ԿարևորՀասարակություն

Աշխատատեղերի համար վճարված եկամտային հարկի 50 տոկոսը կվերադարձվի․ ու՞մ համար է պետաջակցությունը

ՏՏ ոլորտի կազմակերպություններին, որոշակի պայմաններ բավարարելու դեպքում, կվերադարձվի նոր ստեղծված աշխատատեղերի համար վճարված եկամտահարկի 50 տոկոսը։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյան․

«Այսինքն, պետք է լինեն բոլորովին նոր ստեղծված աշխատատեղեր, և դրանք չպետք է ունենան 100,000 դրամը գերազանցող հարկային պարտավորություններ: Այս պայմանները բավարարելու դեպքում թե՛ գործող, թե՛ նոր ստեղծված ընկերությունները պետությունից կստանան նոր աշխատատեղերի համար վճարված եկամտահարկի 50 տոկոսը՝ որպես պետական աջակցություն»։

Աջակցության ծրագիրը պիլոտային է, նախատեսվող կարգավորումները ուղղվելու են մրցունակ միջավայրի ստեղծմանը և բարձր մասնագիտական որակավորմամբ աշխատուժի ներգրավմանը։ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ Մարիամ Մանուկյան․

«Աշխատատեղերի հետ կապված մի պայման էլ կա։ Այդ նոր ընդունված աշխատողները 2022թ-ի մարտին նախորդած վեց ամսում չպետք է հանդիսանան Հայաստանի աշխատողներ։ Այսինքն, եթե մարտին նախորդող վեց ամսում աշխատանքային կամ քաղիրավական պայմանագրի շրջանակում  աշխատողներ չեն հանդիսացել»։

Պետական աջակցությունը տրամադրվելու  է մարտին և դրան հաջորդող 11 ամիսներին։   Մեկ տարի անց՝ պիլոտային ծրագրի արդյունքներով վերլուծություններ կարվեն՝ ոլորտում ավելի համապարփակ քաղաքականություն մշակելու համար։ Նոր հաշվառված ԱՁ-ները պետք է առնվազն 50 աշխատող ունենան։   

«Աջակցությունը տրամադրվում է շահառու կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը։ Այսինքն, ոչ թե աշխատողների միջև է վերաբաշխվում, այլ հենց տրամադրվում է աջակցության համար դիմած, այդ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողին»։

Աջակցության ծրագիրը վերաբերում է Հայաստանում գրանցված ընկերություններին, անհատ ձեռնարկատերերին և օտարերկրյա իրավաբանական անձանց Հայաստանում հաշվառված մասնաճյուղերին։ Nooor ընկերության հիմնադիր Վիգեն Առուշանյան․

«Սա ավելի շատ ուղղված է այն ընկերություններին, որոնք, գուցե, այլ շուկաներում են աշխատում, գուցե այլ երկրում են գրանցված և տեղափոխվելիս մեծ շահում կունենան այդ դաշտում։ Որովհետև ուղղակի խոսել նրա մասին, որ, այ, հիմա, եթե 50 աշխատատեղ բացենք, ինչ-որ մի բան ավել կստանանք, այդ 50 աշխատատեղը ուղղակի չի բացվում։ Այդքան գործ էլ պետք է լինի, այդքան լուծելու խնդիրներ էլ պետք է լինեն, նաև այդքան աշխատող պետք է գտնել շուկայում։ Իհարկե, լավ է, բայց կարծում եմ, որ դա ավելի շատ ուղղված է արդեն իսկ գործող մեծ ընկերություններին, որոնց համար Հայաստանը կարող է հետաքրքիր լոկացիայի տեղ դառնալ։ Ինչու՞ ոչ, եթե   դրանից շահելու են բոլորը»։ 

ACX Solutions International ընկերությունը դեռ մեկուկես տարի առաջ փնտրտուքի մեջ էր․ բիզնեսի հեռանկարների համար սկսեցին տարբեր շուկաներ ուսումնասիրել և որոշեցին իրենց գլխավոր գրասենյակը հիմնել Հայաստանում։ Ընկերության երեք հիմնադիրներից երկուսը հայեր են, սակայն ընկերությունը Բուլղարիայի, Հարավային Ամերիկայի և Վրաստանի փոխարեն այստեղ հիմնելու գլխավոր պատճառը դա չէր՝ ասում է ընկերության գործադիր տնօրեն, լատվիացի Թոմս Փաուդերսը․

«Համալրման հեռանկարի առումով սա հրաշալի երկիր է։ Այստեղ շատ հրաշալի մարդիկ կան։ Մենք շատ արագ հասկացանք, որ ուզում ենք զարգանալ ոչ միայն տեղացիների, այլև աշխարհում եղած հայերի վրա հիմնվելով։ Մենք հասանք Լիբանանի, Սիրիայի համայնքներին։ Այնտեղ մեծ հայկական համայնքներ կան, և կարող ենք օգնել այս մարդկանց վերադառնալ Հայաստան, աջակցենք տեղափոխման, բնակարանի հարցերով։ Մենք, իսկապես, փորձում ենք հոգ տանել մեր աշխատակիցների մասին»։  

Ընկերությունը համագործակցում է Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ՝ հետագայում բուհից մասնագետներ համալրելու նպատակով։ ACX Solutions International-ը ձգտում է փոխել կրիպտոարժույթների ինդուստրիայում մատուցվող ծառայությունների որակը։ Հայաստան տեղափոխվելու, ընկերությունը գրանցելու գործընթացում մի շարք  բարդությունների են հանդիպել՝ ասում է Թոմս Փաուդերսը․

«Մարդիկ ամենակարևորն են և մեծագույն ասպեկտը, թե ինչու ընտրեցինք Հայաստանը։ Բացասականն այն էր, որ ընկերությունը գրանցելու համար սարսափելի գործընթացի միջով պետք է անցնեինք։ Դա անձնապես ինձ համար դժվար էր, որովհետև օտաերկրացի եմ։  Ընկերության գրանցումն այստեղ ավելի դժվար է, քան եվրոպական որոշ երկրներում։ Շատ բաներ օնլայն հնարավոր չէր անել։ Օրինակ՝ անհրաժեշտ էր Ոստիկանություն գնալ, ու քանի որ հայերեն չէի խոսում, ինչ-որ մեկը պետք է ուղեկցեր ինձ, որ սոցիալական քարտ ստանայի»։

Կառավարության  2021-2026 թթ-ի ծրագրում նշված է, որ մինչև 2026 թ․ նախատեսվում է ունենալ շուրջ 35,000 զբաղվածներ և ոլորտի շրջանառությունը հասցնել 500 մլրդ դրամի, որը կկազմի ՀՆԱ-ի 6-7%-ը։ 2020 թ․ տվյալներով այս ցուցանիշը 4% է։ Այսպիսով, Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում կստեղծվի առնվազն 16,000 նոր աշխատատեղ։ Աջակցման ծրագրի հիմքում կառավարության 2021-26թթ ծրագիրն է։

Back to top button