Սփյուռքի ձայնը

Հայաստան տեղափոխվող ուկրաինահայերին աջակցությունը տրամադրվում է մի քանի ուղղությամբ․ «Սփյուռքի ձայնը»

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով այդ երկրում ապրող հայերը ևս բազմաթիվ լուրջ խնդիրների առաջ են կանգնած: Հայերից շատերը փորձում են լքել երկիրը՝ տեղափոխվելով հարևան երկրներ, այնտեղից էլ մի մասը գալիս է Հայաստան:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը նշում է, որ պատերազմի հենց առաջին օրերից հանձնակատարի գրասենյակը փորձել է կապեր հաստատել թե՛ Ուկրաինայում գործող հայկական կազմակերպությունների ու միությունների, թե՛ տարբեր երկրներում Հայաստանի դեսպանատների հետ:

«Մոտ 400 հազար հայություն ունեցող Ուկրաինայից այսօր էլ հոսքը շարունակվում է: Նրանք, ովքեր ունեն ֆինանսական կամ այլ խնդիրներ, պետք է դիմեն կամ միություններին կամ հյուպատոսություններին՝ խնդիրները լուծելու և Հայաստան տեղափոխվելու համար: Չդիմելու պարագայում որևէ տեղեկատվություն չենք ունենա նրանց օգնելու համար»,- ասում է Հովհաննես Ալեքսանյանը:

Նա ընդգծում է, որ այսօր հատկապես Դոնբասի շրջանից է դժվար դուրս գալը։ «Մեր տեղեկություններով այնտեղ ապրող հայերը նույնպես դուրս գալու հնարավորություն չունեն, ինչպես մյուս բնակիչները: Նրանք, ովքեր գյուղական տարածքներում են բնակվում, ավելի ապահով են, քան` քաղաքային շրջաններում բնակվողները»,- նշում է Ալեքսանյանը:

Ինչ վերաբերում է Հայաստան տեղափոխվածներին, ապա Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը նկատում է, որ նրանք, ովքեր ունեն Հայաստանի քաղաքացիություն, ավելի հեշտ են խնդիրները կարգավորում:
«Հիմնականում մեզ դիմում են աշխատանքի, կեցության, բիզնեսի տեղափոխման ու նաև երեխաներին ռուսական թեքումով դպրոցներում տեղավորելու հարցերով»,- ասում է:

Հանձնակատարի գրասենյակը ամենօրյա և ամենժամյա ռեժիմով աշխատում է և, եթե կան հայեր, որոնք դիմում են իրենց մինչ դեսպանատներ դիմելը, նրանց տվյալները փոխանցում են համապատասխան գերատեսչություններ՝ գործընթացն արագացնելու և արդյունավետ դարձնելու համար` վստահեցնում է Հովհաննես Ալեքսանյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button