ԿարևորՔաղաքական

Խաղաղության ուղերձ․ ՀՀ ԱԳ նախարարի այցը Վրաստան

Ուկրաինայում ընթացող պատերազմը հարավկովկասյան տարածաշրջանում նոր էսկալացիայի մեծ ռիսկեր է առաջացրել։ Վրաստանում կարծում են, որ Հայաստանի արտգործնախարարի այցը Վրաստան խաղաղության ուղերձ է պարունակում՝ հակամարտություններով լի մեր տարածաշրջանը հեռու պահել նոր պատերազմներից։

Վրացի կոնֆլիկտաբան Գիորգի Կանաշվիլին «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել է՝ աբխազական խնդիրը ռազմական լուծում չունի, սակայն այսօր Արցախում տիրող իրավիճակը խիստ մտահոգիչ է․

«Տրամաբանական եմ համարում այս պահին Հայաստանի արտգործնախարարի այցը Թբիլիսի։ Վրաստանն այն երկրների շարքում է, որոնք փորձում են նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Հնարավոր է նաև, որ ՀՀ արտգործնախարարը նոր ուղերձ է բերել Թբիլիսի»:

«Այսօր տարածաշրջանին խաղաղություն է պետք, և կարծում եմ պաշտոնական Երևանի ուղերձը խաղաղությունն է»,-ասում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արչիլ Սալուկվաձեն։ Ըստ նրա՝ տարածաշրջանում վտանգ կա․ ռուս-ուկրաինական պատերազմը հնարավոր է նոր ճակատներ բացի։ Ասում է՝ ակնհայտ է, որ Ղարաբաղում հիմա տեղի ունեցողը ուղիղ դրա հետևանքն է․

«Վրաստանի և Հայաստանի ներկայացուցիչների գլխավոր ուղերձը խաղաղությունն է մեր տարածաշրջանում՝ ինչպես պահպանել խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում»։

Հայաստանի արտգործնախարարը վերջին անգամ Թբիլիսի է այցելել 2021-ի սեպտեմբերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում։ Վրացի գործընկերոջ հետ հանդիպմանը կարևորել էր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ Վրացական կողմը դա երկկողմ համագործակցության ընդլայնման նոր հնարավորություն էր համարել։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարաիբաշվիլին հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ Փաշինյանը Վրաստան է եկել նոր գաղափարներով, որոնք ուղղված են տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը։ Արտգործնախարար Դավիթ Զալկալիանին էլ ընդգծել էր․ «Շատ կարևոր է մեր համատեղ ներգրավումը ենթակառուցվածքային ու տրանսպորտային ծրագրերում»։

Հայ-վրացական հարաբերությունները զարգացման ամենաբարձր մակարդակում են․ անցյալ տարեվերջին Թբիլիսիում շեշտեցին Վրաստանի և Հայաստանի ղեկավարները։

Վրացի տնտեսագետները նշում են, որ Հայաստանն ու Վրաստանը տնտեսական հարաբերությունների ամենատարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությունն առավել ընդլայնելու մեծ ներուժ ունեն, երկու հարևանները առևտրային կարևոր գործընկերներ են։

Հայաստանն ու Վրաստանը նշում են դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Դավիթ Զալկալիանին այսօր հանդիպմանը դրական են գնահատել երկկողմ բարձր մակարդակի շփումների դինամիկան, քննարկել են նաև Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու Վրաստանի վարչապետի նախաձեռնությունը, ինչպես նաև տարածաշրջանային նոր մարտահրավերները։

Արարատ Միրզոյան անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժմանը, ներկայացրել է նաև հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը:

Ցուցադրել ավելի
Back to top button