Վերնատուն

Երբ արվեստը սկսում է աշխատել «անհարմարավետության» հետ․ «Վերնատուն»

Արվեստագետ, «ԱրտլաբԵրևան» ստեղծագործական խմբի անդամ Գագիկ Չարչյանը մեկնաբանում է արվեստի, արդիականության, ժամանակի փոխհարաբերությունները, քաղաքական և ապաքաղաքական արվեստը։

Թվային իրականությունը անխուսափելիորեն ներգրավված է ստեղծագործության եղանակների, դրանց տարածման, վերարտադրման եղանակների մեջ՝ ասում է արվեստագետը։

Նա մեկնաբանում է դասավանդողի դիրքերից․ «Դրանք փոխում են նաև մտածողությունը։ Ես սովորեցնում եմ ոչ թե առարկան նկարել, այլ կարողանալ տեսնել՝ օրգանները սինխրոնիզացնել, նայելու, մտածելու, ձեռքով աշխատելու և զգալու հմտությունները զարգացնել։ Տեխնոլոգիան գործիք է, որին ցանկացած պարագայում կարող ես տիրապետել։ Դրանք անհրաժեշ են, բայց նաև՝ իներտ»։

Ինչպե՞ս է արվեստը մեկնաբանում իրականությունը․ «Այն իրականությունը, որի հետ ես աշխատում եմ, աշխարհը ցանցային է դիտարկում, – մեկնաբանում է արվեստագետը։ «Արվեստը իրականությունը մեկնաբանելու խնդիր չունի։ Այսսօրվա արվեստը, ինչը մենք համարում ենք ակտուալ, դրսևորվում է էթիկական տեսակետից, երբ արվեստագետը փորձում է ինքը սահմանել էթիկական ու բարոյական նորմերը, երբ ունի դիրքորոշում՝ որոշակի խնդիրների հետ կապված․ սա ինձ համար միանշանակ քաղաքական դիրքորոշում է»։

Գագիկ Չարչյանն ասում է, որ ճգնաժամային իրավիճակներում արվեստը քաոսը վերաձևակերպելու, կազմակերպելու գործառույթ ունի, քանի որ հենց այդ իրավիճակներում է կարևոր արմատապես վերանայել կյանքը։ Կյանքը փոխվում է և պետք է ամեն ինչ նորից վերամտածել։ Արվեստը վաղուց դեմոկրատիզացվել է և հատուկ ակադեմիական հմտություններ ունենալու տիրույթից դուրս է այլևս։ Խոսելով «Արտլաբ»-ի մարզային գործունեության մասին՝ Գագիկ Չարչյանը նկատում է, որ հեռավոր շրջաններում մշակույթի մասին պատկերացումները հաճախ ավտորիտար են և կարծրացած։

Եվ հանրային տարածքները երբեմն հասանելի չեն, քանի որ դեռ կան «հեղինակավոր» մարդիկ, որոնք իրենք են որոշում արվեստագետը երբ, ինչ և որտեղ ցուցադրի։ «Քաղաքակրթական առումով արվեստը դնում է նման հարց․ բոլոր հանրային տարածքները դեմոկրատիզացնել և հասանելի դարձնել բոլորին, նույնիսկ գովազդային վահանակները և դա ոչ թե լինի միայն կապիտալիստական աշխարհի մենաշնորհը»։

Հնարավո՞ր է լիարժեք ստեղծագործել, երբ ժամանակները «անհարմար» են։ «Եթե ժամանակներն անհարմար են, ուրեմն արվեստը սկսում է աշխատել անհարամարավետության հետ։ Արվեստի նյութը դառնում է հենց այդ անհարամարավետությունը։ Արդի ժամանակներում արվեստը ինքն իրեն միշտ ձևակերպելու խնդիր ունի, և եթե խնդիր է դարձնում ու հարցադրում ինքն իրեն, ուրեմն՝ այն կարող է խնդիր դարձնել և հարցադրել ցանկացած երևույթ։ Անհարամարավետ ժամանակը շատ լավ նյութ է արվեստի համար», – ասում է արվեստագետը։

Back to top button