ԿարևորՔաղաքական

Ադրբեջանի պատերազմի «մենեջերը»․ որո՞նք են Մեծ Բրիտանիայի ԶՈւ նախարարի՝ Բաքու այցի տեսանելի ու մութ կողմերը

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար Ջեյմս Հեփին մեկօրյա այցով Բաքվում էր։ Սա այս երկրի զինված ուժերի նախարարի առաջին այցն էր Ադրբեջան՝ հայտնում է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։ Այցի շրջանակում հանդիպումներ են Ադրբեջանի պաշտպանության նախարարի և արտգործնախարարի հետ, քննարկման հիմնական թեմաները պաշտպանության ոլորտում Միացյալ Թագավորության և Ադրբեջանի միջև գործակցության ընդլայնումն են, Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված խնդիրները և խաղաղ գործընթացի վիճակը, նաև՝ ականազերծման ոլորտում համագործակցությունը։ Նախորդիվ Հեփին եղել է  Վրաստանում, հանդիպել վարչապետի և ՊՆ հետ:

44-օրյա պատերազմում Ադրբեջանի դիվանագիտական տանիքը, «մենեջերը» Մեծ Բրիտանիան էր` ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` հիշեցնելով 2020-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փակ նիստը, որի մշտական 5 անդամներից  ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան Ռուսաստանի նախագահությամբ ներկայացրել էին կրակի անհապաղ դադարեցման, երրորդ կողմի չմիջամտելու, հակամարտության մեջ ահաբեկիչներին ներգրավելու անթույլատրելիության մասին փաստաթուղթ։  2020-ի նոյեմբերի 5-ին ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց. «պարզապես պատկերացրեք, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների մեջ մի երկիր կա, որը տապալեց ամեն ինչ»: Թուրքական լրատվամիջոցներն առաջիններից էին, որ հպարտությամբ բարձրաձայնեցին այդ երկրի անունը` Մեծ Բրիտանիա։ Անգլիայի կայսերական նկրտումները ներդրումների տեսքով մեծապես առկա են Ադրբեջանում, իսկ «Բայրաքթար» անօդաչուներ արտադրող Թուրքիան խելացի տեխնոլոգիաների մի ստվար հատված ներկրում է Մեծ Բրիտանիայից․

«Բացի տնտեսական շահից՝ կա քաղաքական շահ, ամենաակտիվ և ագրեսիվ դերակատարումը ռուս-ուկրաինական հակամարտությունում Մեծ Բրիտանիայինն է։ Բրիտանիայի խնդիրը Ռուսաստանն է։ Այսօր Լոնդոնը փորձում է Արցախում լարվածության միջոցով Մոսկվայի համար երկրորդ ճակատ բացել, 44-օրյայի ժամանակ էլ փորձում էր Արցախը Ռուսաստանի համար առաջին ճակատ դարձնել։ Արցախյան պատերազմի ողջ ընթացքում մեծ է եղել նաև Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության` Mi-6-ի պետի պաշտոնը զբաղեցրած Ռիչարդ Մուրի դերակատարումը։ Այդ մարդը դեռ Թուրքիայում դեսպան աշխատած տարիներին և հետո էլ ապահովել է նախագահ Էրդողանին անհրաժեշտ տեղեկատվությամբ: Մուրը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի պաշտոնական Լոնդոնն իր սեփական քաղաքականությունը մշակի Թուրքայի հետ համագործակցության ոլորտներում։ Ասում են՝ 2020-ի նոյեմբերի 9-ի պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունը մեծապես վրդովեցրել է անգլիացի հետախույզ դեսպանին»։

Քաղաքագետը հիշեցնում է՝ Մեծ Թուրանի նախագիծը միշտ գրավել է Լոնդոնին, որը Թուրքիայի եւ թյուրքական աշխարհի մեծ ներուժը դիտարկում է ընդդեմ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի հետաքրքրությունների»․ 

«Բրիտանիայի համար Ադրբեջանը ճանապարհ է դեպի Միջին Ասիա իր ազդեցությունը մեծացնելու համար, իսկ դա Ռուսաստանը և Իրանը շրջանցելու հնարավորություն է տալիս։ Միջին Ասիայի տնտեսական և աշխարհաքաղաքական ազդեցությունը գնալով աճելու է։ Տարածաշրջանում ճանապարհաշինական աշխատանքներում բրիտանական ընկերությունների ներգրավվածությունը, բացի ֆինանսական հետաքրքրությունից, ունի նաև աշխարհաքաղաքական հետաքրքրություն»։

Բրիտանացի չինովնիկների աշխատանքային այցերով քողարկված ակտիվությունը տարածաշրջանի նկատմամբ աճում է։ Ադրբեջանում և տարածաշրջանում Մեծ Բրիտանիան ունի պատմական շահեր, որոնցից զրկվել է դեռ խորհրդային տարիներին, և կարծում են՝ հիմա եկել է «պատմական արդարությունը» վերականգնելու պահը։

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքում իր իսկ հռետորական` «ի՞նչ կապ ունի Մեծ Բրիտանիան Արցախի ու ՌԴ անվտանգային երաշխիքների դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետ» հարցադրմանը պատասխանել էր․

«Այս օրերին, երբ Ադրբեջանը հերթական անգամ բռնազավթում է Արցախի բնակավայրն ու ռազմավարական նշանակության բարձունքը, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարն այցելում է Բաքու, իսկ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանի հետ քննարկում են ղարաբաղյան հակամարտությունը: Բրիտանական բացահայտ աջակցությունը Ադրբեջանին տեսել ենք 2020թ. ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ: Հիմա էլ, Փառուխի ու Քարագլխի օկուպացիայի պայմաններում Մեծ Բրիտանիան չի էլ թաքցնում իր ռազմավարական աջակցությունը, իսկ թե վարագույրներից այն կողմ ինչ ծավալի ու տեսակի իրական աջակցություն է տրվում, կարող ենք միայն գուշակել»:

Բեգլարյանի դիտարկմամբ՝ սա կատարվում է և՛ ադրբեջանա-թուրքական տանդեմի դիրքերն ամրացնելու, և՛ հատկապես հիմա Ռուսաստանի կենսական շահերին հարվածելու նպատակով, ինչի հետևանքով ոտնատակ են տրվում Արցախի բնիկ ժողովրդի կյանքն ու անվտանգությունը: Արցախի պետնախարարն այս համատեքստում նկատել է՝ արևմուտքի կողմից «գովերգվող» մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը ամենևին կարևոր չեն աշխարհաքաղաքական այսպիսի կեղտոտ խաղերում»:

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից անմիջապես հետո թշնամական երկրի ղեկավարը միջազգային խոշոր ընկերություններին հրավիրել էր ներդրումներ անել Արցախի բռնազավթված տարածքներում։ Առաջին արձագանքողներից մեկը բրիտանական British Petrolium ընկերությունն էր` հարավում արևային էներգիայի կայաններ հիմնելու առաջարկով։ Սա Ադրբեջանում ամենախոշոր նավթաարդյունահանող կազմակերպություններից է, մասնակցում է ադրբեջանական նավթագազային 7 նախագծերի, այդ թվում՝ «Շահ Դենիզ» նավթահանք, «Հարավային գազային միջանցք», Հարավկովկասյան գազամուղ, Տրանսատլանտյան գազամուղ և այլն։ Ադրբեջանում գործում է ավելի քան 600 բրիտանական հիմնարկ։ Մեծ Բրիտանիան Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրումներով առաջատար է, դեռ 2017 թվականին ներդրումային ընդհանուր շրջանառությունը հասնում էր  27 մլրդ դոլարի։ Վերջերս Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը հրապարակել էր 70 միլիարդ դոլարի հասնող ներդրումների մասին, առյուծի բաժինն, իհարկե,  British Petrolium ընկերությանն է։

Փորձագիտական շրջանակներում շրջանառվող մեկ տվյալի համաձայն էլ պատերազմից կես տարի առաջ բրիտանական մեկ այլ` Anglo-Asian Mining ընկերությունն էր դիմել Ադրբեջանի կառավարությանը՝ Արցախի Հանրապետության Կովսականի (Զանգելան) մոտակայքում՝ ոսկու պաշարներով  տարածքում,  հանքարդյունաբերությամբ զբաղվելու համար։ Հարավային Կովկասի նկատմամբ նավթային հետաքրքրությամբ շաղախված բրիտանական սառը հաշվարկը, ինչպես ցեղասպանության տարիներին, այնպես էլ 100 տարի անց, նույնն է` անփոփոխ։ 

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նավթամուղերի անվտանգությամբ անհանգստացած Մեծ Բրիտանիան Ադրբեջանում ունեցած բիզնես շահերը զարգացնում և ապահովագրում էր Թուրքիայի օգնությամբ։ Արևմուտքում Թուրքիայի բիզնես և քաղաքական շահերի թիկունքում էլ Մեծ Բրիտանիան է։

Ի՞նչ առաքելությամբ է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար Ջեյմս Հեփինը ժամանել տարածաշրջան։ Նա արդեն հասցրել է լինել Վրաստանում և Ադրբեջանում։ Քննարկումների առանցքում  պաշտպանության ոլորտում Միացյալ Թագավորության և Ադրբեջանի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունն է, Ուկրաինայում տիրող իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված խնդիրները և խաղաղ գործընթացի վիճակը։ Նախարարը քննարկել է նաև ականազերծման ոլորտում համագործակցությունը։

Back to top button