ԿարևորՀասարակություն

Ստից մինչեւ զավեշտ․ Ադրբեջանն ու Ուկրաինան Հայաստանի անունն ավելի շատ են շահարկում ապատեղեկատվության հոսքերում

Ադրբեջանական հակահայկական քարոզչությունը, թեպետ, նորություն չէ, սակայն վերջին շրջանում՝ ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում այն միանգամայն նոր դրսեւորումներ էլ ստացավ։ Ադրբեջանի կույր ատելությունը ստիպել է հայատյացության սնուցելու համար չխորշել  նույնիսկ ամենաանհեթեթ՝ զավեշտի հասնող տեղեկությունները շրջանառելուց։

Հայաստանի նկատմամբ հակաքարոզչությունը վերջին շրջանում անցել է բոլոր տրամաբանական սահմանները՝ հասնելով անգամ զավեշտի։ Ու հիմնական աղբյուրներին ադրբեջանականի կողքին ավելացել են նաեւ որոշ ուկրաինականները։ Զարմանալիորեն գտնվում են անգամ այսպես ասած փորձագետներ, որոնք  սոցցանցերում շրջանառվող ամենաանհեթեթ, սարկազմով կատարված գրառումներն են «մեկնաբանում»՝ այս կամ այն կերպ ստվերելու Հայաստանի անունը։ Այդպիսի մի գրառման է անդրադառնում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Tigran Grigoryan օգտատերը թվիթերում կատակով գրել է, որ Հայաստանը Ուկրաինա է ուղարկել իր միջուկային սուզանավերն ու ավիակիրը՝ դրանք Սեւ ծով ուղարկելով անմիջապես Սեւանա լճից։ Ուզում էի տակը գրել, որ լուրջ են ընդունելու։ Ու արի ու տես՝ իրոք եղել է մարդ, որ գրել է, թե ինքը ռազմական ու հազար ու մի այլ հարցերով փորձագետ է ու խիստ մտահոգված տարածել է այդ գրառումը։ Կարճ ասեմ՝ էլ մի կատակեք, ժող ջան։ Ամեն ինչ շատ վատ է, ավելի վատ, քան պատկերացնում ենք»,-նկատել էր միդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։  

Սա  հարցի զավեշտալի կողմն է, բայց Ուկրաինայից անգամ դրա հիմքով կոչեր ուղղվեցին եվրոպական երկրներին՝ փորձելով իբր ուշադրություն հրավիրել Հայաստանի կողմից Ուկրաինայի դեմ ձեռնարկվող ենթադրյալ քայլերի մասով։ Նման անհեթեթ հայտարարություններ նաեւ Բաքվի կողմից եղան։ Գրեցին, փորձեցին թյուր տեղեկությունը ճշտի տեղ ներկայացնել։ Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական «Haber Global» հեռուստաընկերությունն օրերս, հղում անելով անհայտ աղբյուրների, հրապարակել էր նյութ, թե Հայաստանով Սիրիայից վարձկաններ են տեղափոխվում Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից կռվելու համար, եւ թե  Ռուսաստանին են փոխանցել չորս ՍՈՒ-30 ինքնաթիռ՝ կրկին Ուկրաինայի դեմ։ Հայաստանի ՊՆ-ն շտապեց հերքել՝ անդրադառնալով միանգամից երկու ստի։

«Նշված տեղեկությունները բացարձակ սուտ են. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող բոլոր ինքնաթիռները, անձնակազմով հանդերձ, իրենց տեղում են և կատարում են առաջադրված խնդիրները։ Իրականությանը չի համապատասխանում նաև նշված հրապարկման մեջ արվող ևս մեկ պնդում, ըստ որի՝ Հայաստանը  հիմնական ուղղություններից է, որով Սիրիայից վարձկաններ են տեղափոխվում Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից կռվելու համար»։ 

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը կարծում է՝ պետք չէ անտեսել անգամ զավեշտի հասնող հակաքարոզչությունը, որում Հայաստանի անունն է շահարկվում։ Նկատում է՝ դա բացասաբար է ազդում ու լուրջ հետք թողնում երկրի իմիջի վրա հատկապես ներկայիս էմոցիոնալ լարված մթնոլորտում.  

«Շատերն առանց խորանալու, առանց փորձելու հասկանալ ինչ է՝ Ուկրաինայի հետ կապված ինչ տեսնում են՝ «վերցնում են», գումարած դրան, որ կա ուղղորդված աշխատանք, եւ այդ պահին ադրբեջանցիներին համարյա ոչինչ չի խանգարում դա անելը եւ անում են»։  

Տեղեկատվական պայքարը գործընթաց է, որը փոխում է մթնոլորտ, ընկալումներ, տարբեր լսարանների, մարդկանց մոտ «նստվածք» թողնում՝ նկատում է փորձագետը։ Վրթանեսյանի խոսքով՝ հիմա ադրբեջանական քարոզչամեքենան իր ողջ ռեսուրսով փորձում է մի կողմից աշխարհում Ուկրաինայի «հերոսական», մյուս կողմից՝ Ռուսաստանի «դժոխային» կերպարի կերտմանը զուգահեռ խառնել Հայաստանի անունը, ներկայացնել  դժոխային կերպարով՝ հակադրելով Ուկրաինայի  այսպես ասենք վեհ կերպարին։       

Ադրբեջանական ստերի շարքին վերջին շրջանում մեր երկրի  պաշտպանության նախարարությունը ստիպված է հաճախ անդրադառնալ՝ շարունակ հերքելով, մասնավորապես, սահմանին լարվածություն ստեղծելու մեղադրանքները։

Հայաստանի նկատմամբ ցանկացած հակաքարոզչության պատրաստ լինելու ադրբեջանական պահվածքը նորություն չէ՝ «Ռադիոլուրին» ասում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը.

«Ադրբեջանցիները շատ ակտիվ եւ շատ վաղուց են աշխատում Ուկրաինայի տեղեկատվական դաշտում։ Պարզապես եթե առաջ նմանատիպ երեւույթների դեմ կար համակարգված տեղեկատվական պայքար պետական մակարդակով․ եւ շատ բաներ չեզոքացվում էին, այդ թվում՝ դեսպանների, Ուկրաինայում տարբեր հայկական կառույցների շնորհիվ,  այս պահին, ըստ էության Հայաստանը որեւէ լուրջ տեղեկատվական ռազմավարություն չունի»։  

Ընդհանրապես, աշխարհում հայկական շահերը ներկայացնող տեղեկատվական ռազմավարությունն ամրացնել է պետք՝ կարծում է փորձագետը։ Այլապես, նրա դիտարկմամբ,  ադրբեջանցիները գրեթե անխոչընդոտ կատարում են իրենց գործը։ Սրան երբեմն ակամայից օգնում է նաեւ սոցցանցերի հայկական տիրույթը՝ տարածելով եւ տիրաժավորելով Բաքվից հոսող անիրական լուրերը։ Հատկապես սահմանային իրադրության, լարված դրության ու շփման գծին տիրող իրավիճակի առումով ՊՆ-ն հորդորում է  տեղեկություններ հրապարակելիս հիմնվել բացառապես պաշտոնական հաղորդագրությունների վրա:   Զսպվածության ու զգոնության կոչեր հնչում են նաեւ քաղաքագետների ու տեղեկատվության անվտանգության մասնագետների կողմից։

Back to top button