ԿարևորՀասարակություն

Արմավիրի մարզում կկառուցվեն սեյսմակայուն դպրոցներ, հները կնորոգվեն

Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով Արմավիրի մարզում Տարածքային զարգացման հիմնադրամը  Պտղունք, Փարաքար, Մրգաշատ և Ջրարբի գյուղերում նոր դպրոցներ է կառուցելու: Պտղունքի դպրոցի շինարարությունը սկսվել է 2021թ-ին, նախատեսում են շահագործել նոր ուսումնական տարում: Փարաքարի միջնակարգ դպրոցի շինարարությունը կսկսվի շուտով: Պետբյուջեի միջոցներով մարզում կնորոգեն 9 դպրոց:

Արդեն 28 տարի՝ Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի դպրոցը գործում է մանկապարտեզի հարմարեցված  երկհարկանի շենքում: Դասասենյակներն անցնում են իրար միջով՝ ինչպես մանկապարտեզում խմբասենյակները։  Դպրոցում 140 աշակերտ է սովորում:

Լիլիթ Խաչատրյանը դասվար է, նույն դպրոցի շրջանավարտ.

«Սա եղել է մանկապարտեզ։ Հետո հարմարեցվել է որպես դպրոց,  քանի որ աշակերտների թիվն աճել է, և անհնար էր այնտեղ դասեր անցկացնել:  Շատ մեծ մանկապարտեզ էր, շրջակա 2-3 գյուղի երեխաներն այստեղ էին գալիս: Երբ մանկապարտեզը տեղափոխվեց հին դպրոցի շենք, 1-2 տարի գործեց ու փակվեց»:

Դպրոցի հարմարեցված շենքը հիմնանորագման կարիք ունի: Մի քանի տարի առաջ փոխվել են պատուհաններն ու տանիքը, անցկացվել  ջեռուցման համակարգ, բայց ներսում անմխիթար վիճակ է: Ծովինար Սահակյանը սովորում է 12-րդ դասարանում.

«Ավելի հարմարավետ կլիներ, եթե վերանորգված լիներ: Ճիշտ է, փոփոխություններ կատարվում են, բայց վատթար վիճակում է։ Եթե լիներ գունագեղ, սիրուն պաստառներով, ավելի ոգևորող կլիներ, ավելի կենտրոնացնող»:

Կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել և կառուցել շուրջ 300 դպրոց և 500 մանկապարտեզ: Արմավիրի մարզում անցած տարի վերանորոգվել է 8 դպրոց, ծրագիրն այս տարի էլ կշարունակվի, բայց Վարդանաշենի դպրոցը ցուցակից դուրս է: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի խոսքով՝ մինչև  2026թ. հերթը Վարդանաշենին էլ կհասնի.

«Ներկայացրել ենք կառավարություն և ԿԳՍՄ այն դպրոցների ցանկը, որոնք վերանորոգման խիստ կարիք ունեն: Դեռ քննարկման փուլում է։ Թե երբ կսկսվի, հիմա չեմ կարող ասել»:

Հիմնանորոգման ցուցակում ընդգրկված են Ջանֆիդայի, Հայկաշենի, Գեղակերտի, Արևիկի, Նոր Կեսարիայի , Մրգաշատի թիվ 2 միջնակարգ,  Վաղարշապատի թիվ 1, թիվ 9 և  թիվ 11 հիմնական դպրոցները:  

Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով մարզում 4 դպրոց  է կառուցվելու: Պտղունքի հին դպրոցը քանդել ու նորն են կառուցում,  հերթը Փարաքարի միջնակարգ դպրոցինն է: Անցած շաբաթ, գարնանային արձակուրդի ընթացքում, տեղափոխվեցին հիմնական դպրոցի հին  շենք։ 2017-ից  դպրոցը չի գործում, այն միավորվել է Փարաքարի միջնակարգի հետ: Աշակերտների թիվը 640 է,  դասերը երկհերթ են կազմակերպել: Շենքում ջեռուցում չկա, ջեռուցման համակարգն ու գազատար խողովակներն ապամոնտաժվել էին:

Փարաքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմենուհի Տեր-Խաչատրյանն ասում է՝  դասասենյակներում ցուրտ է, 5 րոպեով կրճատել են դասաժամերը.

«40 րոպե ենք դարձրել, որովհետև երեխաները մրսում են: Պատկերացրեք, դասերի ժամանակ ֆիզվարժություններ ենք անում: Ջեռուցման համակարգը այս 2-3 օրվա մեջ ենք անցկացրել, վերամոնտաժել։ Մնում է  «Գազպրոմ»-ը գազը միացնի: Էլեկտրական լարերն էլ են խնդիր։ Աշխատում ենք աստիճանաբար կարգավորել: Շատ հին շենք է»:

Շենքը կառուցվել է 1937-ին։ Արձակուրդներին հասցրել են դպրոցի միջոցներով տեսքի բերել դասարանները, կարգավորել տանիքի վնասված հատվածները: Փարաքարի միջնակարգ դպրոցի շենքը վթարային է՝ 3-րդ և 4-րդ կարգի, մասամբ՝ փլուզված.

«Դպրոցում հատվածներ կային, որոնց վերևի երկաթբետոնյա սյուները լրիվ փլվել էին։ Շատ վտանգավոր էր շենքում դաս անցկացնելը: Մի խոսքով՝ սեյսմակայուն չէ»:

Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով կառուցվող նոր, սեյսմակայուն դպրոցներն ունենալու են ապաստարաններ:  Այս դպրոցները կառուցում է Տարածքային զարգացման հիմնադրամը։ Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյան.

«Պտղունքի միջնակարգ դպրոցի շինարարական աշխատանքները սկսվել են 2021թ-ին։ Ամբողջ թափով ընթանում են, և այս սեպտեմբերին կհանձնվեն շահագործման: Օրերս կսկսվի Փարաքարի միջնակագ դպրոցի կառուցումը։ Նախագծային ու նախահաշվային փաստաթղթեր են կազմվում նաև մարզի Մրգաշատ և Ջրարբի դպրոցների կառուցման  համար»:

Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից կառուցվող դպրոցների հիմնական վարկատուն Ասիական զարգացման բանկն է, կառավարության չափաբաժինը պահանջվող գումարի 16.7 տոկոսն է: Պետբյուջեի միջոցներով Արգինա համայնքում կառուցվում է փոքր համակազմ ունեցող մոդուլային դպրոց: Շինարարության ավարտը 2022-ի դեկտեմբերն է:

Back to top button