Հատվող եթեր

Տիեզերքին սիրահարված գիտնականը, որի սիրելի հոբբին վրձինն էր ու կտավը․ «Հատվող եթեր»

Նա իր ողջ կյանքը նվիրեց տիեզերքին, նրա տարերքը գիտության խորհրդավոր աշխարհն էր՝ ռադիոֆիզիկան. նրա մտքերը միշտ խիզախ էին և նորարարական, իսկ պատկերացումները՝ լեցուն նոր գաղափարներով։ Նրա մտքի կենտրոնում գաղտնիքներով և առեղծվածային երևույթներով լի տիեզերքն էր, և նրա թողած ավանդը՝ ուսումնասիրությունները, բացահայտումներն ու գիտական հայտնագործությունները, բացեցին ճանապարհ դեպի տիեզերքի խորհրդավոր անսահմանություն:

Անգնահատելի է ռադիոֆիզիկայի, ռադիոինժեներության և ռադիոաստղագիտության ոլորտների հայ ականավոր գիտնական, աշխարհի մի շարք ակադեմիաների և միջազգային ընկերությունների անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարիս Հերունու գիտական գործունեությունն ու ավանդը հայ և համաշխարհային գիտության զարգացման գործում:

Կրթությունը ստանալով Մոսկվայում՝ Պարիս Հերունին վերադառնում է Հայաստան և իր գործունեությունը շարունակում հայրենիքում։ Գիտնականի երազանքն էր ստեղծել իր հզորությամբ ու հնարավորություններով եզակի դիտակ, որը կունենա հզոր ներուժ: Մտահղացումից տարիներ անց միայն նա կարողացավ կառուցել ու շահագործման հանձնել աշխարհում եզակի ռադիո-օպտիկական աստղադիտակ, որը գտնվում է Արագածոտնի մարզի Օրգով և Տեղեր գյուղերի մոտակայքում։

Պարիս Հերունին հեղաշրջում արեց գիտության ասպարեզում, և նրա թողած գիտական ժառանգությունն անգնահատելի է։ Անվանի գիտնականն ուսումնասիրություններ է կատարել նաև հնագիտական աստղագիտության ոլորտում։ Մեծ է նաև նրա ավանդը հայագիտության զարգացման գործում։ Ծավալուն ուսումնասիրություններ է իրականացրել հայոց հնագույն պատմությունից՝ ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփելով իր «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքում:

Պարիս Հերունին հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների, մենագրությունների և արտոնագրերի: Գիտական մեծ ավանդի համար պարգևատրվել է շքանշաններով, մեդալներով, մրցանակներով։ Գիտական աշխատանքից բացի՝ ակադեմիկոսը զբաղվել է նաև նկարչությամբ․ ազատ ժամանակ, վերցնելով ներկերն ու վրձինը, իր մտքերը հանձնել է կտավին:
Զրույց «Հերունու ազգային տիեզերական կենտրոն» ծրագրի ղեկավար, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Արևիկ Սարգսյանի հետ:

Back to top button