ԿարևորՀասարակություն

«Գազպրոմը» հակադրվում է ադրբեջանական «Ազերիգազին»

Մարտի 28-ին վերսկսվել է Արցախի գազամատակարարումը Հայաստանից մտնող միակ գազատարով։ Մարտին Ադրբեջանը երկու անգամ երկար ժամանակով խափանել էր բնական գազի մուտքն Արցախ՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամային իրավիճակ։

Ադրբեջանի հումանիտար ահաբեկչությունն արժանացել է միջազգային հանրության խիստ քննադատության, հնչեցվել են գազամատակարարման վերականգնման բազմաթիվ կոչեր, հաջորդել են քաղաքական և դիվանագիտական քայլեր։ Մեծ է նաև ռուս խաղաղապահ առաքելության դերակատարությունը։  

Ո՞վ է պատասխանատու Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարի անխափան աշխատանքի համար։ Հարցը շարունակում է արդիական մնալ։ Ադրբեջանը մարտի 8-ից երկու անգամ խափանել էր բնական գազի մուտքն Արցախ՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամային իրավիճակ։ Ավելի ուշ շրջանառվեց տեղեկատվություն, որ ադրբեջանական կողմը նախ պայթեցրել է գազատարը, ապա վերանորոգման աշխատանքների քողի տակ  տեղադրել փական, որի միջոցով էլ մարտի 18-ին  շատ կարճ ժամանակով վերականգնել էր, ապա ժամեր անց կրկին դադարեցրել էր մատակարարումը։

«Ռադիոլուր»-ը հարցմամբ դիմել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ հստակեցնելու  Հայաստանից Արցախին գազի մատակարարման եւ վթարված գազատարի հետ կապված մի շարք հարցեր։

Պատասխան նամակում ընկերությունից արձագանքել են.

Արցախի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գազիֆիկացված բնակավայրերի գազամատակարարումն իրականացնում է  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։ Արցախի Հանրապետությունում գազատարի վթարի հետ պատճառով, անվտանգության նկատառումներով և տեխնիկական հանգամանքներով պայմանավորված,  բնական գազի մուտքը ժամանակավորապես ընդհատված էր, ներկայում արդեն վերականգնված է։  

Այլ մեկնաբանություն «Գազպրոմից» չեն տրամադրել։ Պատասխանել են՝ իրենք տնտեսվարող սուբյեկտ են հստակ գործառույթներով, ուստի արդբեջանական սադրանքների մասով արձագանքելն իրենց իրավասության շրջանակից դուրս է։ Բայց պատասխանի մի նախադասությամբ փաստացի կա հստակ արձագանք՝ Արցախին գազի մատակարարն իրենք են։ Այդպիսով «Գազպրոմը» փաստացի հակադրվում է  ադրբեջանական «Ազերիգազ»-ին, որն իր հայտարարությամբ հանդես էր եկել գազի մատակարարի հնարովի դիրքերից։

Իր հերթին «Արցախգազն» այսպես էր արձագանքել․

Բնական գազն Արցախ մտնում է միայն  մեկ գազատարով՝ Հայաստանից։ Ուստի ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունը կամ դրա դուստր ընկերություն «Ազերիգազ»-ը որևէ առնչություն չեն կարող ունենալ Արցախի գազամատակարարման հետ։ Դա տեխնիկական ու աշխարհագրական առումով էլ է բացառվում։

Դեպի Արցախ գազատարը վթարվել էր Լիսագոր-Շուշի հատվածում, արցախցի սակրավորները փորձել էին վթարի տեղանքն ականազերծել  վթարավերականգնողական աշխատանքների նպատակով, սակայն ադրբեջանցիներն արգելել էին մոտենալ: Արցախի տարածքային կառավարման նախարարության հայտարարության համաձայն` ռուս խաղաղապահներն են բանակցել, որպեսզի հայկական կողմը կարողանա մտնել վթարի վայր։ Դրանով Ադրբեջանը ձգտում է արցախահայության համար ոչ բարենպաստ պայմաններ ստեղծելով` իրականացնել Արցախի հայաթափման ծրագիրը` «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանը։

Փորձագետը հիշեցնում է. «Դեպի Արցախ գազատարն անցնում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված հայկական վերահսկողության  տակ գտնվող տարածքով։ Հայտարարության 6-րդ կետով հստակ նշված է, որ  Լաչինի միջանցքը` 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում՝ շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Գազամուղն անցնում է հենց այդ միջանցքով։ Բայց քանի որ ժամանակին չեն պնդել, որ 5 կմ լայնությունից ավելի չմոտենան ադրբեջանցիները, նրանց հաջողվել է փաստացի վերահսկողություն սահմանել այդ գազամուղի վրա։ Սա անօրինական քայլ է և փաստացի հակասում է հայտնի հայտարարությանը։ Գործում է ուժի իրավունքը, և Ադրբեջանը, խախտելով եռակողմ  հայտարարությունը, փորձում է այդ դիրքերից պայմաններ թելադրել ցանկացած պահի ուզածը անելու, Արցախը հայաթափելու համար»։ 

«Ռադիոլուր»-ի զրուցակից Արմեն Մանվելյանը շեշտում է՝ Ադրբեջանը չի փոխել իր մոտեցումները, չի վերանայել իր ծրագրերը, պարբերաբար դիմում եւ դիմելու է տարբեր սադրանքների`  խնդիրներ ստեղծելով  նաեւ ռուս խաղաղապահների համար, դժգոհություն առաջացնել նրանց հանդեպ։ Ամեն դեպքում միջանցքի պահպանումը ռուսական կողմի պարտավորությունն է՝ շեշտում է փորձագետը։ 

«Այլ բան է, որ գործընթացում ակտիվորեն պետք է ներգրավված լինեն թե Արցախի, և թե Հայաստանի իշխանությունները։ Թե Ստեփանակերտը, թե Երևանը պետք է պահանջատեր լինեն խաղաղապահների գործառույթների լրիվ իրականացման հարցում։ Անհրաժեշտության դեպքում պետք է տվյալ խնդրահարույց տարածքը շրջանցող խողովակաշար կառուցվի։ Դա դժվար չէ, այդ հնարավորությունը կա, եւ խողովակաշարը պետք է անցնի ռուսական վերահսկողության տակ գտնվող հատվածով»։ 

Ադրբեջանի թշնամական գործողությունների հետևանքով մոտ 20 օր Արցախը զրկված էր գազից, ինչը լուրջ խնդիրներ էր առաջացրել թե՛ բնակչության, թե՛ տնտեսության համար։  Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը մարտի 24-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել միջանկյալ հրատապ միջոց կիրառելու մասին պահանջ ընդդեմ Ադրբեջանի։ Հայկական կողմը կոնկրետ ապացույցներով ամրագրված փաստեր է ներկայացրել այդ թվում և խափանված բնական գազի մատակարարման մասով։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել  գործընթացի նպատակի վերաբերյալ։ 

«Նպատակն է Ադրբեջանի կողմից այս պահին Արցախի հայության նկատմամբ իրականացվող գործընթացները, որոնք կարող են հանգեցնել հիմնարար իրավունքների խախտման և նաև ունեն անդառնալի կորստի ռիսկ, կասեցվեն Եվրոպական դատարանի միջանկյալ միջոց կիրառելու որոշմամբ։ Հայկական կողմը կոնվենցիաներով նախատեսված մեխանիզմները առավելագույնս օգտագործում է, այլ հարց է, թե դատարանը ինչ մոտեցում կդրսևորի և ինչ որոշում կկայացնի»։

Իր հերթին Արցախի արտգործնախարարությունը մարտի 29-ի հայտարարությամբ, նշելով, որ վերսկսվել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարով, անթույլատրելի ու անբարոյական է որակել  մարդասիրական խնդիրների քաղաքականացումը` շեշտելով` ցանկացած նման փորձ մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին։

Back to top button