ԿարևորՀասարակություն

ԱՀ ՄԻՊ-ն այցելել է Խրամորթից տեղահանված անձանց

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից այս պահին տեղահանված և Ստեփանակերտում ժամանակավոր բնակվող անձանց, հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ 

Ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով խաթարվել է Խրամորթ և Փառուխ համայնքների բնականոն կյանքը, որի հետևանքով տուժել են ավելի քան 400 անձինք, այդ թվում կանայք, երեխաներ, տարեցներ։ Տեղահանված անձանց մի մասը ժամանակավոր տեղավորվել է հարազատների և բարեկամների բնակարաններում, մի մասն էլ Կառավարության կողմից ապահովվել է ժամանակավոր կացարաններով։ 

Տեղահանված անձանց հետ ունեցած առանձնազրույցների ընթացքում արձանագրվել է, որ առաջին անհրաժեշտության աջակցություն ստացել են Ասկերանի շրջանի վարչակազմի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից և Կարմիր խաչի միջազգային կոմիտեից, իսկ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից իրականացվել է կարիքների գնահատում։ 

Խրամորթ և Փառուխ համայնքներից տեղահանված բնակչությանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելությունը տրամադրվել է սնունդ և հիգիենայի պարագաններ, ցուցաբերվելու է նաև ֆինանսական բնույթի աջակցություն։ Պաշտպանը լիազոր մարմինների ուշադրությունն է հրավիրում արձանագրված հետևյալ խնդիրների վրա՝- Տեղահանված անձանց շրջանում առկա է հոգեբանական խոցելիության բարձր աստիճան, անհրաժեշտ է իրականացնել հոգեբանական աջակցության միջոցառումներ։

 — Որոշ ընտանիքներում արձանագրվել է կենցաղային որոշակի իրերի բացակայություն։- Խախտված է երեխաների կրթության իրավունքը, գործնականում նշված համայնքներից տեղահանված նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաները զրկվել են հարազատ միջավայրում կրթություն ստանալու հնարավորությունից։ 

— Նշված համայնքներից տեղահանված անձանց շրջանում առկա է արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման անհնարինություն։ ՄԻՊ աշխատակազմի կողմից շարունակվում են խոցելիության բարձր աստիճան ունեցող անձանց՝ մասնավորապես տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության մշտադիտարկումները, արձանագրվող խնդիրները հավաքագրվում և ուղարկվում են պետական լիազոր մարմիններին։

Back to top button