ԿարևորՔաղաքական

«Բայց»-եր ու «անընդունելի»-ներ․ հայկական կողմը մտահոգ է երկաթուղու մասով Բաքվի պահվածքից

ՀՀ տարածքով որեւէ միջանցքի գոյություն նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի նախատեսում։ Հայաստանն էլ չի ընդունել եւ չի ընդունելու միջանցքային որեւէ տրամաբանություն՝ վարչապետն է հայտարարել՝ ընդգծելով՝ հայկական կողմը պատրաստ է կառուցել ու  բացել ճանապարհ ու երկաթուղի։ Եռակողմ հայտարարության 9-րդ կետում Հայաստանի որևէ տարածքի նկատմամբ որեւէ այլ երկրի վերահսկողության դրույթ պարզապես գոյություն չունի։ Հայկական կողմում  երկաթուղու վերագործարկման հետ կապված ռիսկեր են տեսնում։ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է՝ աշխատանքները կսկսեն՝ համաձայնագրի առկայության դեպքում։ Փորձագիտական դաշտում անվտանգային խնդիրներն են մատնանշում։ 

Վերակառուցել  Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին, վերաբացել կամ կառուցել ավտոմոբիլային ճանապարհ, որը նաև կկապի Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի հետ՝ սահմանին իրականացնելով  մաքսային եւ այլ հսկողություններ։ Երեւանի առաջարկն է Բաքվին։ Հայաստանի վարչապետը  2020-ի  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի մասով կրկին հիշեցնում է տարածաշրջանում  տրանսպորտային եւ տնտեսական կապերի վերականգնման դրույթն ու հայտարարում՝ Ադրբեջանը խեղաթյուրում է  այդ կետը։

«Ադրբեջանը մեր այս դիրքորոշումը եւ ընդունում է եւ չի ընդունում: Եւ սա արտահայտվում է հետեւյալում. նրանք ասում են, որ համաձայն են այս ճանապարհի գործարկման ցանկացած իրավական ռեժիմի, բայց նույն ռեժիմը պետք է գործի նաեւ Լաչինի միջանցքում, եւ այս դիրքորոշումը հիմնավորելու համար հղում են անում նոյեմբերի 9-ի հայտարարությանը»։

Փաշինյանն ադրբեջանական մոտեցումն անհիմն է որակում երկու պատճառով. նախ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Հայաստանի որեւէ տարածքով միջանցքի հիշատակում չկա, կա «Լաչինի միջանցք» արտահայտություն, բայց՝  

«Լաչինի միջանցքը ոչ թե կամ ոչ միայն ճանապարհ է, այլեւ տարածք, որն ունի 5 կիլոմետր լայնություն: Այդ ողջ տարածքը, ըստ եռակողմ հայտարարության, ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո է: Եռակողմ հայտարարության 9-րդ կետում Հայաստանի որևէ տարածքի նկատմամբ որեւէ այլ երկրի վերահսկողության դրույթ պարզապես գոյություն չունի»։

Հայաստանի կառավարության ղեկավարը Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի զուգահեռները տարօրինակ  է համարում մի քանի պատճառով: Թվարկում է՝  Նախիջեւանն Ադրբեջանի հետ ունի ցամաքային կապ Իրանով եւ Թուրքիայով: Օդային կապ՝ Իրանի, Թուրքիայի եւ Հայաստանի օդային տարածքով: Մինչդեռ՝  

«Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ ունի միայն ցամաքային կապ միայն Լաչինի միջանցքով, եւ Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից որեւէ կերպ վերահսկվող տարածք դարձնելը նշանակում է միայն  մեկ բան՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափում»։

Եւ մի քանի «անընդունելի»-ներ․որոնք ներկայացնում է հայկական կողմը։ Անընդունելի է Լաչինի միջանցքի համեմատությունը Հայաստանով բացվելիք ճանապարհի հետ։ Անընդունելի է միջանցքային որևէ տրամաբանություն։ Հայաստանի վարչապետն ընդգծում է՝ հայկական կողմը պատրաստ է առաջարկների շրջանակում կառուցել ու  բացել ճանապարհն ու երկաթուղին, բայց եթե դե յուրե  նշանակություն ունեցող համաձայնագիր ստորագրվի։ Այլապես Ադրբեջանի հետ ռիսկեր կան․ 

«Մենք շատ կոնկրետ ռիսկ ենք տեսնում, երբ Հայաստանը կկառուցի ե՛ւ ճանապարհը, ե՛ւ երկաթուղին, իսկ Ադրբեջանը կհրաժարվի բացել սահմանը: Եւ կստացվի, որ մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրում պահանջած ենթակառուցվածքներից չեն կարողանա օգտվել ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ երրորդ երկրները, եւ Հայաստանը պարզապես կկորցնի մի քանի հարյուր միլիոն դոլար»։

Ռիսկի կողքին՝ առաջարկ՝ երկաթուղու վերագործարկման պայմանավորվածություններն արձանագրել դե յուրե, համաձայնեցնել երկաթուղու պարամետրերը եւ սկսել շինարարությունը: Կամ դա անել փաթեթով՝ ներառելով ավտոմոբիլային ճանապարհը։ Մենք պատրաստ ենք, հենց լինի դրական արձագանք՝ ասում է Փաշինյանը։

Ապաշրջափակման հարցերով անցյալ տարի ստեղծված եռակողմ աշխատանքային խումբն այս տարի դեռ չի հանդիպել։ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերից կազմված խմբի վերջին հանդիպումը նախորդ տարեվերջին էր։  Իսկ դեկտեմբերի կեսին Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը նախ Բաքվում Ալիեւի հետ քննարկեց  Հարավային Կովկասում տրանսպորտային  ապաշրջափակումը, ապա  փետրվարի սկզբին ՝ Երեւանում՝ Հայաստանի փոխվարչապետի հետ։ Մհեր Գրիգորյանը դեռ փետրվարին ասել էր, որ երկաթգծի հարցով փոխըմբռնում կա։ Այս ընթացքում հայկական կողմում ստեղծված  աշխատանքային խումբն արդեն սկսեց աշխատել, գույքագրել ռեսուրսները, այցելել մարզեր, որտեղ պետք է վերականգնվի երկաթգիծը։ Խնդիրներ արձանագրել են։ Արդյունքներից դեռ չեն խոսում։ Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման ծրագրի աշխատանքային խմբի անդամ, նախկին նախարար   Հենրիկ Քոչինյանը «Ռադիոլուր»–ին փոխանցել էր, որ վերջին աշխարհաքաղաքական զարգացումները բացասաբար են ազդել աշխատանքների  վրա։

«Հայկական իրականությունն այնպիսին է, որ աշխարհի որ անկյունում էլ մի բան կատարվի, ազդում է մեզ վրա, եթե հատկապես  կոնֆլիկտի մեջ մեր ռազմավարական գործընկերն է»։ 

Տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման եռակողմ խմբի առաջիկա հանդիպման ժամկետ դեռ չկա։ Փորձագիտական դաշտում խոսում են անորոշությունների ու անվտանգային ռիսկերի մասին։ Վարչապետ Փաշինյանն իր հերթին շեշտում է՝ Հայաստանը պատրաստ է, եթե Ադրբեջանից դրական ազդակ լինի եւ եթե փաստաթղթերով հստակ ամրագրվեն անելիքները։

Back to top button