաջարկել։ Երեւանի համար տարբերություն չկա՝ որը կընդունի Բաքուն։ 

Քաղաքագետ Քոչինյանը եւս կարծում է, որ դա տեխնիկական հարց է։ Էականը, ըստ քաղաքագետի, երկու կողմերի միջև քաղաքական համաձայնության ձեռքբերումն է․

«Եթե այդ քաղաքական որոշումը լինի, ես վստահ եմ, որ թե՛ մեթոդի, թե՛ կատարողի ընտրությունը բավականին կարճ կտևի։ Ամենայն հավանականությամբ դա կլինի մաքսիմալ չեզոք ինչ-որ ձևաչափ դա կարող է լինել ՄԱԿ-ը, կարող է լինել ԵԱՀԿ-ն․․․։ ՀԱՊԿ-ն ավելի քիչ հավանական է, որովհետև առնվազն իրավական առումով ինքը չի կարող համարվել չեզոք կողմ»։

Կձախողի՞ Ադրբեջանը հայկական կողմի սահմանին մոնիթորինգային մեխանիզմների ներդրման հերթական փորձը՝ փորձագետները չեն շտապում կանխատեսել, բայց Հայաստանի  քայլը դրական են գնահատում։

Back to top button