ԿարևորՍպորտ

ՀՖՖ-ի և ֆուտբոլիստների հայտարարությունը

ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է ՀՖՖ-ի, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի և ֆուտբոլիստների հայտարարությունը։

«Հայաստանի ազգային հավաքականը ցավոտ պարտություն կրեց Նորվեգիայի ընտրանու դեմ խաղում: Չնայած հանդիպումը ընկերական բնույթ էր կրում, այդուհանդերձ, այս պարտությանը չկա ոչ մի արդարացում:

Վստահեցնում ենք ձեզ, որ շատ կարճ ժամանակահատվածում միասին կվերլուծենք տեղի ունեցածը, կանենք համապատասխան հետևություններ, և Հայաստանի ազգային հավաքականն արդեն հունիսին՝ Ազգերի Լիգայի խաղարկության մեկնարկին, կրկին կներկայանա մարտական տեսքով:

Ունենք մեկ նպատակ՝ հայտնվել Եվրո-2024-ի եզրափակիչ փուլում: Այդ նպատակին հասնելու համար ՀՖՖ-ն, հավաքականի ֆուտբոլիստները և մարզչական շտաբը կներդնեն առավելագույն ջանքերը:

Ներողություն ենք խնդրում բոլոր երկրպագուներից այս արդյունքի համար: Մենք միշտ եղել ենք միասնական ինչպես հաղթանակներից, այնպես էլ պարտություններից հետո:
Հուսով ենք, որ մոտ ապագայում Հայաստանի ազգային հավաքականն իր խաղով կրկին ուրախություն կպարգևի մեր ընտրանու բազմահազար երկրպագուներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մարտի 29-ին՝ Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում, կայացավ Նորվեգիա-Հայաստան ընկերական հանդիպումը։ Մեր ընտրանին զիջեց մրցակցին 0:9 հաշվով:

Back to top button