15 րոպեն քիչ է

Բոլոր ժամանակների ամենապինդ գրիչն ունեցող կանանցից ամենակինը․ «15 րոպեն քիչ է»

-Գիտե՞ս, ինքն իր բանաստեղծություններով արդեն տրամադրություն էր,- սկսում է Ռուբեն Մաթևոսյանը։
-Ռուբիկ ջան, պոետները չեն մահանում, դրա համար նրա մասին անգամ անցյալով խոսել չի ստացվում,- շարունակում է Մարտին Վարդազարյանը։

Ռուբեն Մաթևոսյանն ասում է՝ 1970-ական թվականներին Միացյալ Նահանգներում էին՝ Կալիֆորնիայում, այսինքն՝ Լոս Անջելեսում, բազմաթիվ, բազմատեսակ հրաշքներ տեսնելուց հետո, կարևորագույն մի հրաշքի են ականատես լինում, դա հայկական դպրոցն էր։

Եվ ամեն օր դասերի սկսվելուց առաջ, դպրոցի ողջ անձնակազմը մինչև դպրոց մտնելը մի քանի գործողություն էր կատարում։ Նախ երգում էին ԱՄՆ դրոշի երգը, հետո՝ արտասանում Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին», իսկ այս շարքը եզրափակում էր Սիլվա Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը։

Շատ հուզիչ էր, հիշում է։

-Բանաստեղծի կենսագրությունն իր բանաստեղծություններն են,- ասում է Մարտին Վարդազարյանը,- դրա համար նրա կենսագրության մասին խոսել իմաստ էլ չունի։ Բայց պիտի ասեմ, որ ես Սիլվա Կապուտիկյանին առաջին անգամ հանդիպել եմ Մոսկվայում, երբ դեռ տասը տարեկան էի։

-Իսկ ես ներկա եմ եղել նրա հոբելյանական երեկոյին, նորից Մոսկվայում,-շարունակում է Ռուբեն Մաթևոսյանը,- և նրա ասած մի արտահայտություն իմ մտքից չի հեռանում. «Այսպիսի հոբելյաններն անձի համար չեն, ժողովրդի համար են»։

«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել 20-րդ դարի հայ գրական աշխարհի ամենապինդ գրիչն ունեցող կանանցից մեկի, եթե ոչ ամենակնոջ՝ Սիլվա Կապուտիկյանի մասին։

Back to top button