Բնական ընտրություն

Ինֆրակարմիր լույսը և տեխնոլոգիաները․ ինչպե՞ս են օձն ու գորտը տեսնում մթության մեջ․ «Բնական ընտրություն»

Գլուխ 1

«Տեսանելի լույսի և կարճալիք ռադիոճառագայթման միջև ընկած սպեկտրային տիրույթը՝ սողունների դասին հասանելի միջավայր»

Այդ ճառագայթների հատկությունն օգտագործվում է աստղաֆիզիկական հետազոտություններում, լուսանկարչության բնագավառում, ինչպես նաև կիրառվում է լազերների ստեղծման մեջ։ Խոսքն ինֆրակարմիր ճառագայթների մասին է, որոնք որպես տեսանելի տիրույթ հասանելի չեն մարդու աչքին, փոխարենը հասանելի են ողնաշարավորների տիպի սողունների դասի թեփուկավորների կարգին, այլ կերպ ասած՝ օձերին։ Զրուցակիցս բիոինժեներ, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բջջի կենսաբանության և վիրուսաբանության լաբորատորիայի ավագ լաբորանտ Բագրատ Բաղդասարյանն է․

«Ինչպես ձայնային ընկալելի տիրույթ գոյություն ունի մարդու համար, այնպես էլ տեսանելիության շեմ գոյություն ունի ամենաստորին շեմը ինֆրակարմիր լույսն է, ամենավերին տիրույթը՝ ուլտամանուշակագույն ճառագայթների տիրույթն է, դրանից այն կողմ ալֆա, գամմա, բետա տիրույթներն են։ Բազմաթիվ սարքեր են այսօր ստեղծվել կատարյալ մթության պարագայում արտաքին միջավայրից ինֆորմացիա ստանալու համար, մարդուն անհասանելի տիրույթից, հիմնականում ռազմական նպատակներով, և այս ամենն ստեղծվել է բնության երևույթները ուսումնասիրելու արդյունքում»,- ասում է Բագրատ Բաղդասարյանը։

Ինֆրակարմիր ջերմային ճառագայթումը զգալու ունակությունը զարգացել է օձերի մի քանի տարբեր ընտանիքներում: Օձը ոչ միայն կարողանում է տեսնել մթության մեջ, այլ զգում է զոհի մամնի ջերմաստիճանի անգամ աննշան տատանումը․ բացարձակ մթության մեջ, եթե զոհի մարմնի ջերմաստիճանը փոխվի անգամ 0.1 աստիճանով, օձը կզգա․ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, դոցենտ Սամվել Ասատրյանին լսենք․

«Բնության այս  օրինակների վրա ստեղծվել են ջերմատեսիլ սարքերը, որոնք հետզհետե կատարելագործվում են։ Սրան հաջորդում է նաև բժշկության մեջ օգտագործվող ռենտգենյան ճառագայթների հայտնաբերումը։ Եվս մեկ անգամ կարելի է փաստել, որ մարդը ոչինչ չի հայտնաբերում, այլ փորձում է ընդամենը բացահայտել բնության գաղտնիքները»,-ասում է Սամվել Ասատրյանը։

Օձի աչքի շուրջ 1 միլիմետր տրամագծով խոռոչներ կան, որոնց պատերին կա թաղանթ․այդ թաղանթը պարունակում է ջերմընկալիչ բջիջների մատրիցա, ինչի շնորհիվ անգամ բացարձակ մթության մեջ օձը կարողանում է կողմնորոշվել ոչ թե շնորհիվ լույսի պայծառության, այլ զոհի մարմնի ջերմաստիճանն անգամ հեռվից, մոտ 200 մետրից անգամ զգալով․ Սամվել Ասատրյան․

«Օձի գլխում ջերմային պատկեր է ստեղծվում և նա կարողանում է կողմնորոշվել, թե որտեղ է զոհը։ Գորտերի պարագայում նույնն է։ Գորտը զոհի տեղը պարզում է ջերմազգայունության միջոցով»,-ասում է Սամվել Ասատրյանը։

Գլուխ 2

«Երկկենցաղների կարգը՝ Լունդի համալսարանի գիտնականների ուշադրության կենտրոնում»

Շվեդական հեղինակավոր Լունդի համալսարանի գիտնական Ալմուտ Քելբերը երկարատև ուսումնասիրություներ և փորձեր է իրականացրել երկկենցաղների դասի գորտերի ընտանիքին պատկանող տեսակների վրա։ Արդյունքում` գիտնականը պարզել է, որ բացարձակ մթության մեջ գորտերը տեսնում են զոհին։ Կենսաբան Նորայր Գաբրիելյանի խոսքով, այս հատկությունը կապված է գորտերի չափազանց ջերմազգայուն լինելու հետ․

«Գորտերն առանձնահատկություն ունեն՝ զգալ շրջակա միջավայրում մարմնի ջերմությունը, անգամ մթության մեջ, դրա համար են մութ վայրում լավ կողմնորոշվում։ Գորտերն այդպիսով հեշտ գտնում են զոհին, մթության մեջ ինֆրակարմիր լույսի շարժն էլ են տեսնում։ Օձը նույնպես ջերմազգաց է և նույն տրամաբանությամբ է գտնում իր զոհին»,-ասում է Նորայր Գաբրիելյանը։

Գորտերի ջերմազգաց համակարգն ուսումնասիրելու արդյունքում գերմանացի գիտնականներին հաջողվել է ստեղծել փոքր «աչք-ռոբոտ», որը ոչ միայն կարողանում է տեսնել և ընկալել ինֆրակարմիր լույսն ու մթության մեջ դրա պատկերը, այլև նույն կերպ ունի ջերմազգաց ընկալիչներ աչքի շուրջ, ինչպես գորտի և օձի պարագայում են։ Բիոինժեներ Բագրատ Բաղդասարյան․

«Գորտերի դեպքում գործում է գիշերային տեսողությանը նմանվող մի համակարգ, թեպետ կենդանիների դեպքում դժվար կլինի նման ձևակերպում անել, որովհետև իրենց դեպքում համակարգն իսկապես կատարյալ է։ Այս պարագայում, եթե խոսում ենք ջերմային սպեկտորի մասին, պետք է հիշատակենք նաև բուերին, որոնք անգամ բացարձակ մթության մեջ, և օրինակ ձյան պայմաններում կարողանում են գտնել իրենց կրծող զոհին` անգամ ձյան շերտի տակ»,- ասում է Բագրատ Բաղդասարյանը։

Ինֆրակարմիր լույսը նկատող լազերները ստեղծվել են հենց օձի և գորտի ջերմազգաց ընկալիչների ուսումնասիրությունների արդյունքում։ Բարդ է տեխնոլոգիական այս կամ այն ձեռքբերումն անվանել հայտնագործություն․ չէ՞ որ դրանց նախատիպը վաղուց գոյություն ունի կենդանական կամ բուսական աշխարհում։

Back to top button