ԿարևորՔաղաքական

Հայաստանի առաջարկներն Ադրբեջանին հաշվարկված են․ չլուծվող հարցի նոր շերտերը

Ադրբեջանի վերջին սադրանքը Քարագլխի ուղղությամբ, մեր տարածաշրջանը նորից դարձրել է միջազգային հանրության ուշադրության առարկա։ Ակտիվացել են բարձրաստիճան  պաշտոնյաների այցերը, Հայաստանից ևս պատվիրակներ են գործուղվում միջազգային տարբեր կառույցներ։ Արցախի ակնկալիքը Հայաստանից հստակ է, հստակ է նաև Հայաստանի իշխանությունների նպատակը՝ տարածաշրջանում «խաղաղության օրակարգ» հաստատելու վերաբերյալ։

Եթե Ադրբեջանը մարսեց Քարագլխի օպերացիան, և նրա զորքերը ելման կետեր չվերադարձան, ապա Արցախի ողնաշարը կոտրելու աննախադեպ իրավիճակ է ստեղծվելու՝ ահազանգում է Աժ–ի «Պատիվ ունեմ» խմբակցությունից պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Պնդում է, որ Ադրբեջանն այս վերջին առաջխաղացմամբ Քարագլխի լեռնաշղթայի հատվածում մի քանի անգամ ավելի մեծ տարածք է զավթել, քան Փառուխ գյուղն է՝ իր վարչական տարածքով։ Բարձունքը ռազմավարական նշանակություն ունի։ 

Մարտի 24–ից իրավիճակը լարված է, բանակցությունները էական փոփոխություն չեն արձանագրում։ Զարգացումները տարածաշրջանում՝ գրավել են միջազգային հանրության ուշադրությունը, ակտիվացել են տարածաշրջանային այցերը, բայց որոշակի տարբերակմամբ։ Եթե, օրինակ, ԵԱՀԿ գործող նախագահն այցելում է Հարավային Կովկասի բոլոր երկրներ, ապա Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջեյմս Հիփփին մեկօրյա աշխատանքային այցով գնացել է միայն Ադրբեջան՝ հանդիպելու Իլհամ Ալիևի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ ենթադրելով, որ Ջեյմս Հիփփին Բաքվին համոզում է Արցախում ու Հայաստանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել, այսինքն, ռազմական գործողություններ սկսել:

Ամերիկյան կողմն առայժմ սահմանափակվում է հայտարարություններով և կոչերով։ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները հայտարարություն են տարածել․

«Միացյալ Նահանգները չպետք է աչք փակի վտանգավոր գործողությունների այս հստակ օրինակի վրա, և մենք պետք է ամեն ինչ անենք տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։ Մենք կոչ ենք անում Պետդեպարտամենտին՝ օգտագործել իրենց ձեռքի տակ եղած դիվանագիտական բոլոր գործիքները՝ դադարեցնելու համար Ադրբեջանի նախագահ Ալիևի ռազմատենչ գործողությունները և նրան վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության խաղաղ գործընթացի միջոցով»։

Գնահատելով Արցախին ուղղված Ադրբեջանի սպառնալիքները՝ Ստեփանակերտում պնդումեն՝ այս պահին հանգուցալուծման ճանապարհը մեկն է։ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյան․

«Արցախի Հանրապետության ճանաչում․ սա ամենակարևորն է։ «Հանուն փրկության» թեզի շրջանառության մեջ ներառում։ Համապատասխան խողովակների միջոցով ՌԴ հետ համաձայնեցում, քանզի մենք այստեղ այլ վտանգ ենք տեսնում, երբ անկախությունը արագ կարող են ճանաչել այնպիսի երկրներ կամ երկիր, որը կամ որոնք ցանկանում են Արցախից դուրս մղել հենց ռուս խաղաղապահներին և հասնել Ղարաբաղից ռուսական զինվորականների հեռացմանը և, ըստ էության, նաև փակել Ղարաբաղի խնդրի քաղաքական լուծումը։ Արցախի փրկությունը այս պարագայում միայն Արցախի ճանաչումն է»։  

Հայաստանի խորհրդարանում տեղյակ են այս ակնկալիքներից, բայց հստակ պատասխաններ դեռ չկան։ Արդյո՞ք խորհրդարանական մեծամասնությունը՝ կուսակցության կամ խմբակցության նիստերում քննարկում է Արցախի Հանրապետության ճանաչման հարցը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը խորհրդարանում երկու օր առաջ էր, խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հստակ պատասխաններ չի տալիս․

«Հարցը մանիպուլյատիվ է, որովհետև, եթե ես ասեմ՝ այո, կստացվի, որ մենք քննարկում ենք այդ հարցը, եթե ասեմ՝ ոչ, կստացվի, որ այդ հարցը մեզ համար օրակարգից դուրս է։ Քննարկվում են բոլոր հնարավոր հարցերը, բոլոր հնարավոր սցենարները՝ կախված ներկա աշխարհաքաղաքական, ռազմական իրավիճակից։ Մեր որոշումները կայացվում են՝ ելնելով ներկա իրավիճակից և, առաջին հերթին, ելնելով չվնասելու սկզբունքից, և իհարկե, նաև ելնելով Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունից։ Այսինքն, այս բոլոր հարցերը մեր բոլոր նիստերում քննարկվում են»։

«Հանրապետական» կուսակցության անդամները, որ ցանկացած սահմանային լարվածության և անգամ ապրիլյան պատերազմի ժամանակ պնդում էին, որ դեռ չի եկել Արցախի անկախությունը ճանաչելու ժամանակը, այժմ համոզված են, որ գործող իշխանությունը բաց է թողել Արցախը ճանաչելու ու վիճակ փոխելու հնարավորությունը։ Արցախը կորցնելուց հետո Հայաստան չի լինի՝  ասում է ՀՀԿ–ից նախկին պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարը լուրջ չի ընդունում՝ հաշվի առնելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի վերջին հայտարարություն–կոչը՝ պատրաստ լինելու կիրառել նոր սպառազինությունը։  Արտակ Զաքարյանը կարծում է՝ կան հստակ նպատակներ, թե ինչու է Ադրբեջանը հենց այս պահին փորձում խարխլել նոյեմբերի 9–ի հայտարարությունը․

«Առաջին պատճառը, ըստ իս, այն է, որ Բաքուն և Անկարան գործում են համագործակցված։ Վստահ եմ, որ Ադրբեջանի զինուժը Քարագլխի հարակից տարածքներում հայտնվել է Անկարայի համաձայնությամբ։ Անկարան սրանով ցանկանում է Մոսկվային ցույց տալ, որ որքան էլ կան համաձայնություններ՝ Մոսկվա–Անկարա, այնքան էլ կան անհամաձայնություններ, մասնավորապես՝ Սիրիա, Ղրիմ, միջինասիական տարածաշրջան և հիմա էլ՝ Արցախ։ Այսինքն, Անկարան իր համար հետագա առևտուր անելու կամ պայմանավորվածությունների հերթական թուրքական դիվանագիտության օրակարգն է ձևավորում»։

Այս ամենին զուգահեռ՝ հայկական կողմը գործարկել է դիվանագիտական բոլոր խողովակները։ Այս օրերին խորհրդարանական պատվիրակությունները աշխատում են միջազգային տարբեր կառույցներում՝ 3 խմբակցությունների պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահների հետ, մյուս խումբը աշխատում է եվրոպական ուղղությամբ՝ եվրոպական խորհրդարանում են հանդիպումներ ունենում և ներկայացնում վերջին շրջանի իրավիճակը։

Տարբեր քննադատություններին իշխանությունից հակադարձում են, որ պատերազմի հաջորդ օրվանից լուրջ ռազմավարություններ են մշակվում, և իրականացնում են բանակի վերակառուցման աշխատանքներ։ Այս թեմայի մասին շատ չեն խոսում, չեն էլ խոսելու, զգուշացնում է ՔՊ–ական Արթուր Հովհաննիսյանը․

«Ամբողջ աշխարհին շարունակում ենք ներկայացնել իրավիճակը, ներկայացնել, որ ՀՀ կառավարությունը և ժողովուրդը շարունակում է գնալ խաղաղության օրակարգով, և մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր բաժին անելիքը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, իրականացնենք։ Այո, աշխարհաքաղաքական զարգացումները, ցավոք սրտի, այս պահին դժվարացնում են այս առաքելության իրականացումը, բայց սա ամենևին չի նշանակում, որ մենք պետք է մեր նպատակներից հետ կանգնենք»։

Քարագլի ուղղությամբ ադրբեջանական սադրանքը երկրորդ պլան մղեց Հայաստանի հերթական առաջարկներից մեկը․ Հայաստանը, բացի զորքերի ընդհանուր «հայելային հետքաշումից», առաջարկում էր նաև «տեղային» հետքաշում։ Վարչապետ Փաշինյանն էր կառավարության նիստում հայտարարել՝ Երասխի հատվածում առաջարկել են, որ ադրբեջանցիները մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ կքաշենք իրենց տարածքից։ Ո՞ր տարածքների մասին է խոսքը՝ այդպես էլ չի հստակեցվում։ Այս դեպքում հարց է՝ որքանով է հաշվարկված և անվտանգ ադրբեջանցիներին փոխանցված առաջարկը։ Արթուր Հովհաննիսյան․  

«Երբ պետական մակարդակով հնչում են արտահայտություններ՝ կապված մեր անվտանգային իրավիճակների հետ, հաշվարկված են։ Մենք, առանց հաշվարկելու, մեր անվտանգային խնդիրներով չենք կարող մեզ թույլ տալ զբաղվել։ Այսինքն, մենք գործ ունենք ՀՀ, Արցախի, հայ ժողովրդի հետ։ Բնականաբար, ամեն ինչ հաշվարկված է՝ ելնելով ստեղծված հանգամանքներից։ Ինչ վերաբերում է «հայելային հետքաշման» մեր առաջարկներին, կոնկրետ դա ենթադրում է՝ որ ուղղությամբ ինչ եղանակով է տեղի ունենալու այդ հետքաշումը, և որևէ բնակավայր թիրախում կամ ռիսկային գոտում, կամ խնդրահարույց իրավիճակում չի կարող հայտնվել»։

Իշխանական պատգամավորը չի ընդունում տեսակետը, թե կոնկրետ Երասխի «տեղային» հետքաշման առաջարկով վիճարկման առարկա են դառնում Հայաստանի տարածքները։

Կարդացեք նաև
Close
Back to top button