

Տոտալիտար համակարգի ամենավառ ներկայացուցիների, օրինակ՝ Նացիստական Գերմանիայի կամ Կուբայի կողքին կարող է տեղ գտնել մեզ առավել մոտ մի երևույթ՝ բազմապատկման աղյուսակը։ Այն չի հանդուրժում շեղում, սուբյեկտիվ մոտեցում, հաշվի չի նստում ցանկությունների հետ։ Թիվն ու հաշիվը բնավորություն ունեն, իսկ առավել հաճախ դրանցով ներկայացվում են մարդկանց ու պետությունների «բնավորությունները»։
Պետությունների, միլիոնավոր մարդկանց, երբեմն էլ՝ ողջ աշխարհի ճակատագիրը որոշող քաղաքական գործիչների քայլերը չափելի են, ինտուիտիվ, բայց մաթեմատիկական օրենքներով բացատրվող։


«Քաղաքական գործիչները դաշինք են կնքում, հետո այն չեղյալ համարում, իսկ քաղաքագետը գալիս է և սեղանին է դնում մաթեմատիկական համակարգ, որով նկարագրում է թե երբ, ինչպես, ինչ պայմաններում դա տեղի կունենար և որ դեպքում տեղի չէր ունենա։ Մարդիկ դա անում են ելնելով իրենց մտածմունքներից, զգացմունքներից և այլն, իսկ մեր առաջադրանքն է ուսումնասիրել դրանց օրինաչափությունները․ ինչու՞ այս մարդը դարձավ հաջողակ քաղաքական գործիչ, իսկ մյուսը չդարձավ։ Դրանք հո պատահականություններ չե՞ն, դրանք նկարագրվում են և հաշվվում»։
«Կովկասի ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը այս գիտությամբ զբաղվում է տասնյակ տարիներ։ Խոստովանում է՝ 4 անգամ քաղաքականությամբ զբաղվելու առաջարկ է ստացել։ Բայց, ասում է, քաղաքական գործիչն ու քաղաքագետը էականորեն տարբեր մարդկային տեսակներ են․
Քաղաքագիտությունը շատ «մաթեմատիկացված» գիտություն է, այստեղ դու ստիպված ես հաշվել շատ բաներ։
«Քաղաքագետը մարդ է, որը ուսումնասիրում է քաղաքականությանը առնչվող բոլոր երևույթները, քաղաքականության զարգացման օրինաչափությունները, ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, ֆիզիկոսը ֆիզիկական երևույթներն է ուսումնասիրում։ Մենք ոչ միայն ուսումնասիրում ենք՝ ինչպես են գործում, այլ նաև՝ որտեղից են առհասարակ հայտնվում քաղաքական գործիչները։ Ակնհայտ է, չէ՞, որ մարդը, որ կարող է լինել Զիմբաբվեի նախագահը, դժվար թե կարողանա նախագահել Հոլանդիայում։ Ակնհայտ է, որ Բելգիայի քաղաքական կառուցվածքը դժվար կլինի կիրառել Սոմալիում»:


«Համեմատական քաղաքագիտության դասին մտավ դասախոսը և ասաց՝ դուք այսուհետ առնչվելու եք որոշակի քանակությամբ մաթեմատիկական գործողությունների և թվերի հետ։ Այդ ժամանակ մեր ամբողջ կուրսի զարմանքը շատ մեծ էր, որովհետև մեծ մասը ուղղակի հաշտ չլինելով բնական գիտությունների ու թվերի հետ՝ եկել էր հումանիտար հոսք ու ընդունվել էր քաղաքագիտության ֆակուլտետ»։


Գոյություն ունեն հատուկ մաթեմատիկական հաշվարկներ և հատուկ մեթոդներ, որոնք պետք է պարտադիր օգտագործվեն ոչ միայն քաղաքագիտության, այլ նաև քաղաքականության մեջ։
Ելենա Հարությունյանն առաջին կրթությամբ քաղաքագետ է, այժմ Սոցիոլոգիայի ֆակուլտետում Հասարակայնության հետ կապեր է ուսումնասիրում։ Քաղաքագիտական առաջին հաշվարկները հենց համեմատական քաղաքագիտության շրջանակներում է արել, երբ պարզեց, որ որակական եզրահանգման համար քանակական հաշվարկներ անելու կարիք կա․
«Մեզ բացատրեց մի հետաքրքիր օրինակով։ Ներկայացրեց, որ իրենց խումբն իրականացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթների վերլուծություն, և դիտարկել են մի տարվա ընթացքում իր գրեթե բոլոր ելույթները՝ թե՛ շնորհավորական ուղերձներ, թե՛ սպառնալից ուղերձներ, թե՛ ներիքին տնտեսական ոլորտին վերաբերող հարցեր ու դուրս են բերել որոշակի քանակությամբ բառեր, որոնք սկսել են ուղղակի հաշվել»։


Ելույթներում որոշակի պարբերականությամբ կրկնվող բառերը, դրանք կիրառելու համատեքստը հաշվի առնելով` խումբը ստացել է վիճակագրություն, որը թույլ է տվել հասկանալ՝ թե ե՞րբ և ի՞նչ ուժգնությամբ լարում կարելի է սպասել սահմանին։
Երկրների արտաքին քաղաքականությունը որոշելիս ևս հաշվարկներ են արվում․
«Երբ որևէ երկրի հետ դու փնտրում ես հատվող շահեր, դրանց հիմքում կրկին ընկած են հաշվարկները։ Որոշակի մասնագիտական թիմ՝ տեխնոլոգներ, հետազոտողներ, սոցիոլոգներ, ուղղակի նստած ամեն օր հետազոտում են տվյալ երկրի քաղաքականությունը ու հաշվարկում են՝ արդյոք ունե՞նք հատման կետեր, թե՞ ոչ։ Դեսպանին որևէ երկիր գործուղելը, որևէ դիվանագիտական հարաբերություն հաստատելը կամ խզելը չի իրականացվում էմոցիաների, զգացմունքների դրդմամբ, այլ իրականացվում է, լավագույն դեպքում պետք է իրականացվի, հստակ հաշվարկներ իրականացնելուց հետո»։
Մաթեմատիկան բանակցությունների նախապատրաստությունից մինչև ընթացք, ամփոփում, ունի շատ մեծ նշանակություն, և կիրառելի է բոլոր ոլորտներում, սկսած բանակցողների թվաքանակից մինչև հանգուցալուծումը կետերով։
«Միջազգային հարաբերություններում վերջին շրջանում մուտք գործեց բաշխիչ բանակցություններ ասվածը։ Սա այն է, ինչ անմիջականորեն կապ ունի մաթեմատիկայի հետ։ Հաշվարկներ, որոնք պետք է հանգեցնեն հակառակորդի պարտությանը»։
Մարիամ Թոփակյանը Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն ամբիոնի ասպիրանտ է։ Պատմում է, որ հաշվարկներն իրենց պետք են գալիս անգամ այն փուլում, երբ դեռ որևէ բանակցություն չի սկսել։ Իսկ դրանցից ամենամաթեմատիկացվածի՝ բաշխիչ բանակցությունների մեջ առանց ճշգրիտ գիտության ոչինչ անել հնարավոր չէ․
«Դա հետաքրքիր ռազմավարություն է, որը բաղկացած է մարտավարական հաղթանակներից, որի մեջ մտնում են նաև անդրկուլիսյան հանդիպումները, և հենց ինքը՝ բանակցային սեղանի շուրջ կայացած հանդիպումները։ Ի՞նչ պետք է անել՝ նախապես կազմել ռազմավարություն՝ առաջնահերթությունների ընդգծմամբ, օրինակ՝ մեզ պետք է այս տարածքը այս պայմաններով անցնի իքս պետությանը, նրանք կենտրոնացնում են իրենց ռեսուրսները, մաթեմատիկան այստեղ է պետք գալիս՝ ռեսուրսների գնահատում։ Թեկուզ թվային արժեքով, թեկուզ որոշակի ալգորիթմնային վերլուծություններով։ Հաջորդ մասը՝ ինչպե՞ս հասնել դրան։ Սա էլ տրամաբանության արտահայտությունն է»։


Մասնակցե՞լ հանրահավաքի, թե՞ չմասնակցել, քվեարկել ա՞յս, թե՞ այն ուժի օգտին, դո՞ւրս գալ հրապարակ, թե՞ ոչ, դառնա՞լ քաղաքական ակտիվիստ, թե՞ չդառնալ։ Սրանք լրջորեն մտածելու հարցեր են։ Մարդը մտածում է, վարվում այս կամ այն կերպ, իսկ հետո գալիս է քաղաքագետը և ասում, որ այս սեռի, տարիքի, սոցիալական կարգավիճակի մարդկանց, օրինակ, 85 տոկոսը վարվել են ճիշտ այդ կերպ։ Այսինքն՝ դա ոչ թե որոշում, այլ օրինաչափություն է։
Դիվանագետները չափում ու կշռում են պետական շահերը, քաղաքական գործիչները կայացնում են ինտուիտիվ, բայց որոշակի հաշվարկների վրա հիմնված որոշումներ, մաթեմատիկան ևս, այսպես ասած, զբաղվում է քաղաքականությամբ։