ԿարևորՏնտեսական

Օգտվել ռուբլու անկումից ու պահեստավորել անհրաժեշտ ապրանքատեսակներ․ տնտեսագետ

Վատիկանն արձագանքել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու Մոսկվայի որոշմանը՝ պատրաստ է գազի դիմաց ռուբլով վճարել, հայտնում է finance.rambler-ը։ Սա առաջին դրական արձագանքն է Եվրոպայից։ Այս երկիրը ՌԴ Կենտրոնական բանկից արդեն 10 մլն եվրոյին համարժեք ռուբլի է գնել։ Նշվում է, որ Վատիկանը կատարել է բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք ներառված են ռուբլով գազ գնելու ալգորիթմում։ Ավելի վաղ Մեծ յոթնյակի երկրները մերժել էին Ռուսաստանի ներկայացրած պահանջը։ Ռուբլով Ռուսաստանից գազ գնելու հարցը քննարկվում է նաև ԵՏՄ անդամ Հայաստանում։  Մեր երկրի համար  սա ձեռնտու տարբերակ է, ասում են տնտեսագետները։

Եթե ուզում եք գազ ստանալ, ռուբլի փնտրեք. ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Telegram-ի իր ալիքում գրում է, որ ճիշտ կլինի ընդլայնել ռուբլով արտահանվող ապրանքների ցանկը ու նաև հացահատիկի, նավթի եւ փայտանյութի վաճառքն իրականացնել ՌԴ ազգային արժույթով։ Նա կարծում է,  որ եվրոպական պետություններն ունեն բոլոր շուկայական հնարավորությունները ռուբլով վճարելու համար, եւ սրանում, նրա խոսքով, ոչ մի ողբերգություն չկա։

Պետդումայի ղեկավարը կարծում է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը ճիշտ որոշում է կայացրել՝ ոչ բարեկամական երկրներին գազը ռուբլով վաճառելու  վերաբերյալ։  «Պետք է պատասխանատվություն կրեք ձեր կայացրած որոշումների համար», ասում  է նա եվրոպական պետություններին։ 

«Չկա ռուբլիով վճարում, չկա գազ․ մենք մտադիր չենք բարեգործությամբ զբաղվել» նախօրեին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի  Պեսկովը։

Ի պատասխան՝ Ֆրանսիայի նախագահը հայտարարում է, որ ռուսական գազի համար ռուբլով վճարելն անհնար է: Մարտի 29-ին Պուտին –Մակրոն մեկ ժամ տեւած հեռախոսազրույցի ընթացքում   երկու երկրների ղեկավարները քննարկել էին նաեւ ապրիլի 1-ից ռուսական գազի՝ արտերկիր մատակարարման դիմաց ռուբլով վճարելու խնդիրը:

Գազի դիմաց ռուբլով վճարելուն զուգահեռ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշել է, որ  ԵՏՄ երկրները փոխեն իրենց շփման  ֆինանսական «լեզուն» և աստիճանաբար անցնեն մաքսային վճարները ազգային արժույթներով կատարելու տարբերակին։ ԵՏՄ հինգ երկրները այսօր իրար հետ առևտուր են անում դոլարով, ինչը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը  անտրամաբանական է համարում։ Ասում է՝ այս երկրները  առեւտրատնտեսական գործարքներում պետք է օգտագործեն ազգային արժույթներից որեւէ մեկը, հակառակ դեպքում քաղաքական նպատակներով կայացված որոշումները փոխարժեքի տատանումներ են առաջացնում։ Դա անկայուն վիճակ է ստեղծում առեւտրային շուկայում։

«Մինչև օրս ինչ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, հաշվի առնելով նաեւ տնտեսությունների դոլարիզացիայի բարձր մակարդակը, խիստ անցանկալի է երկու երկրների համար։ Վճարումները կատարելիս կանխատեսումներ անել ոչ սեփական արժույթի մասով՝ շատ դժվար է։ Դոլարի ու եվրոյի փոխարժեքները տատանվում են ոչ միայն եւ ոչ այնքան տնտեսության տարբեր գործոնների ազդեցության տակ, որքան արհեստական պատճառներով»։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ռուբլով գազ գնելու տարբերակը Հայաստանի համար հաջողություն է համարում։ Ասում է․

«Եթե մենք գինը ֆիքսենք ռուբլով, դա կլինի շատ մեծ հաջողություն։ Հիմա մենք ունենք խնդիր, երբ արտահանողները, ռուբլու ապագա կուրսի նկատմամբ վստահություն չունենալով, չափազանց դժկամ են իրենց արտահանումները ռուսական ռուբլով գնանշելու առումով։ Եթե մենք ունենանք  ֆիքսված գազի գին ռուբլով, դա հնարավորություն կտա, որ մենք հակադարձ գործարքներով մեր արտահանողներին տանք ֆիքսված ապագա ռուբլու կուրս»։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ  Վարդանյանի կարծիքով՝ ռուբլով գազի դիմաց վճարելու հարցում որեւէ խնդիր չի լինի․

«Ռուբլով գազի դիմաց վճարելու դեպքում, չեմ կարծում, թե որեւէ բան խախտվում է, կուրսով պետք է հաշվարկվի»։

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասում է՝ Հայաստանի համար ձեռնտու է ռուբլով գազ գնելը։ Ռուբլու փոխարժեքի նվազման պայմաններում՝ առավել եւս․

«Հատկապես հիմա ձեռնտու է, քանի որ ռուբլու արժեքն ընկել է։ Իհարկե, դա կկայունանա, հատկապե, երբ ՌԴ կառավարությունը գազի արտահանման դիմաց ռուբլի է պահանջում։ Դա նշանակում է, որ եվրոպական երկրներում, ասիական մայրցամաքում ռուբլով գնումներ կլինեն։ Դա նշանակում է, որ ռուբլու նկատմամբ պահանջարկը մեծանալու է։ Պահանջարկը ավելանալուն զուգահեռ՝ գինն է բարձրանում»։

Տնտեսագետը հուշում է՝ օգտվել ռուբլու փոխարժեքի անկումից ու  ապրանքներ գնել Ռուսաստանից։ Ասում է՝ ճիշտ կլինի մեծ քանակությամբ հացահատիկ ու անհրաժեշտ այլ պարենային ապրանքներ պահեստավորվեն։ Կարծում է նաև, որ Հայաստանը պետք է հումք գնի Ռուսաստանից եւ ուղղի եվրոյի ու դոլարի գոտի։

Իսկ եվրոպական երկրները, որքան էլ անհնարին են համարում գազի դիմաց ռուբլով վճարելը, ըստ տնտեսագետի, այլընտրանք չունեն։  Ասում է՝ Ռուսաստանը, բացի ռուբլու կայունացմանն ուղղված գործողություններից, վարում է հատուկ գազային քաղաքականություն։

Back to top button