Երաժշտական եռանկյունի

Հայկական ֆյուժն դուետ․ «Երաժշտական եռանկյունի»

Դաշնակահար Արթուր Թադևոսյանը և կիթառահար Լևոն Սիմոնյանը երկար տարիներ աշխատել են միմյանց հետ՝ մասնակցելով բազմաթիվ կոմերցիոն նախագծերի՝ որպես հրավիրյալ երաժիշտներ:

«Մեր համագործակցությունը ինքնաբերաբար կայացավ: Հյուրախաղերի և փորձերի ժամանակ բացի պարտադիր ծրագիրը նվագելուց բնականաբար շփվում և կիսվում էինք իրար հետ երաժշտական մտահղացումներով և էսքիզներով:

Ինչ-որ պահի անհրաժեշտություն զգացինք «տեսքի բերելու» ստեղծագործությունները և ներկայացնելու հասարակությանը»,-ասում է դաշնակահար Արթուր Թադևոսյանը:

Շարունակելով գործընկերոջ խոսքը՝ Լևոն Սիմոնյանը հավելում է, որ իրենց նախագծերը բնույթով ստուդիական են և դեռևս առիթ չի եղել դրանք ներկայացնելու բեմից.

«Իմ և Արթուրի մոտեցումները և մոտիվացիաները կոմերցիոն մոդելներից դուրս են, մենք համախոհներ ենք, սիրում ենք ստեղծագործել միասին, և դա նաև համախմբում է մեր շուրջն այն երաժիշտներին, որոնք իրենց իրական հետաքրքրությունը տեսնում են ո՛չ թե րոպեկան շահի մեջ, այլ՝ ազատ ստեղծագործելու հաճույքի»,- ասում է կիթառահար Լևոն Սիմոնյանը:
Իմ երկու զրուցակիցներն էլ ստացել են դասական ակադեմիական կրթություն:

Արթուր Թադևոսյանը բազմաթիվ դաշնամուրային մրցույթների մասնակից և հաղթող է, իսկ կիթառահար Լևոն Սիմոնյանը հանրային ռադիոյի «էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի» երաժիշտ է:

Երկար տարիների համագործակցությունն իր արդյունքն է տալիս, և երաժիշտների կողմից ներկայացվում է համացանցային հարթակներում՝ տեսահոլովակների ձևաչափով: Դա թույլ է տալիս երաժիշտներին իրենց համագործակցության շուրջ ստեղծել միջազգային հետաքրքրություն և մտածել համերգային նախագծի մասին, ինչին նրանք պատրաստվում են՝ հղկելով երկացանկը: Հաղորդման ընթացքում ներկայացված են երկյակի կատարումները, ինչպես նաև երաժիշտների դասական մենանվագները:

Ցուցադրել ավելի
Back to top button