Գերդաստաններ

Անվանի վիրաբույժներ՝ Բազիկյանների պատմությունը․ «Գերդաստաններ»

1915 թվականի ցեղասպանության ժամանակ Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Կյուրոն քաղաքից 7000-ից ավելի հայ գաղթեց տարբեր երկրներ։ Լևոն Բազիկյանը Կոստանդնուպոլսով մեկնեց Սալոնիկ։ Ինչպես Կյուրոնում, այստեղ էլ նա սկսեց զբաղվել ժամագործությամբ։ Նա բավականին հայտնի, հմուտ ժամագործ էր։

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ և՛ արհեստը, և՛ վիրաբուժությունն ինչ-որ տեղ ոսկերչական հմտությամբ կատարվող աշխատանքներ են, ապա կարելի է ասել, որ ուռուցքաբան, գինեկոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Գագիկ Բազիկյանն իր՝ մանրազնին աշխատանք պահանջող մասնագիտությամբ նման էր պապին։

1927 թվականն էր, երբ Լևոնի որդին՝ Կարապետ Բազիկյանը, Սալոնիկից եկավ և մշտական բնակություն հաստատեց Երևանում։ Նա բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր էր, 1953 թվականից հանրապետության ուռուցքաբանության դիսպանսերի գլխավոր բժիշկը։ Այդ դիսպանսերը 1999 թվականից կրում է Կարապետ Բազիկյանի անունը։

Կարապետ Բազիկյան

Կարապետ Բազիկյանի կինը՝ Գոհար Մեհրոյանը, նեոնատոլոգ էր՝ Առաջին հիվանդանոցի անհաս նորածինների բաժնի վարիչը։

Ծնողները Գագիկին տվել էին գիշերօթիկ մանկապարտեզ, որովհետև 1950-ական թվականներին մարդիկ օրն ի բուն աշխատում էին, քանի որ հավատ կար, որ երկիրը պետք է վերականգնվի։

Գագիկը Բազիկյանը պատմում է, որ հայրը թեև շատ խիստ էր, սակայն նաև ներողամիտ էր։ Եվ բացի այդ, նա շատ հետաքրքիր թամադա էր։

Մի կին իր հիվանդության մասին ուշ էր հայտնել բժշկին, գոյացությունը դարձել էր չարորակ, Բազիկյանը երկմտանքի մեջ էր՝ վիրահատե՞լ, թե՞ ոչ։ Բժիշկը ռիսկի գնաց, կինն այդ վիրահատությունից հետո ապրեց բավականին երկար։

Գագիկ Բազիկյանի եղբայրը՝ Արայիկը, նույնպես ուռուցքաբան էր, նա էր, որ ուռուցքաբանության ազգային կենտրոնում բացեց առաջին պոլիկլինիկական բաժինը։

Գերդաստանի երիտասարդները ևս ընտրել են բժշկի մասնագիտությունը։ Աննան շարունակում է իր աշխատանքը Կանադայում, մյուս Աննան ատամնաբույժ է, ի դեպ, ստոմատոլոգի մասնագիտությունը գերդաստանից շատ երիտասարդներ են ընտրել։

Բազիկյանները գործում են իրենց երդմանը և նախնիների պատգամին հավատարիմ՝ լինել զգույշ ու պատասխանատու, ոսկերչական հմտությամբ ու մաքրությամբ կատարել իրենց աշխատանքը։

Back to top button