ԿարևորՀասարակություն

135 տարի, և շուկան կկարգավորվի․ ի՞նչ բովանդակություն կա մանկական գրքերի գունեղ կազմերից ներս

Մանկական գիրքը մանկական է, թե՞ ոչ։ Հեռակա բանավեճը հրատարակիչների ու կրթական գերատեսչության միջև է։

«Իսկ ինչո՞ւ է պետք ապացուցել, որ Պուշկինի, Անդերսենի կամ Թումանյանի հեքիաթները մանկական գրքեր են․ դա պե՞տք է ապացուցել։ Հեղինակներ կան, որոնց ստեղծագործություններով սերունդներ են մեծացել․ արդյոք ճի՞շտ է, որ աշխատասենյակում նստած մարդիկ որոշեն, թե դրանցից որն է մանկական, որը ոչ»,– ասում է «Բուկինիստ» հրատարակչության տնօրեն Խաչիկ Վարդանյանը։

Մանկական գրքերի բազմազան ու բազմագույն շուկայից ի՞նչ բովանդակություն է հասնում մինչև 18 տարեկան սպառողին։

Շուկան «խմբագրելու համար կան որոշ կարգավորումներ․ որպեսզի գիրքը համարվի մանկական եւ ստանա դրա երաշխիքը, պետք է անցնի ԿԳՄՍ փորձաքննությունը։ Բայց սա դաշտը չի բերում ցանկալի տեսքի, դա  պարտադիր չէ եւ  նախեւառաջ  մանկական գրքերի վաճառքն ԱԱՀ-ից ազատելու համար է։ Հրատարակիչներն էլ իրենց հերթին են դժգոհում։ Մինչ ԿԳՄՍ-ն փորձաքննում է, ամիսներ են անցնում, քաշքշուքը  շատ է, մոտեցումները՝ սուբեկտիվ։  Իսկ տուժում է գիրքը՝ պնդում են։

«Մենք հաշվարկ արեցինք ու հասկացանք, որ այս պահին եղած բոլոր մանկական գրքերը եթե տանենք փորձաքննության,135 տարի պետք կլինի որոշում կայացնելու համար»,– պնդում է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյան

Հրատարակիչների բողոքներին նախարարությունում տեղյակ են։ Համաձայն են՝ փորձաքննելը կարող է երկար տևել։ Բայց արդարացված է, եթե խոսքը երեխաների մասին է։

«Չէ՞ որ այնտեղ ցանկացած բառ, ցանկացած նախադասություն կարող է ազդել երեխայի առողջության և հոգեկան խնդիրների վրա։ Պետք է խնդրին նայենք երեխայի շահերի տեսանկյունից, ոչ թե բիզնես շահի»,– ասում է ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը։

Հրատարակիչները կրկին հակադարձում են՝ ներմուծման ծավալները մեծ են․ մեկ անգամից առնվազն 100 անուն գիրք են ներկրում՝ ամիսը մի քանի անգամ։ Տեղականն ու արտասահմանյանը միասին հսկա ցանկեր են։

Հրատարակիչներն այլ խնդիր էլ են տեսնում՝ գերատեսչության եզրակացությունը հաճախ սուբեկտիվ է ու կողմնակալ։

«Օրինակ՝ մենք անգլիական մի հրատարակչության հետ համագործակցությամբ թարգմանեցինք նրանց 15 մասից բաղկացած մատենաշարը՝ մանկական փոքր հանրագիտարաններ, որոնք կոչվում են «100 հարց»։ Դեռ այն ժամանակ ես այդ գրքերը տարա կրթության ազգային ինստիտուտ, բոլոր հատորներն ազատեցին ԱԱՀ–ից, իսկ «Աշխարհի հրաշալիքները» չազատեցին հարկից, պատճառաբանել էին՝  Հայաստանի մասին այստեղ ոչինչ չկա․ սա աբսուրդ է»,– պատմում է Խաչիկ Վարդանյանը։

Ի՞նչ չափանիշերով է փորձաքննվում գիրքը՝ նախարարի հրամանում չի հստակեցվում։  ԿԳՄՍ-ից էլ չեն մանրամասնում։ Հրատարակիչներն էլ ասում են՝ սա բերում է սուբյեկտիվ որոշումների։ «Անտարես» հրատարակչության տնօրենն, ավելին, սա գրաքննություն է համարում։

«Եթե դուք սա անում եք ցենզուռայի համար, ապա ես ձեզ չեմ կարող օգնել․ եթե անում եք ԱԱՀ–ից ազատելու համար, որովհետև գրականությունը պետք է տարածել, ուժեղանալ և այլն, ապա առհասարակ գիրքը ազատեք հարկերից ու նշանակություն չունի, թե ինչ տիպի գիրք է։ Ես հիմնավորել եմ՝ «չուսումնական» գիրք չկա․ եթե գիրքը ամենատխմար գիրքն է, ապա այդ գիրքը սովորեցնում է, որ տխմար գրքեր պետք չի կարդալ»։

Նույն խնդիրներից նախարարությունն էլ է դժգոհ․ նույնիսկ վերահսկելու դեպքում է  մինչեւ 18 տարեկաններին հասնում անթույլատրելի բովանդակություն։ Տիտր

«Սա է, որ երաշխավորում է որպես ուսումնական նյութ, ինչն էլ նշանակում է, որ այնտեղ չկա որևէ արգելված բովանդակություն, որը չպետք է դասավանդվի դպրոցում կամ երեխան կարդա գրքում։ Տեսեք՝ դուք էլ եք ասում, որ նույնիսկ այս դեպքում հայտնվում են դաշտում խնդիրներ․ դե պատկերացրեք, որ այս վերահսկողության պարագայում էլ լինում են գրքեր, որ հայտնվում են գրադարանում կամ գրախանություն, որոնք իրենց բովանդակությամբ հակասում են այդ տարիքի երեխաների համար նախատեսված ստանդարտներին»,– մանրամասնում է Արսեն Բաղդասարյանը։  

2000–ականների համեմատ՝ մարդիկ հիմա մի քանի անգամ ավելի շատ են կարդում։ Զրուցակիցներս իրենց թվերն ունեն։ 10 տարի առաջ 1 տարում 1 գրքի1000 օրինակի վաճառքը հրատարակիչները մեծ հաջողություն էին համարում։ Հիմա գիրք կա՝ մի տարում վաճառվում է 5000 օրինակով։

«Բուկինիստ» հրատարակչության տնօրեն Խաչիկ Վարդանյան

«Այսինքն, եթե 7 տարի առաջ Երևանում կար 1000 գրքասեր, հիմա այդ թիվը 15000–ից ավելի է»,– ասում է «Բուկինիստի տնօրենը»։

Մանկական գրականությունն ամենապահանջվածն է ու գնալով ավելի շատ է վաճառվում․ ծնողները նույնիսկ մի քանի ամսական երեխայի համար են գիրք գնում։ Իսկ շուկան այսօր գունեղ է, բազմազան՝ դասականից մինչև ժամանակակիցներ, նկարչական, փազլ գրքեր, նույնիսկ այնպիսիք, որոնցից, օրինակ, կարելի է զգալ պատկերված ծաղկի բույրը։

«Սկսած երեխայի 5-6 ամսականից՝ արդեն գալիս են ծնողները ու ուզում են ինչ-որ զարգացնող գիրք․ նման դեպքերի համար մենք շատ լավ շարք ունենք։ Մի քիչ ավելի բարձր տարիքի երեխաների համար, իհարկե, գալիս են Թումանյան, Աղայան են հարցնում, բայց ծնողներն ավելի շատ ցանկանում են, որ գիրքը լինի ուսուցողական, հանրագիտարաններ, ինֆորմատիվ գրքեր։ Նույնիսկ եթե երեխաները համակարգչով ինչ-որ խաղ են խաղում, հետո ուզում են դրա կոմիքսը տեսնել կամ դրա գիրքը ունենալ, այդպիսի դեպքեր էլ ունենք»,– մանրամասնում է գրավաճառը։

200-ից մինչև 20 000 դրամ. մանկական գրքերի արժեքները տարբեր են։ Գրքի թանկ ու Էժանի մասին «Անտարեսի» տնօրենն իր գնահատումն ունի։

«Գիրքը ոչ թե թանկ է, այլ թանկ է մեր պատկերացումներից գրքի գնի մասին։ Որովհետև մենք չենք նախընտրում գիրքը, մենք նախընտրում ենք, օրինակ, սրճարանը, ոչ թե գիրքը»,– կարծում է Արմեն Մարտիրոսյանը։

Հրատարակիչներն ասում են՝ գիրքը հազվադեպ է իր իսկ ծախսը ծածկում։ Հայ հեղինակի հայալեզու գիրքն, օրինակ, պետք է առնվազն 500-1000 հատ վաճառվի, իսկ թարգմանված գիրքը՝ գոնե 5000 օրինակով, որ բիզնես տեսանկյունից արդարացնի ինքն իրեն։

Ինչ բովանդակություն կա մանկական պատկերներով գունեղ կազմից ներս՝ շարունակում է մտահոգիչ հարց մնալ։ Ու ստացվում է, որ երեխայի գրադարակի հիմնական խմբագիրը մնում է ծնողը։

Back to top button