ԿարևորՔաղաքական

Փառուխի «թնջուկը»․ հստակ մեղավոր, չավարտված քննություն

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը գոհունակությամբ արձանագրում է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հստակ գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ դա հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի: Արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ նաեւ շեշտվում է՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ բանակային ստորաբաժանումները հետ քաշելու կոչ է ուղղել ադրբեջանական կողմին: Այսուհանդերձ, ՀՀ ԱԳՆ-ն ստիպված է նաեւ արձանագրել, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի  խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է։

Հրապարակված քարտեզ՝ տարածված հաղորդագրությունից հետո․ Հայաստանի արգործնախարարության տարածած փաստաթղթում հստակ երեւում է՝ մարտի 24-ի համեմատ մարտի 28-ին արդեն ադրբեջանական 3 «դիտարկման» կետ է հայտնվել ռուսական խաղաղապահության պատասխանատվության գոտում։ Խոսքը՝ Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի շրջակայքի մասին է, մինչդեռ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի տեղեկագրում նախօրեին ներկայացվել էր, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմն իր զորքերը դուրս է բերել նշված տարածքից։ Այս հաղորդագրությունը, սակայն, հերքել էր հենց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իսկ հաջորդիվ արձագանքել է ՌԴ նախագահ Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։  

«Այս հարցը պետք է տալ մեր զինվորականներիննրանք կապի մեջ են ադրբեջանական և հայկական կողմերի հետ։ Հիմա կարևոր է շարունակել կատարել համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածությունները»։

Ո՞վ և ինչպե՞ս է այս անգամ խախտել պայմանավորվածությունները՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն է ներկայացնում․

«Մի բան հստակ է՝ նոյեմբերի 9-ի այն դիրքերը, որոնցում կանգնել էին, այդ դիրքերը խախտվել են թե գյուղի (Փառուխ-խմբ․), թե բարձունքի (Քարագլուխ-խմբ․) ուղղությամբ։ Կարծում եմ՝ բոլոր կողմերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ադրբեջանական զինվորները վերադառնան իրենց ելման դիրքեր։ Սա շատ հստակ է»։

Ռազմաքաղաքական փորձագետ Արեգ Քոչինյանը Հանրային ռադիոյի եթերում բացահայտել է եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի ձեռնարկած իրական քայլերը․

«Ադրբեջանն, ըստ էության, բավականին լուրջ «ձմեռային կամպանիա» է իրականացրել։ Այս ձմեռային փուլում Ադրբեջանը Հայաստանի և Արցախի հետ նոր սահմանների երկայնքով կառուցել է մոտ 20 նոր ռազմական բազա և 100-ից ավելի ամրացված դիրքեր՝ բետոնապատ, ծանրակշիռ միավորներ։ Սա վկայում է, որ Ադրբեջանը պատրաստվում է, շատ լուրջ է պատրաստվում, բայց այսպիսի լայնամասշտաբ ծրագրեր չեն անում, երբ պատրաստվում են խաղաղության։ Սա անում են, երբ պատրաստվում են կամ ռազմական գործողությունների, կամ շանտաժի, կամ ցանկացած հարմար իրավիճակում ինչ-որ հավելյալ բան «պոկելու»։ Հիմա ռուսները խառն են՝ Արցախում ինչ-որ բան «պոկեն», երբ Հայաստանում ինչ-որ խառը վիճակ լինի՝ Հայաստանից արդեն ինչ-որ բան «պոկեն»։ Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը «խաղում» է այլևս այս «խաղը»»։

Խորհրդարանի մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ այս պահին գործադրված է դիվանագիտական ողջ ներուժը․ աշխատում են միջազգային բոլոր գործընկերների հետ, պարբերաբար ներկայացնում են իրավիճակը Արցախում։

Բայց առաջնային հարցերն ուղղված են Ռուսաստանին․ «Պատշաճ քննություն ենք ակնկալում խաղաղապահների գործողությունների և Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։ Այս պահին զերծ կմնամ մեկնաբանություն և կարծիք հայտնելուց, քանի որ պատշաճ քննությունը դեռ ավարտին չի հասել։ Չեմ ցանկանում ավելի խտացնել գույները եղածից, ամեն դեպքում գործողությունները տեղի են ունեցել խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքում և, բնականաբար, առաջին հերթին հենց այդտեղ կանգնած զորախմբի գործողությունների մասին են մեր դիտարկումները։ Տարիներ շարունակ տեսել ենք, թե ինչ սադրանքների կարող է դիմել Ադրբեջանը, և այսօր էլ աշխարհաքաղաքական այս փխրուն իրավիճակում փորձ է արվում որոշակիորեն օգտվել իրավիճակից։ Մենք էլ պետք է զգոն լինենք, միասնական և աշխատենք մեր միջազգային գործընկերների հետ, թույլ չտանք, որ խոսակցությունը փակվի, որովհետև եթե չկա խոսակցություն, սկսվում են կրակոցներ։ Մեր նպատակն է, որ Հայաստանի և Արցախի շուրջ կրակոցներ չլինեն»։

Խորհրդարանական ընդդիմությունից «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայկական կողմի հիմնական սխալներից մեկը համարում է ի պատասխան խաղաղապահների առաջարկի՝ Փառուխ գյուղից զորքերի հետքաշումը։ Պաշտպանության նախկին նախարարն ասում է՝ հայկական զորքերը Փառուխից չպետք է հետ քաշվեին, քանի դեռ ադրբեջանցիները հետ չէին քաշել։

Սեյրան Օհանյանի ներկայացմամբ՝ ադրբեջանական քայլերի նպատակն այս փուլում միայն Արցախի հայաթափումը չէ․ «Նա փորձելու է այդ ժամանակահատվածում նաև ստորացնել կամ նսեմացնել ՌԴ խաղաղապահ ուժերի դերակատարությունը, և այդ հարցում լուրջ խնդիր ունի ՌԴ ղեկավարությունը և նրանց ԶՈՒ ղեկավարությունը։ Երկրորդը՝ յուրաքանչյուր երկիր ինքը պետք է կարողանա իր անվտանգությունը ապահովել»։  

Փառուխի իրադարձություններից հետո Հայաստանի արտգործնախարարությունը առաջին անգամ արձանագրել է հասցեական մոտեցում միջազգային կառույցների կողմից․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հստակ գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով՝ դա ադրբեջանական զորքերի շարժի հետևանք է»,-ասվում է։

ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահներից ամերիկացի դիվանագետ Ջեյմս Ուորլիքի կարծիքով՝ ուկրաինական դեպքերի պատճառով Վաշինգտոնը չպետք է անտեսի զարգացումները ԼՂ կամ մեկ այլ հակամարտության շուրջ։ Մեծ երկիր ենք և կարող ենք դիտարկել բազմաթիվ հակամարտություններ ողջ աշխարհում՝ «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ասել է ՄԽ նախկին համանախագահը․

«Մենք նաև պետք է կոչ անենք ռուսական կողմին պատասխանատվություն դրսևորել ԼՂ-ում թե խաղաղության պահպանման, թե հակամարտության կարգավորման իրենց պատասխանատվության հարցում։ Եթե ՄԽ-ն չի կարող կատարել իր աշխատանքը, ապա միջազգային հանրությունը, հավանաբար, ԵԱՀԿ-ն պետք է առաջ շարժվի և պատասխանատվություն ստանձնի ԼՂ-ում առկա բազմաթիվ խնդիրներում։ Այն, ինչի ականատեսն ենք այսօր ԼՂ-ում, միջանկյալ զարգացում է, որը չի կարող տևական լինել։ Կարծում եմ, որ ներկայիս ռազմական գործողությունները դրա վառ ցուցանիշն են։ Անհրաժեշտ է համաձայնություն, որն ընդունելի կլինի կողմերի համար։ Այն կարող է երկարաժամկետ խաղաղություն և անվտանգություն ապահովել տարածաշրջանում, և դա տեղի չի ունենա միայն Ռուսաստանի միջոցով»։

Հաշվի առնելով Ուկրաինայի հարցում ԵԱՀԿ ՄԽ միջնորդ երկրների տարաձայնությունները՝ միջազգային վերլուծաբաններն այսօր հավանական են համարում, որ խմբի երկրները որպս միջնորդ առանձին-առանձին ակտիվանան կամ էլ խոսում են ընդունելի նոր ձևաչափի մասին, ասենք, ԵՄ դերակատարության մեծացում՝ միջնորդական գործընթացում։  

Back to top button